Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանի խօսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը բենզինի գնի անկումը, որպէս կառավարութեան ձեռքբերում է ներկայացնում եւ ներառում իր «փաստերի» մէջ, քանի որ կարծում է, որ հասարակութեան մի ստւար զանգւած չգիտի, թէ ինչպէս է բենզինի գինը գոյանում, իջնում կամ բարձրանում:
«alikonline.ir» - Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանի խօսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը բենզինի գնի անկումը, որպէս կառավարութեան ձեռքբերում է ներկայացնում եւ ներառում իր «փաստերի» մէջ, քանի որ կարծում է, որ հասարակութեան մի ստւար զանգւած չգիտի, թէ ինչպէս է բենզինի գինը գոյանում, իջնում կամ բարձրանում: Նա Tert.am-ի հետ զրոյցում նկատեց՝ դա փորձագիտական դաշտն է ընկալում, բայց ամենայն հաւանականութեամբ, Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ իր ընտրազանգւածը հեռու է նման գիտելիքներից:
«Նիկոլ Փաշինեանը փորձել է մանիպուլեացիա անել, ասել, որ ինքն է իջեցրել բենզինի գինը, եւ դա իր ձեռքբերումն է»,- նշեց նա:
Նշենք, որ իր առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին», որպէս ձեռքբերում ներկայացրեց այն, որ նախորդ տարւայ այս ամսւայ համեմատութեամբ բենզինի գինը նւազել է 38 տոկոսով՝ 420 դրամից հասնելով 280 դրամի։
Արմէն Մանուէլեանի խօսքով՝ շատ տխուր փաստ է, որ երկրի ղեկավարը նման վերաբերմունք ունի իր ընտրողների եւ իր քաղաքացիների նկատմամբ: «Փորձում է այն երեւոյթները, որոնց վրայ Հայաստանը եւ ինքը ընդհանրապէս որեւէ ազդեցութիւն չունեն, ներկայացնել որպէս իր ձեռբերում: Հայաստանը ոչ մի կերպ չի կարող ազդել բենզինի գնի ձեւաւորման վրայ»,- ասաց նա:
Արմէն Մանուէլեանը պարզաբանեց, թէ ինչպէս է տեղի ունեցել բենզինի գնակման գործընթացը: «Բենզիզնի գինը կախւած է նաւթից: Յունւար ամսին նաւթի գինը 60 դոլար էր, ապրիլին WTI նաւթի միջին գինն իջաւ, հասավ 0-ի: Նաւթային շուկան կոլապսի մէջ էր, եւ մարդիկ նաւթ չէին գնում, նաւթի առաջարկն աւելի շատ էր, քան պահանջարկը: Այդ պայմաններում հում նաւթից արտադրւող բոլոր վառելիքների գները իջան, իսկ աշխարհում արտադրւող նաւթի 80 տոկոսը վերամշակւում է որպէս բենզին: Այսինքն՝ նաւթի գների անկումը յանգեցրեց նրան, որ բենզինի գներն իջան»,- ասաց նա:
Արմէն Մանուէլեանը նորից ընդգծեց՝ վարչապետի կողմից համաշխարհային շուկայում տեղի ունեցողը որպէս իր անձնական ձեռբերում ներկայացնելը ծիծաղելի է:
Ընդհանուր առմամբ անդրադառնալով նաւթային շուկայում տիրող վիճակին՝ վերջին օրերին նկատւող նաւթի գների աճին, փորձագէտը նշեց, որ շուկայում գների կայունացման վրայ մի քանի գործօն կարող է ազդել.
«Հիմա նաւթի գինը բորսաներում գնահատւում է 30 դոլար, բայց դա այս պահին չի վաճառւում: Բորսաներում վաճառւում է ֆիւչերսային նաւթ: Օրինակ՝ Լոնդոնի բորսայում այսօր վաճառւում է յուլիս ամսւայ նաւթը՝ 32 դոլար, Նիւ Եօրքի բորսայում այսօր վաճառւում է յունիս ամսւայ նաւթը եւ գնահատւում է մօտ 29 դոլար: Որքան շուտ տնտեսութիւնները սկսեցին աշխատել, այնքան շուտ նաւթի գինը կաճի»,- ասաց նա:
Նաւթի գնաճի վրայ ազդող միւս գործօնը, ըստ Արմէն Մանուէլեանի՝ նաւթի արդիւնահանման ծաւալների կրճատումն է: «Մայիսի մէկից սկսած՝ նաւթի արդիւնահանումն է կրճատւել: ՕՊԵԿ+-ի երկրները՝ Սաուդական Արաբիան, Ռուսաստանը եւ նրանց շուրջ համախմբւած երկրները, կրճատել են նաւթի արդիւնահանումը: Սա, իհարկէ, կազդի նաւթի գնաճի վրայ: Իհարկէ, սպասելը նաեւ, որ նաւթի գինը կը դառնայ 60 դոլար, անիմաստ է: Մոօտ ժամանակներս այդ գնին չի վերադառնայ, բայց որոշակի գնաճ կը լինի»,- ասաց նա:
Այսօր ֆիւչերսային բորսաներում նկատւող նաւթի գնաճը, ըստ նրա, կարելի է համարել նաեւ աշխարհում նկատւող տնտեսական ակտիւութեան արդիւնք: «Եթէ յունիսի համար նման գնով նաւթ են վաճառում, ուրեմն հաշւի են առնում, որ յուլիսին արդէն տնտեսութիւնը դուրս կը գայ այս կոլապսային վիճակից: Ամենաշատ նաւթ օգտագործող երկիրը Չինաստանն է, եւ այն արդէն յայտարարում է, որ յաղթահարել է խնդիրները: Շատերը յոյս ունեն, որ Չինաստանի տնտեսութեան աշխուժացումը կը բերի նաեւ նաւթի գնի աճին»,- ասաց նա:
ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ