Հա

Համայնք

21/05/2020 - 11:50

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Մեշափարա գաւառակի Միքիդի գիւղում

Ատրպատականի հայոց թեմի նախապէս մեծաթիւ հայերով բնակւած շրջաններից են եղել Ղարադաղի հինգ գաւառակները, որտեղ մինչեւ օրս հայաբնակչութեան հետքեր են նշմարւում՝ յատկապէս գերեզմանաքարեր, որոնք մեր նախնիների աճիւններ են ամփոփում իրենց ներքեւ:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի նախապէս մեծաթիւ հայերով բնակւած շրջաններից են եղել Ղարադաղի հինգ գաւառակները, որտեղ մինչեւ օրս հայաբնակչութեան հետքեր են նշմարւում՝ յատկապէս գերեզմանաքարեր, որոնք մեր նախնիների աճիւններ են ամփոփում իրենց ներքեւ: Եկեղեցիների, գերեզմանատների եւ ազգային կալւածների մասին իր ուսումնասիրութիւնները ամբողջացնելու նպատակով, թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, չորեքշաբթի 20 մայիս 2020 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ գաւառներից Մեշափարա գաւառակը, որտեղ գոյութիւն ունի Միքիդի անունով գիւղը իր հայկական վաղեմի գերեզմանատան տարածքով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Մեր ձեռքում գտնւող 16-րդ դարի մէկ ցուցակ, որը ներկայացնում է մէկ անւանացանկ Ղարադաղի 44 գիւղերի, անշուշտ դրանց տրւած հին անուններով, որոնք ներառւում էին Սիւնեաց Աթոռի՝ Տաթեւի վանքի 14 գաւառներում գտնւած գիւղերի շարքում: Կալւածային ընդարձակ հարստութիւն ունեցող այս վանքը, իրեն պատկանող գաւառներից «նւէրներ» էր ստանում, պահպանելու համար իր գոյութիւնը եւ իրագործելու համար իրեն վստահւած կրօնական հաստատութիւն ու գիտական ուսումնարան լինելու առաքելութիւնը:

Բնականաբար դժւար էր լինելու շուտով գտնել արդէն 507 տարիներից յետոյ դրա անւան համապատասխան անունը կրող մէկ գիւղ, սակայն ինչպէս այլ դէպքերում, այս գիւղի պարագային եւս, բարեբախտաբար հին անունը ամբողջովին չի՛ վերացւել, այլ աղաւաղւել կամ այլափոխւել է:

Վերոյիշեալ ցուցակում, 20 մայիս 2020 թ.-ին մեր այցելած Միքիդի գիւղը Մեշափարա գաւառում, յիշւում է իբրեւ Մաքուդի: Ուրեմն, ամբողջովին չի՛ այլափոխւել անունը, կամ չի՛ փոխարինւել նոր անւամբ, այլ միայն աղաւաղւել է փոքր ինչ:

 

Միքիդի գիւղն այսօր

Ղարաղաղում մեր հետազօտական աշխատանքներին կամաւորաբար ընկերակցողներից մէկի ծանօթը Միքիդի գիւղից լինելուն, յաճախ նրա հետ խօսք է եղել Ղարադաղի նախկին հայահոծ գիւղերի մասին: Այս զրոյցների ընթացքում, նոյն անձը յայտնել է, որ իրենց գիւղից վերեւ գոյութիւն ունի մէկ հարթավայր, որը դարեր առաջ հայկական գերազմանատուն է եղել: Նա սիրով է խոստացել, որ անպայման մէկ օր իրենց գիւղ երբ այցելէինք, մեզ ցոյց կը տար այս վայրը:

Կէսօր էր երբ հասանք Միքիդի: Գիւղը հեռւից դիտողի համար, սարսափազդու բնութիւն էր ներկայացնում, որովհետեւ լեռան հարթավայրում գտնւելու լաւ դիրքի կողքին, այն յայտնւում է նաեւ ձորի շուրթին: Մանկական երազներից ընդոստ արթնացող երեխաների նման, յանկարծ բարձունքից ցած ընկնելու վախը կը զգայ հեռւից Միքիդիին նայող մարդը:

Դարերի ընթացքում իր անտառային ծառերից մաքրւած եւ լեռների փէշերը վարելահողերի վերածած Միքիդին, երկրի վրայ մէկ դրախտավայր է, վերեւ ունենալով կապոյտ երկինքը, եւ հարեւան լեռներում՝ անտառախիտ ծառեր: Ցանքը աստիճանաբար գիւղից բարձրանում է կողքի սարը, իսկ գիւղից ցած՝ մինչեւ ձորի բերանը:

Հողաքանդ անհարթ մակերեսով եւ դժւարանցանելի նեղ ճանապարհով հասանք գիւղ: Հողածածկ եւ լեռնային անտաշ քարերից կառուցւած գիւղական փոքր հիւղակների կողքին, երկյարկանի տներ եւս կառուցւել են վերջին տասնամեակին, ինչպէս տեղեկացրին մեզ, օրւայ այդ ժամում իրենց տան ցածր ցանկապատի վրայ նստած մի քանի կանայք եւ երիտասարդներ, որոնք նոյն այգում հողամշակութեամբ էին զբաղւած:

Մինչեւ մեզ իր գիւղը հրաւիրած երիտասարդին յայտնւելը, մենք գիւղի փողոցներով յառաջացանք, ստուգելու համար այն նախնադարեան միջավայրը, որի մէջ մինչեւ 21-րդ դար, դեռեւս յամենում են մնալ կենցաղային նւազագոյն պայմանները եւ այն գիւղական համեստ կեանքը, որը ներկայ յառաջադէմ դարում ապրող մարդու համար ընդհանրապէս անկարելի է իբրեւ ապրելակերպ պատկերացնել:

Մեզ շրջապատող գիւղացիները յայտնեցին, որ մէկ քանի տարի առաջ ելեկտրական հոսանք են ունեցել, շնորհիւ Իսլամական Հանրապետութեան հոգածու վերաբերմունքին. «Շահի ժամանակ մեր գոյութիւնն էլ իմացող չկար այս լեռներում, որտեղ հայկական գիւղերի հարեւանութեամբ ապրել են մեր հայրերը եղբայրաբար», ասում էր ծերունի մէկ մարդ, գետնի քարի վրայ կուչ եկած, մեծ հատիկներով համրիչի թխթխկոցը լսելի դարձնելով բոլորիս:

Ծերունին հաճոյքով էր պատասխանում մեր հարցերին եւ հաւաստիացնում, թէ այս վայրում, որը Միքիդիի նոր գիւղամասն է, չկայ հայկական որեւիցէ հետք՝ եկեղեցու աւերակ եւ նոյնիսկ գերեզմանատուն կամ շիրմաքար: Նոյնիսկ հնագոյն տների աւերակները նա ներկայացնում էր իբրեւ յետհայկական ժամանակւայ կառոյցներ: Իրաւունք ունէր նա, որովհետեւ 18 դարից յետոյ մենք Միքիդիում հայկական ներկայութեան մասին չենք կարդում, իսկ Միքիդիի գերեզմանատունը 120 եւ աւելի տարիների պատմութիւն ունենալով, միշտ յիշւել է իբրեւ «հնադարեայ» գերեզմանատուն:

Նոր գիւղամաս ասելով, ծերունին բացայայտում էր այն, թէ Միքիդին շուրջ երկու հարիւր տարի առաջ իր հայ բնակչութեամբ, այս վայրում չի՛ եղել, այլ գիւղի հիւսիս-արեւմտեան կողմում, լեռան կողին, «որտեղ եւ գտնւում է նրանց գերեզմանատունը», շեշտեց նա:

 

Միքիդիի տեղաշարժը

Ղարադաղեան մեր հետազօտական արշաւների ընթացքում, մենք արդէն ընտելացել էինք այն գաղափարի հետ, որ հայկական գիւղեր յաճախ են տեղափոխւել մէկ սարից միւսը, կամ նոյնիսկ հայ գիւղացիներ խմբովին Արաքսն են հատել, հաստատւելով Ղարաբաղում, կամ շրջակայ այլ վայրերում, մինչեւ ապահովական դրութեան վերահաստատումը: Նրանք երբեմն վերադարձել են իրենց նախկին գիւղը, իսկ երբեմն էլ անվերադարձ գնացել են, վերջնականապէս հաստատւելով իրենց նոր գաղթավայրում:

Աւելորդ չի՛ լինի կրկնելու գնով ասել, որ գազանաբարոյ խաների եւ անգութ գիւղատէրերի վերաբերմունքն է առաջին հերթին պատճառ հանդիսացել այս բռնագաղթերին կամ ստիպողական տեղաշարժերին:

Այս մասին վկայում է Միրզա Մելիք Սայադեանը իր մէկ յօդւածում, որտեղ ղարադաղցի հայ ընկճւած գիւղացու կրած ողբերգութեան անդրադառնում է, մանաւանդ յիշելով որ նա անճրկած է եւ չի՛ իմանում ո՞րն է ելքի ճանապարհը. «Մեր գիւղացին ընկած է բռնութիւնների, անսահման զրկանքների ու կեղեքումների տեղատարափ ծովի մէջ: Նա ազատութեան իսկական փրկարար ճանապարհը դեռ չգիտէ: Նա տակաւին անզօր ու անկարող է որոնելու եւ գտնելու փրկութեան միակ ու էական ճանապարհը. ուստի եւ յուսահատական ճիգերի մէջ ձեռքը մեկնում է շիւղին - պանդխտութեան»1:

 

Ուխտատեղի կամ վանք Միքիդի գիւղում

Մեզ հետ զրուցող եւ մեր հարցերին պատասխաններ տւող ծերունի միքիդիցին թէեւ բացառում էր եկեղեցու կամ որեւիցէ հայկական կառոյցի գոյութիւն ունեցած լինելը Միքիդիում, սակայն գիւղի անւան մասին մեր կատարած կարճ ուսումնասիրութիւնները ցոյց տւեցին թէ դրա անունը պարսկերէն լեզւով թարգմանւում է իբրեւ «ուխտատեղի»: Արդեօ՞ք նախանցեալ դարերում վանք էր կառուցւել այդ գիւղում, որը իր հողերի վրայ աշխատացրել էր հայ գիւղացուն: Կամ արդեօ՞ք իսկապէս մէկ սուրբի թաղւած վայրը լինելով, ուխտատեղի էր դարձել մեր ժողովրդի զաւակների համար: Ենթադրութիւններ են սրանք միայն, որովհետեւ երկար ժամանակ է անցել եւ պատմական աղբիւրները լուռ են այս մասին:

Մեր թեմի արխիւներում եւս անկարելի եղաւ գտնել այնտեղ գտնւած մէկ եկեղեցու մասին տեղեկութիւն, անուն կամ թւական: Սակայն գիւղում կատարւած խորհրդակատարութիւնների մասին Ղարադաղի տոմարներում գտել ենք ակնարկներ, որոնք չեն անցում 1900 թւականից այս կողմ:

Ղարադաղի գիւղերից շատերը, հայաթափւելուց յետոյ, նախ իրենց վարելահողերով արօտավայրերի են վերածւել հարեւան թուրք գիւղերի արջառների ու ոչխարների համար, ապա միայն գրաււել են տներն ու այլ կառոյցները, իսկ թալանը աւելի շուտ՝ նոյնիսկ հայերի գիւղից հեռացման պահին է սկսւել:

 

Միքիդի գիւղի Հայոց գերեզմանատունը

Վերջապէս լուր տւեցին, Թաւրիզից արձակուրդով գիւղ վերադարձած անձին, որ մեր ուղեկցին ծանօթն էր, գործի ասպարէզով մտերմացած եւ նա ներկայացաւ:

Շատ ազնւութեամբ մօտեցաւ նա մեր ամենագնացին ու վաղո՜ւց ծանօթներ լինելու մտերմութեամբ բարեւեցինք իրարու: Իր համագիւղացիների ներկայութեան եւ քաղաքացու ձեւեր ցոյց տալով, մանաւանդ որ քրիստոնեաների հետ այսքան ծանօթութիւն ունենալու հպարտութեամբ, նա մեզ անմիջապէս առանձնացրեց գիւղացիներից: Մենք նրա «սեփականութիւն»-ն էինք արդէն: Միւսներն էլ, որոնք մինչ այդ մեզ հետ զրուցում էին, դադարեցին խօսելուց կամ բացատրութիւններ տալուց:

Մեր այս ծանօթը, որ թէպէտ երիտասարդ տարիքում էր գտնւում, իր պապերից իմացել էր տեղը ո՛չ միայն հայերի կառուցած Միքիդի գիւղի, այլեւ դրա գերեզմանատան տարածքին:

Այժմեան գիւղից բարձրանալով դէպի հիւսիս-արեւմուտքի լեռան կողը, նոր բացւած ճանապարհի ձախ կողմում, մեր ծանօթը ցոյց տւեց տատասկածածկ մէկ հողամաս, որտեղ իր մանկութեան տեսել էր հայերի շիրմաքարեր: Մեր հարցին, թէ որտե՞ղ են գտնւում կամ ի՞նչ ճակատագիր են ընդունել այդ քարերը, նա պատասխանեց ասելով, որ դրանցից շատերը տների շինարարութեան ընթացքում են օգտագործւել, իսկ ոմանք էլ ջարդւել են անծանօթների ձեռամբ, որոնք այս լեռներում գանձ որոնելիս են եղել:

Իրօք, Միքիդի գիւղի հայոց հնադարեայ գերեզմանատանը ո՛չ մէկ քար չէր մնացել, իսկ եթէ մեզ առաջնորդող ծանօթը չլինէր այնտեղ, մենք երբեք չէինք գտնելու այն փշածածկ տարածքը, որն եղել էր հայոց գերեզմանատունը:

Գերեզմանատան տարածքը, որի մօտերանքն էր լինելու հայկական Միքիդիի բնակավայրը՝ այսինքն հին Միքիդի գիւղը, սքանչելի տեսարան էր պարզում իր դիմաց: Արեւելեան կողմում սղոցանման գագաթներով լեռները, դրանց առաջ այլ կանաչապատ լեռնաշղթայ եւ բլուրներն ու ձորակները, բնութեան մէկ հեքիաթային տարածաշրջան էին կազմել, որտեղից մարդ պիտի չուզենար բաժանւել, կամ մէկ այցելութեամբ բաւարարւել:

Թէպէտ չկային գերեզմանաքարերը, սակայն մենք «Հոգւոց» արտասանեցինք մեր հանգուցեալ տարաբախտ նախնիների աճիւնները իր խորքում պարփակող հողամասի վրայ: Շուրջ 1.500 քռ. մետր տարածութեամբ հայոց գերեզմանատունը, մասամբ օգտագործւում է այժմ իբրեւ վարելահող, միքիդցիների կողմից:

 

_______________________________________________

1. Մելիք Սայադեան, Մ., «Ինչո՞ւ է պանդխտում մեր գիւղացին», Աղաղան, Ա. տարի, թիւ 3, մայիս, 1912 թ., էջ 18-19:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան
    Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան

    Սրբազան Հայրը այս առիթով ասաց. «Կոչ արեցինք մեր ժողովրդի զաւակներին, որ նոյնիսկ իրենց դոյզն նւէրը, համեստագոյն լուման չզլանան նւիրաբերելու մարդասիրական ու ազգասիրական սոյն նպատակին, որպէսզի դրանք եւս միացնելով Ազգային իշխանութեան կողմից տրամադրւող գումարին, որպէս «այրի կնոջ լումայ» ուղարկենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հաստատւած լիբանանահայութեան Օժանդակութեան ֆոնդին: Հաւատում ենք, որ ովկիանոսներն եւս ջրի կաթիլներից են բաղկանում»:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին

    6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով:

  • Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան
    Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան

    Ցաւով, ափսոսանքով ու զօրակցական զգացումներով հետեւեցինք երէկ, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի հետեւանքով ստեղծւած աղէտալի կացութեան, որից տուժւեց նաեւ մեր սիրելի լիբանանահայութիւնը, իր սրտում ունենալով մեր Ս. Աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

  • Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում
    Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում

    Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։