Հա

Համայնք

27/06/2020 - 13:30

Ձօն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին, ընտրութեան եւ օծման 25-ամեայ յոբելեանի առիթով

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մայրավանքում, Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ տեղի ունեցող բոլոր հանդիսութիւնների աւարտին, ինչպէս նաեւ թեմերում տեղի ունեցող այն հանդիսութիւնների վերջում, որոնց կը նախագահի Կիլիկիոյ կաթողիկոսը, միաբերան երգւում է «Ի վեհ բարձանց» մաղթերգը:

Կիլիկիոյ Հայրապետին նւիրւած 117 տարեկան մաղթերգի հեղինակի ծոռը, արդարօրէն հպարտ է…

 

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մայրավանքում, Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ տեղի ունեցող բոլոր հանդիսութիւնների աւարտին, ինչպէս նաեւ թեմերում տեղի ունեցող այն հանդիսութիւնների վերջում, որոնց կը նախագահի Կիլիկիոյ կաթողիկոսը, միաբերան երգւում է «Ի վեհ բարձանց» մաղթերգը: Պարզունակ մէկ երգ՝ որը իր զինւորական քայլերգի նմանւող հարւածային կշռոյթով, հպարտութեամբ փքացնում է երգողների եւ լսացողների կուրծքն ու միանգամայն հրճւեցնում նրանց հոգիները խանդավառութեամբ, ամրապնդելով Կիլիկեան Սուրբ Աթոռի նւիրական առաքելութիւնը:

- Գիտէի՞ք, այս երգի հեղինակը հօրս հօրեղբա՛յրն է եղել,- ասաց Արա Գասապեանը մէկ քանի տարիներ առաջ, Անթիլիասի Կաթողիկոսարանում կողքիս կանգնած, երբ Հայրապետական սուրբ պատարագի աւարտին, Վեհարանի աստիճանների վրայ որոտած վերոյիշեալ մաղթերգը երգչախմբի եւ ներկայ ժողովրդի միացեալ կատարմամբ: Վեհափառը տամկացած աչօք օրհնում էր շուրջը խռնւած հաւատացեալ ժողովուրդը, որ երգի բառերը իր սրտի ու հոգու վրայ դաջած, աղօթում էր իր Հայրապետին կենաց արեւշատութեան համար:

Արայի խօսքի ձայնային ելեւէջների մէջ կար ո՛չ միայն զէյթունցի տղամարդի յատուկ խրոխտ ձայնանիշը, այլեւ նման մէկ երգի հեղինակային իրաւունքի հեռաւոր սեփականատէրը լինելու արդար հպարտութիւնը, որը խորապէս տպաւորեց ինձ: Նա բացատրեց, որ Գրիգոր Գասապեանը իր հօր հօրեղբայրն էր եղել, բնիկ զէյթունցի, եւ Զէյթունի Հայոց գլխաւոր դպրոցի բազմավաստակ տնօրէնը, իսկ նրա եղբօրորդին, այսինքն ի՛ր հայրը, նոյնպէս բազմավաստակ ուսուցիչ եւ մանկավարժ Տաճատ Գասապեանը ծնւել էր Հալէպում, արդէն Զէյթունից աքսորական ընտանիքի երդիկի տակ: Զէյթունցի գերդաստանի շառաւիղ մէկ ընտանիք, որի իւրաքանչիւր անդամին մէջ զգացւում է «Զէյթունցիական ջիղ»-ը:

20-րդ դարասկզբին, Կիլիկիայում Շնորհալիների գահի Հայրապետ է ընտրւում Սահակ Բ. Խապայեան կաթողիկոսը, 12 հոկտեմբեր 1902 թւականին, իսկ օծումը տեղի է ունենում 20 ապրիլ 1903-ին: Հայրապետական օծման հանդիսաւոր արարողութիւնից ընդամէնը մէկ քանի ամիսներ յետոյ, Կիլիկեան ծագումով՝ խարբերդցի այս խիզախ հոգեւորականը իր նժոյգին հեծած, Լեւոնի բերդը դարերով իր ամպհովանին դարձրած Սսի պատմական մայրավանքից հովւապետական այցելութեան է ձեռնարկում, հանդիպելու համար Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բոլոր թեմերում ապրող ժողովրդին՝ Ատանայի, Հաճընի, Մարաշի, Հալէպի, Զէյթունի, Մալաթիայի, Տիվրիկի, Կիւրինի, Եօզղատի, Գըրշէհիրի, պապենական Խարբերդի եւ այլ շրջաններում, ոգեւորելու համար իր բանաւոր հօտին:

Սահակ Վեհափառ Զէյթուն հասնելով, արծւեբոյն այս քաղաքի լեռնական ժողովրդին կողմից ջերմ ընդունելութեան է արժանանում, գլխաւորութեամբ Առաջնորդ՝ Տ. Գրիգորիս ծ. վրդ. Աբարդեանցի: Զէյթունում անցկացրած իր ութ օրերի ընթացքում, Հայոց Հայրապետը այցելութիւններ է տալիս ազգային հաստատութիւնների, որոնց շարքում Զէյթունի հայոց գլխաւոր դպրոցին: Աշակերտութիւնը կանոնաւոր շքերթով դիմաւորում է Հայոց Հովւապետին որոտընդոստ ծափողջոյններով, իսկ դպրոցի տնօրէնի ողջոյնի խօսքերից յետոյ, Սահակ կաթողիկոս օրհնում է աշակերտութեանը, շքամտուքի աստիճանների վրայ կանգնած: Հազիւ Հայրապետին խօսքն ու «Պահպանիչ» աղօթքը աւարտւած, աշակերտութիւնը խանդավառութեամբ երգում է իր տնօրէնի՝ Գրիգոր Գասապեանի բառերով ու երաժշտութեամբ յօրինւած երգը՝ հայրապետական մաղթերգը, որի առաջին կատարումն էր այդ, աւելի քան մէկ դար մը առաջ.

«Ի վեհ բարձանց սուրբ Սիոնի,

Թռիչս առեալ աղաւնի,

Ի Շնորհալւոյն բարձրեալ գահ,

Մի՛ մերձեսցի նմա մահ.

Հապօ՜ն եղբարք իմ Հայկազնեան,

Օ՛ն, մաղթեսցո՛ւք միաբան.

Պահեա՛, ո՛վ Տէր, անսասան

Զսուրբ Աթոռն Կիլիկեան.

Կեցցէ՛, կեցցէ՛ առյաւէտ

Տէր Տէր Սահակ Հայրապետ»:

 

Սահակ Վեհափառ նախքան Կիլիկիոյ գահին բազմելը, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքի լուսարարապետի պաշտօնն է վարել: Նա հաւատարիմ իր կոչման ու կատարած հոգեւորականի ուխտին, եւ ընդառաջելով ազատ ընտրութեամբ մեր ժողովրդի դրսեւորած կամքին, Սիս գնալով ստանձնում է Կաթողիկոսական ծանր լուծը, տեղական շատ վատ պայմաններում, որոնք արդէն շուտով վատթարագոյնի էին փոխակերպւելու Ատանայի կոտորածով եւ ապա՝ Հայոց Ցեղասպանութեամբ իր լրման հասած համամարդկային ողբերգութեամբ:

Կիլիկեան հայութիւնը Պատգամաւորական ժողովի գումարմամբ եւ կատարած ընտրութեամբ ծանօթացել էր արդէն իր ազգընտիր Հովւապետին, որը Երուսաղէմից մինչեւ Կիլիկիա գնալով, անձնւիրութեամբ փարւել էր իր գործին: Ուստի, Զէյթունի դպրոցի տնօրէնը գրելով իր բանաստեղծութեան բառերը, Սիոնի վեհ բարձունքից թռիչք առած «աղաւնի»-ի՝ Սահակ Վեհափառին է ակնարկում, որը Սիս հասնելով բարձրացաւ Շնորհալիի գահին, թող մահը բնա՛ւ չմերձենայ նրան: Ուստի կոչ ուղղում նա Հայկազնեան ցեղիս բոլոր զաւակներին, միասնաբար մաղթելու, որ Տէրը անսասա՛ն պահի Կիլիկեան Սուրբ Աթոռը, եւ առյաւէ՛տ ապրի Սահակ Հայրապետը:

Այս անպաճոյճ, բայց ջերմ ու պարզ շնչով բառերի տասնատողեայ յարակցութիւնը, մէկ անձի կենսագրականի խտացումը լինելուց բացի, Սուրբ Աթոռի պատմութեան բարձրակէտերն է ընդգծում, գիսաւոր աստղի արծաթահոս լուսագրչով. Շնորհալիների գահը՝ իր փառաւոր անցեալով, Հայկազնեան ցեղը՝ իր տառապակոծ, մեռած ու վերյառնած ներկայով, արեւմտահայութեան ամրոց՝ Կիլիկեան Սուրբ Աթոռը, ու վերջապէս յոյսի նոր աղբիւր՝ Հայոց նորընտիր Հայրապետը…:

Իրաւունք ունէր Արան հպարտանալու իր հօր հօրեղբայրով՝ այս բանաստեղծ- տնօրէնով որի քնարերգական տողերը իրենց երաժշտութեամբ, միայն մէկ առիթով չէին լսւելու, ո՛չ էլ Հայոց Ցեղասպանութիւնը կարողանալու էր վերջ դնել դրա քայլերգային հնչեղութեան: Չկա՛յ Զէյթունի հայոց դպրոցը. այն աւերւած է բարբարոսին ձեռքով եւ վերջնական փլուզման է ենթարկւել: Կոտորւել են դրա աշակերտներից շատերը, իսկ Ցեղասպանութիւնից հրաշքով վերապրողները արդէն այսօր այս կեանքում չեն: Չկա՛յ մանաւանդ հեղինակը՝ Գրիգոր Գասապեանը, բայց կա՛յ նրա պարզունակ երգը, որը արդէն 117 տարիներից ի վեր երգւում է Մեծի Տանն Կիլիկիոյ գահի վրայ իրարու յաջորդած ութ կաթողիկոսների վեհաշուք ներկայութեան, մինչեւ Սուրբ Աթոռիս ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս:

Զէյթունցի տնօրէնի հեղինակած երգի վերջին տողը, անցեալ տասնամեակներին միշտ փոփոխութեան է ենթարկւել, Սահակ կաթողիկոսի անւան փոխարէն յարմարեցնելով Կիլիկիոյ գահին բարձրացած նոր կաթողիկոսի անունը: Դպրեվանքի ուսանողութեան մեր տարիներից սկսեալ, նախ երջանկայիշատակ Խորէն Ա Վեհափառի, ապա երբ միաբան դարձանք՝ երջանկայիշատակ Գարեգին Բ Վեհափառի անունը երգեցինք, իսկ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի անունն ենք երգում նոյն երգի ոստոստուն երաժշտութեամբ, միշտ միեւնոյն ոգեւորութեամբ եւ յառաջատեսիլ հայեացքով: Մեզանից առաջ եղող սերունդները վստահաբար երգեցին Տ.Տ. Բաբգէն Ա, Տ.Տ. Պետրոս Ա, Տ.Տ. Գարեգին Ա եւ Տ.Տ. Զարեհ Ա անմահանուն կաթողիկոսների անունը տեղադրելով վերջին տողի վրայ:

Այո՛, զէյթունցի էր այս բառերն ու երաժշտութիւնը յօրինողը. այո՛ Զէյթունի խրոխտ երկնքի ներքեւ առաջին անգամ երգւեց այս քայլերգը մատաղատի սերնդի անմեղ շրթներից, հնչե՛ղ ձայնով: Բայց հեղինակն ու այդ օր սոյն երգի ունկնդիր Սահակ Հայրապետն եւ զէյթունցիները մարգարէ չէին, կարենալ գուշակելու, որ 20-րդ դարի վերջալոյսին, զէյթունցի արմատներով մէկ կաթողիկոս ընտրւելու էր եւ բազմելու Կիլիկիոյ գահին՝ Արամ Ա Վեհափառը: Բազմաշնորհ մէկ հոգեւորական, որը կաթողիկոսական 25 տարիների իր փորձառութեամբ, 21-րդ դարի առաջին քառորդից տեսնում է մինչեւ դարավերջ, մեր եկեղեցու ու ազգի դիմագրաւելիք մարտահրաւէրները: Իւրայատուկ անձնաւորութիւն, որի համար սոյն մաղթերգի տողերը աղօթական փոխասացութեամբ պիտի արտասանել, քաջառողջ երկարակեցութեան խոր մաղթանօք, համայն ազգիս սրտայորդ ու սիրազեղ երգեցողութեամբ:

Զէյթունցի տնօրէն Գրիգոր Գասապեանի մտքից իսկ չէր կարող անցել, որ երգի առաջին կատարման թւականի յաջորդող տասնամեակներին, յատկապէս 1930 թւականից յետոյ, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ տարագիր կաթողիկոսութիւնը իր նոր կայքը ունեցաւ Անթիլիասի գեղածիծաղ ծովափում, այս երգը բազմաթիւ մշակումներ էր ունենալու, որոնցից ամենագեղեցիկը՝ Զարեհ վրդ. Ազնաւորեանին կողմից յօրինւած:

2000 թւականի նոյեմբեր ամսին, երբ հոգեւորական ծառայութեամբ Միացեալ Նահանգներում էինք գտնւում, պատիւն ունեցանք մաս կազմելու Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հովւապետական այցելութեան շքախմբին: Վեհափառ Հայրապետի Արեւմտեան թեմի տարբեր քաղաքներ այցելելու ծիրից ներս, Ֆրէզնոյում, տեղի Հայոց Ս. Երրորդութիւն եկեղեցու Հոգաբարձութիւնը մէկ անակնկալ մատուցեց Նորին Սրբութեան, երբ Հայոց Հայրապետը մուտք գործեց յիշեալ քաղաքի Համաժողովների դահլիճը, «Գանատական պղնձեայ փողերախմբի համոյթը» նոր մշակումով եւ մեծ թափով հնչեցրեց «Ի վեհ բարձանց»-ը, Կիլիկիոյ արքաների փառահեղ ընդունելութեամբ դիմաւորելով Կիլիկիոյ կաթողիկոսին՝ հայոց առիւծասիրտ արքաների ու Կիլիկեան թագաւորութեան կենդանի յիշատակին եւ Հայոց պահանջատիրական պայքարի «Կարմիր կնիք»-ին:

Իրաւունք ունի՛ Արան հպարտանալու իր հօր հօրեղբայրով: Նա որ իր դուզնաքեայ բանիւք դեռ հարիւրամեակներ լարւած է պահելու իր սիրոյ ու յարգանքի բանաստեղծական քնարը եւ երաժշտական համեստ նւագարանը, որպէսզի միշտ հիւսւի փառքը մեր Սուրբ Աթոռի եւ դրա Աթոռակալի:

 

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

26 յունիս, 2020

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։