Հա

Համայնք

26/07/2020 - 13:10

Տարեկան եռօրեայ ուխտագնացութեան օրերին Ս. Թադէոս Առաքեալի Աջի օրհնութիւն՝ Ս. Թադէի վանքից

Շաբաթ 25 յուլիս 2020-ին, Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի առիթով, Ս. Թադէի վանքի Մայր խորանից, Ս. Թադէոս Առաքեալի Աջով օրհնութիւն բաշխւեց մեր ժողովրդի զաւակներին, որոնցից շատեր ցանկանալով ցանկանում էին այս տարի մասնակցել Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան:

«alikonline.ir» - Շաբաթ 25 յուլիս 2020-ին, Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի առիթով, Ս. Թադէի վանքի Մայր խորանից, Ս. Թադէոս Առաքեալի Աջով օրհնութիւն բաշխւեց մեր ժողովրդի զաւակներին, որոնցից շատեր ցանկանալով ցանկանում էին այս տարի մասնակցել Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

2020 թւի առաջին ամիսներից համաշխարհային տագնապի վերածւած Կորոնա ժահրը կրօնական, քաղաքական եւ ազգային բազմաթիւ նախաձեռնութիւնների եւ նոյնիսկ տարիներ առաջ նախատեսւած ծրագրերի արգելք հանդիսացաւ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հրահանգով եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ու Թեմական խորհրդի որոշումով, այս տարի չեղեալ համարւեց Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հետեւելով Իրանի Իսլամական Հանրապետութեան առողջապահական կանոններին, միշտ նկատի ունենալով մեր ժողովրդի ապահովութիւնը: Նման վարակիչ հիւանդութեան այնքան լայն տարածում ունեցող զոյգ նահանգներում, հազարաւոր հայերի ի մի խմբումը, եւ այն՝ դաշտային ու բնակութեան նւազագոյն յարմարութիւնները ունեցող միջավայրում, կարող էր աղէտալի լինել ուխտաւոր հասարակութեան համար:

Բոլոր ուխտաւորների սրտից բխած ամենից ազնիւ աղօթքների եւ ուխտերի թարգմանը հանդիսանալով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, շաբաթ 25 յուլիս 2020-ի առաւօտեան, Ս. Թադէի վանքում աղօթք բարձրացրեց առ Աստւած: Սրբազան Հայրը նախ յիշեց համայն աշխարհի մարդկութիւնը, որի կեանքը մէկ օրից միւսը յեղաշրջւեց, առողջական սարսափազդու իրավիճակով, ինչպէս նաեւ ընկերային ու յատկապէս տնտեսական ցնցիչ վերիվայրումներով, որոնց հետեւանքով շատեր թակեցին սնանկութեան դռները:

Սուրբ Թադէի հնադարեան վանքի խորանի վրայ կանգնած, Սուրբի Աջը ձեռքին, Սրբազան Հայրը անդաստանի օրհնութիւն կատարեց, յատկապէս «Սուրբ Խաչիւ եւ Սուրբ Աջիւն Սրբոյն Թադէոսի Առաքելոյն», օրհնելով մեր ազգին, որտեղ որ գտնւում են նրանք, եւ այն ուխտաւորներին, որոնք ամէն տարի աղօթքով մասնակցում էին մեծ ուխտաւորութեան, եւ կամ գուցէ այս տարի առաջին անգամ լինելով որոշել էին իրենց մասնակցութիւնը բերել Սուրբ Թադէի եռօրեայ ուխտագնացութեան:

Նոյն օր, սոցցանցերով սփռւած իր պատգամով, Սրբազան Հայրը իր սրտի խօսքը արտասանեց, յիշելով մեծ սրբավայրի հայ եկեղեցու եւ ժողովրդի կեանքում ունեցած մեծ նշանակութիւնը որպէս մեր ազգի «Հոգեւոր ծննդեան աւազան»: Իր պատգամում, Սրբազան հայրը յատկապէս ասաց. «Ամէն տարի մեծ սիրով գալիս էք դուք Սուրբ Թադէի վանք: Այն սէրը որով դուք կապւնած էք Սուրբ Թադէին, եւ այն սէրը որով Սուրբ Թադէի վանքը ձեզ սիրում է, անուրանալի սէր է: Բայց նորից ենք գալու: Աստւած իր բժշկարար աջով փարատի աշխարհից այս մահացու ժահրը, բժշկութիւն պարգեւի բոլոր հիւանդներին, եւ մենք բոլորս նորոգեալ հաւատքով ու կարօտի ջերմ զգացումներով դարձեալ գալու ենք այստեղ, մեր վրաններով յիշեցնելու տաղաւարահարաց տօնը: Դարձեալ վրանաքաղաք ենք կանգնելու այս սրբավայրի շուրջբոլորը, որպէսզի այն երբեք «Մենաւոր» չկոչւի մեր յաւերժական պատմութեան ընթացքում»:

Յայտնենք, որ Կորոնա ժահրից պաշտպանւելու համար, պետական հսկողութիւն է կատարւում Ատրպատականի հայոց թեմի վանքերում, արգելելով այցելուների մուտքը մեր վանքերը: Այս ժամանակամիջոցը օգտագործելով, շինարարական լայն տարողութեամբ աշխատանքներ են իրականացւում մեր վանքերում: Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում վերանորոգւում են տաճարի ներքին որմնանկարները, որոնց աշխատանքը կասեցւել էր ձմռան ցուրտի պատճառով, վերանորոգւում են նոյն վանքի վանական խուցերն ու միջանցքները, ինչպէս նաեւ գետնափորերի մէկ մասը, որտեղ Սեւքարեցի Սաքօն է բնակւել, իսկ տաճարի քանդակազարդ եւ փայտարւեստի գլուխգործոց դռան վերանորոգումը արդէն աւարտւած է յաջողութեամբ:

Դարձեալ վերանորոգութեան աշխատանքներ են իրականացւում Ս. Թադէի վանքում: Քարապատւում է վանքի մուտքի ամբողջ սալայատակը եւ կանաչապատւում: Վանքի ձիթհանը հիմնովին վերանորոգւում է եւ նոյնիսկ մեր հայրերի աշխատացրած մեթոդով բանելու է, զբօսաշրջիկներին բացատրելու հայ հնարամտութիւնը եւ ձիթհանի արւեստը: Առաջին անգամ լինելով վերանորոգւում է Ս. Թադէի վանքի շրջապատում գտնւող հինգ մատուռներից մէկը, որը գտնւում է նախկին «Վանք» (այժմ քրդաբնակ) գիւղում: Վերանորոգութեանց սոյն հսկայածաւալ աշխատանքներին մաս են կազմում վանական խուցերի վերանորոգումները, պահպանների սենեակների բարեզարդումը եւ ջեռուցման յարմարութիւնների կարգաւորումը, առ ի նախապատրաստութիւն ձմռան: Չմոռանանք վերյիշեցնելու բոլորին, որ անցեալ տարի Ս. Թադէի կիսաւարտ տաճարի տանիքը ամբողջ անագապղնձապատւեց, շնորհիւ մէկ խումբ արտասահմանցի ազնիւ հայ բարերարների աջակցութեան, իրականացնելով սոյն վանքի համար տարիներով փայփայւած երազը:

Սոյն մեծածախս աշխատանքներին եւ յառաջիկայ նոր ծրագրերին իր հովանաւորութիւնն է տւել Իրանի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանման գրասենեակի տնօրէնուհի՝ դոկտ. Շերլի Աւետեանի: Նա իր օգնական Ալէն Գրիգորեանի հետ մնայուն ներկայութիւն է վանքում, հսկելով որոշւած քարտէզների ճշգրիտ գործադրութեան: Սոյն աշխատանքներին վերահասու լինելով, Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց նրանց, շեշտելով Ատրպատականի հայոց թեմի մեր բոլոր սրբավայրերի բարեզարդ պահպանման հրամայականը, «որպէս անխօս քարոզչութիւն մեր հայրերի լոյս հաւատքին, որով քարը աղօթքի վերածեցին անցած դարերի ընթացքում», ասաց նա, աւելացնելով, որ «Իրանի պետութեան կողմից կատարւած սոյն վերանորոգութիւնները վկայ են լինելու իսլամ-քրիստոնեայ եղբայրութեան եւ կրօնների երկխօսութեան, որի օրինակելի օրինակն է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը»,- եզրակացրեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։