Հա

Համայնք

27/07/2020 - 12:00

Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում

Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների:

«alikonline.ir» - Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. Թադէի վանքի հարաւային պարսպի մէջ, վանքի նախկին թոնրատան ցուցասրահի վերածւած բաժնի մուտքի դռան առջեւ դրւած ժապաւէնը հատելով, Սրբազան Հայրը ներս մուտք գործեց, ընկերակցութեամբ վերոյիշեալ գրասենեակի տնօրէնուհի դոկտ. Շերլի Աւետեանի:

Նկատի ունենալով այս տարւայ ընթացքում ծայր առած համաշխարհային համավարակը, Ս. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը եւս չեղեալ համարւեց, որի ընթացքում ընդհանրապէս տեղի էին ունենում ցուցահանդէսներ եւ մշակութային այլազան ձեռնարկներ:                                                         

Դոկտ. Աւետեանը սոյն գեղեցիկ գաղափարն էր յղացել, որպէսզի դռնփակ պայմաններում կարելի լինի յատկապէս մեր նոր սերնդին հեռակայ կարգով մասնակից դարձնել Ս. Թադէի ուխտագնացութեան: Ուստի, շուրջ տաս օրեր առաջ կատարւած յայտարարութիւններով Ատրպատականի հայոց թեմի ընկերային ցանցերը ազդանշան տւեցին սոյն ցուցահանդէսի նախապատրաստութեան, որին ընդառաջեցին 77 երեխաներ, 6-14 տարեկան, Իրանի երեք թեմերից, ինչպէս նաեւ Հայաստանից, նկարելով որոշւած նիւթը՝ «Իրանի հայոց վանքերը»: Նա յայտնեց նաեւ, որ սոյն ցուցահանդէսը Ս. Թադէից փոխադրւելու է նաեւ Իրանի այլ քաղաքներ:

Բացման խօսքով դոկտ. Աւետեանը բացատրութիւն տւեց նկարող երեխաների տարիքային բաժանումների մասին, յայտնելով որ սոյն ցուցահանդէսը կազմակերպւած է մրցոյթի նպատակով: Ուստի շնորհակալութիւն յայտնեց դատակազմի անդամներին՝ տիկնայք՝ Թիեդրա Զոհրաբեանին, Արմինէ Զէյթունցեանին, Արմինէ Աւագ Ղահրամանեանին եւ Ադենա Միրզախանեանին, որոնք յառաջիկայ օրերին որոշելու են ընտրութեան արդիւնքը:

Սրբազան Հայրը շրջագայեց, զննելով երեխաների նկարած գեղեցիկ պատկերները, որոնք գեղագիտական ճաշակով ցուցասրահի պատերին ամրացւել էին Ալէն Գրիգորեանի միջոցով: Նկարներ, որոնք ներկայացնում էին Ատրպատականի հայոց վանքերը՝ Ս. Թադէն, Ս. Ստեփանոս Նախավկան, Ծործորի Ս. Աստւածածին վանքը, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի Ամենափրկչեան վանքը:

Այս առիթով Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց առաջին հերթին ծնողներին. «Դուք է որ ձեր զաւակներին առաջնորդեցիք, որ նրանք մասնակցեն մեր ազգի հոգեւոր ու մշակութային արժէք ներկայացնող մեր վանքերին նւիրւած այս ցուցահանդէսին»: Ապա նա գնահատեց երեխաներին, ասելով. «Հայոց պատմութեան նոր էջ բացեցիք դուք այսօր, որովհետեւ մենք ձեր աչքերով դիտեցինք մեր մշակութային, ճարտարապետական գոհարները: Ինչքա՜ն ջերմութիւն, ձեր ամբողջ սիրտն էք դրել այս նկարների մէջ, ձեր պճլտուն աչքերով տեսնելով այն՝ ինչ որ տեսնելու էիք այս հարուստ ժառանգութիւնների մէջ»: Վերջապէս, Սրբազան Հայրը բարձր գնահատեց դոկտ. Շերլի Աւետեանին եւ նրա գործակիցների աշխատանքը, որոնք նոյնիսկ այս դժւարին պայմաններում կարողացան ներգրաւել մեր երեխաներին, ու անմասն չթողել նրանց այս տարւայ փակ պայմանների ուխտագնացութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։