Հա

Համայնք

03/08/2020 - 10:00

Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

Այս շարքից դուրս բերւած մէկ հատւած է հետեւեալ գրութիւնը, որի ուսումնասիրողը Աստղիկ Կանդիմեանն է, որը Կենտրոնական դպրոցն է աւարտել 1933-34 թ.-ին, ներկայացնելով իր սոյն աշխատանքը՝ «Սալմաստի ազգագրութիւնը» խորագրեալ, որը ներառում է սալմաստեցի հայի մարդակազմութիւնը, այր մարդոց եւ կանանց հագուստեղէնը, տների կառուցւածը, կենցաղային այլ մանրամասնութիւններ, ուսում ու կրթութիւն, բոյսեր ու հողամշակութիւն եւ այլ մանրամասնութիւններ: Այս հատւածը, որը ընդհանուրի մէջ մասնիկն է, ներկայացնում է սալմաստեցի հայի ունեցած կրօնական հաւատալիքները:

Ձեռագրի վրայ ուսուցչի կատարած սրբագրութիւններից բացի, մենք կատարել են հարկ եղած խմբագրական մանր ուղղումները, պահպանելով բարբառային մէջբերումների ուղղագրութիւնը, ինչպէս նաեւ այլ իւրայատկութիւններ: Ամբողջական աշխատանքի խմբագրութեանը ուղեցկում են էջատակի ծանօթագրութիւններ, քաղւած բարբառային բառարաններից, ինչպէս նաեւ Թաւրիզում բնակւող սալմաստեցիների բանաւոր փոխանցած տեղեկութիւններին, որոնք մամուլի համար զանց ենք առնում:

Սոյն աշխատանքը մատուցում ենք ընթերցողին, յիշեցնելու մեր ազգային գաւառական կեանքի համն ու դրա քաղցրութիւնը, նոյնիսկ սնոտիապաշտական իր ծանրութեամբ: Յատկապէս հաւատալիքների առնչւող սոյն հատւածը ընթերցելով, նոյնիսկ 21-րդ դարի մարդը մտովի բաղդատական է անում այսօր իր հաւատալիքների, եւ շուրջ 100 տարի առաջ Սալմաստում ապրող մեր հայրենակիցների հաւատալիքների միջեւ: Հաճելի ընթերցում:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

 

Հաւատք.

Աստւածութիւն, սրբեր եւ կրօնական գրւածքներ

 

Ոմանք ասում են, որ Աստւած մի ծերունի է փառաւոր միրուքով, իսկ ոմանք ասում են որ Աստւած երիտասարդ է: Աստւած նստած երկնքում շարունակ գրում է: Քրիստոսն էլ նրա մօտ նստած: Իսկ Սուրբ Հոգին մարդկանց հոգիներից է կազմւած: Ամենից բարձրը Աստւածն է, որի իրաւունքները աւելի բարձր են Քրիստոսից. իսկ Քրիստոսի իրաւունքներն էլ աւելի բարձր են Սուրբ Հոգուց: Ամէն ինչ Աստւած է տալիս, թէ՛ ցաւը, թէ՛ երջանկութիւն, ուրախութիւն, անյաջողութիւն, աջողութիւն, ուստի ոչ ոք չի՛ կարող նրան հակառակել: Աստծու մօտ են նստած Աբրահամն ու Եղիան:

Կանայք ընդհանրապէս դիմում են Աստւածածնին, ուստի շատ յարգւած է: Սիրում են ուխտատեղին որը Վանի կողմերում է գտնւում: Երբ մէնումէկի երեսին մի տեսակ վատ վէրք է դուրս գալիս, այդ վէրքին անւանում են «Տիրամօր Եարայ»: Իսկ այդ վէրքն ունեցողին անւանում են «Տիրամօր Կնիկ», որ տեղացիների կողմից շատ յարգանք է վայելում: Նրանք այդքան յարգւած լինելով հանդերձ, ո՛չ ոք չի՛ ցանկանում այդ վէրքն ունենալ. ուստի կանայք իրար անիծելիս միմեանց ասում են. «Տիրամօր Եարան ընի վրատ»: Եթէ պատահում է մի այլանդակւած աղջիկ, նրան կոչում են «Տիրամօր սփիւճիկ»: Տարին մի անգամ խաչը ձեռին գալիս է գիւղ եւ մեծ քանակութեամբ թաշկինակներ է հաւաքում այդ խաչը փաթաթելու համար. ընկնաւոր է, երբ ընկնելուց յետոյ ուշի է  գալիս եւ Տիրամօր պատւէրներն է հաղորդում: Տիրամօր անւան վրայ աւելացնում են նաեւ «Խաթուն» անունը. երբ երդւում են Տիրամօր անունով, ասում են «Խաթուն» Տիրամէրը:

Երբ Աստւածածինը գնացել է ջուր բերելու, այդ ժամանակ նրան երեւացել է «Մուքայէլ» հրեշտակը եւ Աստւածածնին տւել մի փունջ համասփիւռ ծաղկից. երբ այս ծաղկից հոտ է քաշել, իսկոյն իմացել է, իր Քրիստոսը իրենից է ծնւելու:

Սալմաստում տղամարդկանց ամենամեծ սուրբը համարւում է «Պարտումոս» (Բարդուղիմէոս) առաքեալը, որը գտնւում է Աղբակում:

Տիրամէրը նրանց աչքում աւելի ցածր սուրբ է քան «Պարտումոս» առաքեալը. եւ իրենց այդ կարծիքը չէին կարող կանանց մօտ արտայայտել, որովհետեւ կանայք կը բարկանան նրանց վրայ:

Երրորդ տեղը կը բռնի «Ղրդիշա»-ի սուրբը, որին յաճախում են առանց կրօնի խտրութեան: Այդտեղ գտնւում է մի մրգեղէնի այգի, պտուղները կարող են ուտել, չեն համարձակւում տանել, որովհետեւ ասում են երբ տանեն, դռնից դուրս գալուն՝ կը չորանան: Ապա գալիս է Սուրբ Կարապետը, ուր կանայք չեն գնում. կանանց հետ թշնամի է, որովհետեւ նրա գլուխը կտրողը կին է եղել:

«Փրիշադ»-ի սուրբը, ուր գնում են ականջացաւ ունեցողները:

«Մար Եաղուբ (Հայ Սուրբ Յակոբ), կրճատւած ձեւով ասում են «Մարեաղուն», ասորական սուրբ է, ուր գնում են ընկնաւորները, խելագարները, բժշկւելու համար:

Կրօնական գրւածքներից են. Աստւածաշունչը, Նարեկը եւ Սաղմոսն. ասում են, որ Աստւածաշունչը «Աստւած է գրել այնտեղ հայերէն: Ամենասիրւած գիրքն է Նարեկ եւ Սաղմոսը:

 

Հրեշտակներ եւ ոգիները

Հրեշտակները Աստծու ծառաներն են, իսկ սրանց ամենամեծը «Կապրիէլ»-ն է, որ մարդկանց հոգիներն է առնում: Սրանք սովորական մարդիկ են, միայն աւելի աշխուժ, ոտանի, եւ բացի ձեռքերից, ունեն նաեւ երկու հատ թռչունի թեւերի նման թեւեր, որոնցով նրանք թռչում են: Իւրաքանչիւր անհատ ունի երկու հրեշտակ՝ բարու եւ չարի: Չարը նստած է լինում ձախ ուսին, իսկ բարին՝ աջ ուսին, որոնք շարունակ գրում են եւ վերջը պէտք է ներկայացնեն Աստծուն:

Սատանաներին ներկայացնում են սովորական մարդկանց նման եւ գլխներին դրած սեւ գլխարկներ. երբ այգ գլխարկը վերցնում են, մարդկանց երեւում են, իսկ գլխներին դրւած՝ աներեւութանում են: Նրանց դէմքներն սեւ է լինում, եղունգները երկար, ոտների կռունկները առջեւից է լինում, երբ ուզում են առաջ գնալ, յետ-յետ գնում: Սատանաներից ամենամեծը «Պեղզեպու»-ն է, սրա կնոջ անունը «Կապուստ» է: Սատանաները երեք խմբի են բաժանւում. մի խումբը գտնւում է երկնքում, երկրորդ՝ ցամաքի վրայ է գտնւում, իսկ երրորդը գետնի տակն են ապրում: Երկրային սատանաները ապրում են մութ վայրերում, գիշերները շարունակ թափառում են եւ վախեցնում մարդկանց: Երբ մի բան կորչում է, ասում են. - Սատանա՛, ի՞նչ ես գտէ, ե՛լ, է՛շ եմ գտէ, պէ կիսենք, կէսն ընձի, կէսը քեզի»: Սատանան կարծելով, թէ նրա գտածը աւելի շատ է, իրեն գտածը ցոյց է տալիս նրան: Կին սատանաները կանանց «կոխելու» համար, իրենց վզնոցները գցում են ջուր տանող կանանց կժերին, որը աւելի ծանրանում է:

Մարդիկ երբ տեսան որ սատանաները շատացել են, գնացին Աստծուն գանգատւեցին: Աստւած էլ երեք «գունդ» (խողավակ) շինեց, որոնց մէջ տեղաւորեց սատանաներին եւ ձգեց ծովի յատակը: Ձուկ որսալու ժամանակ ընկած ձկնորսի ուռկանը. երբ ձկնորսը ուռկանը վեր քաշեց, սատանաները դուրս եկան եւ ցրւեցին ամբողջ աշխարհում: Տաք ջուր թափելիս ասում են. «Քրիստոս պախապան», որպէսզի սատանաների ոտքերը չայրւեն, որովհետեւ նրանց մայրերը վրէժխնդիր կը լինեն: Որպէսզի սատանան ծննդկանի բերանից չհանի թոքը, որից եւ մահանում է, սոխ են ուտեցնում: Սատանաներից չկոխւելու համար մատներին մատանի են դնում: Երբ ձին դատարկ վազում է, ասում են սատանան է նստել վրան, որպէսզի կանգնեցնեն, ասեղ են խրում ձիու բաշի մէջ: Երբ կենդանիները սկսում են վազվզել, ասում են սատանաներն են խառնում: Յօրանջելիս, բերանները խաչակնքում են ասելով. «Քրիստոս պախապան», որպէսզի սատանան փորը չմտնի: Մութ տեղում ջուր չեն խմում, որովհետեւ սատանան գլխին կը խփի: Դաշտերում ընկած հաստ ապակիները համարում են սատանայի եղունգ, որ տարին մի անգամ թափում է ցած: Երբ մարդկանց մազերը դիզանում են, ասում են, թէ սատանան է քաշում: Սատանաներից մէկն է «Խլվլիկ»-ը, որի տօնը կատարում են Նաւասարդին: Երեխաները սրա անունը լսելիս վախենում են, որովհետեւ ասում են, թէ սա երեխաներին խաբում ու տանում գցում է ծովի յատակը: «Խրծիկ»-ները (տիկնիկները) գիշերները սատանաներ են դառնում: «Խենած-խիսուկ»-ը (սարդը), սատանաների համար ճրագ է տանում: Չար ոգիներից է «Կրող»-ը (գրող), որի անունով միմեանց անիծում են, «Կրողը քեզ տանի»:

Սարերում եւ անտառներում ապրում են դեւերն ու «մարթակէլ»-ները, որին ներկայացնում են հետեւեալ ձեւով՝ գլուխը մարդու գլխի պէս է, իսկ մարմինը գայլ է, որը գալիս երեխաներին տանում է:

Դեւ կանայք նստում են խնոցին ու արշաւում են քէֆի, գողանալու համար գեղեցիկ աղջիկներին իրենց տղաների համար: Կիրակի օրը նոյնպէս մի ոգի է. այդ օրը չի կարելի ասեղով գործ անել, որովհետեւ մեղք է համարւում. միայն կարելի է անել Կիրակի երեկոյեան: Չորեքշաբաթ մուտ եւ ուրբաթ մուտ, նոյնպէս ոգիներ են: Օձերը երբ երկար ժամանակ մարդկանց ձայնը չեն լսում, դառնում են վիշապ: Գլուխը մնում է օձ եւ ունենում է ոտներ եւ թեւեր. հրեշտակները նրանց բարձրացնում են երկինք, որպէսզի աղբիւրների ջրերը չկտրեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։