Հա

Համայնք

07/09/2020 - 13:35

Բացում Ատրպատականի հայոց թեմի կրթօջախների 2020-2021 տարեշրջանի

Շաբաթ, 5 սեպտեմբեր 2020 թւին, առաւօտեան ժամը 9-ին, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութեան կրթական նախարարութեան հրահանգին, պաշտօնական բացումը կատարւեցաւ նաեւ Ատրպատականի հայոց թեմի ազգային վարժարանների, Թաւրիզում եւ Ուրմիայում:

«alikonline.ir» - Շաբաթ, 5 սեպտեմբեր 2020 թւին, առաւօտեան ժամը 9-ին, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութեան կրթական նախարարութեան հրահանգին, պաշտօնական բացումը կատարւեցաւ նաեւ Ատրպատականի հայոց թեմի ազգային վարժարանների, Թաւրիզում եւ Ուրմիայում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, ժամանեց Թաւրիզի ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցը, ուր ընդունւեց տեսչուհի Արմինէ Վահրամեանի եւ ուսուցչական կազմի կողմից:

Դպրոցի շրջափակում տեղի ունեցած պաշտօնական հանդիսութիւնը սկսւեց Իրանի քայլերգի ունկնդրութեամբ, որից յետոյ տեսչուհին իր բարի գալստեան խօսքը ուղղեց ներկաներին եւ յատկապէս դպրոցի ուսուցչական կազմին եւ ուսանողութեան: Աշխարհը ցնցած համավարակի դժւարին պայմաններում, սակայն յարգելով առողջապահականօրէն պահանջւած բոլոր կանոնները, կրթական 2020-2021 տարեշրջանի բացումը կատարելը, տեսչուհի Արմինէ Վահրամեանը համարեց հերոսութիւն, վառ պահելու համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տաճարը՝ հայոց դպրոցը: Նա անդրադարձաւ անցեալ տարեշրջանի անբնականոն պայմաններում՝ առցանց լսարաններով կատարւած դասաւանդութեան, «որը սակայն մեր դպրոցի դէպքում, մեր աշակերտների ցուցաբերած լրջութեամբ, լաւագոյն արդիւնքներով աւարտեցինք»,- ասաց նա:

Սրբազան Հայրը բեմ հրաւիրւելով, աղօթքով կատարեց բացումը ուսումնական եւ կրթական նոր տարեշրջանին, եւ ապա ուղղեց իր հայրական խօսքը ներկաներին: Ամէն չարիքի միջից միշտ բարիք գտնելու սկզբունքով, նա յորդորեց աշակերտութեանը օգտւել համավարակի սորովեցրած գլխաւոր դասանիւթից, որ է զգուշաւորութիւնը. «Քորոնա ժահրի տարածումով, առողջապահական մարմիններ եւ պետական պատասխանատուներ մեզ պարտադրեցին զգուշաւորութիւն ձեռք բերել եւ ապահովել մեզ վարակիչ այս հիւանդութիւնից: Դիմակապի եւ ձեռնոցների օգտագործումը, իրարից հեռու կանգնելը, ձեռք չթօթւելը, ողջագուրումներից հրաժարւելը եւ այլ նախազգուշութիւններ յանձնարարւեցին բոլորիս: Սրանք այնպիսի երեւոյթներ են, որոնց սովոր էինք, այնպէս ինչպէս սովոր ենք բոլորին վստահելը, մեզ ծանօթ կամ անծանօթ մարդկանց հարազատ համարելը: Սակայն համավարակը սովորեցրեց վերատեսութեան ենթարկել մեր շրջապատը: Ո՞վ է իմ ընկերս, ո՞վ է վստահելի, ո՞վ է մաքուր, ո՞վ է իսկապէս հարազատ: Ահա թէ ինչպէս չարիքի միջից բարիք են քաղում»,- ասաց Սրբազան Հայրը, շեշտելով որ դժւարին այս պայմաններում մենք շարունակելու ենք մեր ազգային, եկեղեցական, կրթական ու համայնքային կեանքը, միշտ հետեւելով առողջապահական զգուշաւորութեան կանոններին:

Տեսչութիւնը այս առիթով նւէր էր պատրաստել այն աշակերտին որ առաջին անգամ դպրոց էր ժամանել ուսումնական տարեշրջանի բացման օրը: Պարտաճանաչ աշակերտի սոյն նւէրը Սրբազան Հօր ձեռամբ յանձնւեց Էմելիա Աբրահամեանին:

Բացման պաշտօնական հանդիսութիւնից յետոյ աշակերտները իրենց ուսուցիչների հետ միասին բարձրացան դասարանները: Սրբազան Հայրը հերթով այցելեց դասարանները, հետեւելու համար առաջին օրւայ դասաւանդութեան, որը այնքան նւիրումով կատարում էին ուսուցիչները: Տեսչուհին իւրաքանչիւր դասարանում բացատրութիւն տւեց նիւթի եւ ընդհանրապէս ուսումնական մակարդակի մասին: Հետաքրքիր էր առաջին դասարանը, որոնք նախակրթարանից եկել եւ հայոց դպրոցում իրենց տեղն էին գրաւել, հետզհետէ ընտելանալու համար բարձր կարգերի հետ միատեղ ուսանելու պայմաններին:

Յայտնենք, որ Ուրմիայի հայոց ազգային «Մասիհա» դպրոցը եւս իր դռները բացեց, սակայն ծնողներից շատեր առաւել զգուշաւորութեան մտավախութեամբ չուղարկեցին իրենց երեխաներին: Յոյսով ենք, որ հաւաքական մեր վստահութիւնը հետզհետէ կը վերականգնւի եւ յառաջիկայ շաբաթ կը յաջողւի մեզ ֆիզիկականօրէն վերաբացումը դպրոցի: Մինչ այդ, վերսկսւեցին Ուրմիայում առցանց դասաւանդութիւնները:

Ինչ վերաբերւում է Թաւրիզի Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանին եւ Ուրմիայի Հ.Օ.Մ.-ի «Նայիրի» մանկապարտէզին, նրանց վարչութիւնների նախազգուշական պատասխանատու քայլերով, կրթօջախների դռները առայժմ մնում են փակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։