Հա

Համայնք

14/09/2020 - 11:40

Խաչվերացի տաղաւարի տօնակատարութիւն եւ ռեհանազարդ խաչով անդաստան Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի, 13 սեպտեմբեր 2020 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, Խաչվերացի տաղաւար տօնի առիթով:

«alikonline.ir» - Կիրակի, 13 սեպտեմբեր 2020 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, Խաչվերացի տաղաւար տօնի առիթով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզահայութեան ուխտավայր մատուռում, Մարալանի Ս. Աստւածածին եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ իր պատգամը յղեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու պատարագեց եւ քարոզեց՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Թաւրիզում ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Արտեմիս Բայրամեանի:

Համաշխարհային առումով ծանօթ «Քորոնա» համավարակի պատճառով ամիսներից ի վեր եկեղեցու փակ դռները վերաբացւեցին հաւատացեալ ժողովրդի համար, որոնք կարօտով մուտք գործեցին Աստծու տունը եւ ազգի հոգեւոր ապաստանարանը, Աստծու ներկայութեան կանգնելու եւ վերատեսութեան ենթարկելու սեփական կեանքն ու մարդկային փոխյարաբերութիւնները:

Սրբազան Հայրը իր քարոզի բնաբանը վերցնելով Պօղոսեան պարծանքի անփոխարինելի նիւթ հանդիսացող՝ Քրիստոսի խաչափայտի պարծանքից, թւեց այն պարծանքի սին նիւթերը, որոնցով մարդիկ առհասարակ պարծենում են. ուժ, իմացական կարողութիւն, բարձրագոյն վկայականներ, նիւթական հարստութիւնը, սիրունութիւն, մարդկային ծանօթութիւններ, հռչակ, համբաւ ու վաստակ եւ այլ երեւոյթները այս կեանքի, որոնք բոլորը ժամանակի մէջ են սահմանափակւում. «Այս բոլորից դուրս եւ վեր է պօղոսեան պարծանքը՝ խաչը, որ աստւածային ուսերի վրայ դրւելուց յետոյ, համայն մարդկութեանը պիտի համեստացնի եւ անմիտ է այն մարդը, որը դեռեւս իր սեփական պարծանքներով է պարծենում: Քրիստոսի, մարդկութեան սիրոյ համար կրած զոհողութիւնից աւելի մեծ պարծանք չենք կարող պատկերացնել գիտակից եւ հաւատացեալ մարդու համար: Այլապէս մեր ինքնատեսութեամբ յոխորտալով, անհաւատութեան գիրկն ենք ընկնելու, այնպէս ինչպէս շատեր այս կեանքում միայն իրենց անձն ու անձնական շահն են տեսնում, անխնայ յափշտակելով ուրիշների ունեցւածքը, ոտնակոխելով նմանների պատիւը, զրպարտանքներով ոչնչացնելով ուրիշները համբաւն ու վաստակը: Որովհետեւ իրենց անձով են պարծենում, փոխանակ Քրիստոսով ու Նրա խաչով՝ զոհողութեամբ պարծենալու»,- շեշտեց Սրբազան Հայրը: Ապա, նա խօսեց խաչի զօրութեան մասին, որի նշանը մեր դէմքի վրայ կնքւած այնքան ուժեղ ազդեցութիւն ունի եւ փրկարար դեր:

Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ, թափօրը ուղղւեց դէպի ուխտավայրի շրջափակը, որտեղ կանգնած հսկայ մետաղեայ նոր խաչի շուրջ տեղի ունեցաւ ռեհանազարդ խաչով աւանդական անդաստան:

Նշենք, որ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինը կէսօրւայ ճաշով պատւեց ներկաներին, որոնց շարքում էին նոյն Մարմնի հանգուցեալ ատենապետուհի Արմինէ Ստեփանեան-Նազարեանի այրին՝ Պօղոս Նազարեանն ու ընտանիքի անդամները: Սոյն ճաշը, որպէս հոգեճաշ մատուցւեց հանգուցեալ ատենապետուհիի եւ նրա դարձեալ նոր հանգուցեալ մօր՝ Յասմիկ Ստեփանեանի հոգւոց խաղաղութեան համար: «Հոգւոց» աղօթքով եւ ապա կարճ վկայութեամբ, Սրբազան Հայրը յարգեց յիշատակը նորոգ հանգուցեալների, իսկ Խնամակալ մարմնի վարչութեան եւ բոլոր անդամների անունից Էմմա Յարութիւնեանը յարգանքի խօսք ուղղեց, ի յիշատակ հանգուցեալների:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։