Հա

Համայնք

18/11/2020 - 12:00

Իրանում Ատրպատականի մեր վանքերը, նոր օրերի լոյսի տակ

Ատրպատականի հայոց թեմի մեր վանքերը, որոնք գտնւում են Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում, բացի իրենց հնարժէք պատմականութիւնից, ներկայ կանոնաւորութեամբ ու յարատեւ վերանորոգութիւնների ենթակայ լինելու բացառիկ հոգածութեամբ, համայն աշխարհի հնավայրերի շարքում իւրայատուկ օրինակներ ներկայանում են իբրեւ քաղաքակիրթ մարդկութեան:

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

Ատրպատականի հայոց թեմի մեր վանքերը, որոնք գտնւում են Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում, բացի իրենց հնարժէք պատմականութիւնից, ներկայ կանոնաւորութեամբ ու յարատեւ վերանորոգութիւնների ենթակայ լինելու բացառիկ հոգածութեամբ, համայն աշխարհի հնավայրերի շարքում իւրայատուկ օրինակներ ներկայանում են իբրեւ քաղաքակիրթ մարդկութեան:

Տագնապահար աշխարհում, «ուժը զօրաւորին է պատկանում» ըմբռնման առթած յարձակողապաշտութեան ու վախի ազդեցութեան տակ ճնշւած, եւ պատերազմական ծանր իրավիճակներում յայտնւած ազգերի համար, անհասկանալի է մնում վերոյիշեալ գուրգուրանքը քրիստոնէական ու յատկապէս հայկական սրբավայրերի նկատմամբ: Իրանում՝ Իսլամական տիրապետող ներկայութեան շրջանակում քրիստոնէական սրբավայրերի անեղծ պահպանման ու բարգաւաճման իրողութիւնը նախ բացատրւում է այն բարձր գիտակցութեամբ, որը ունի Իսլամական Հանրապետութիւնը միաստւածեան տարբեր կրօնների խաղաղ համակեցութեան:

Երկրորդ, հինգհազարամեայ քաղաքակրթութեամբ ու բարձր մշակոյթով ծանօթ Իրանը, հնուց ի վեր իր գիտուններով եւ ղեկավար բոլոր ժամանակների տարրերով բարձր է գնահատել մշակոյթը՝ իր բոլոր արտայայտութիւններով: Իրանում, իւրաքանչիւր քայլափոխին, կարող է մեր ոտքերի տակ տրորւի մարդկային քաղաքակրթութեան մէկ թանկարժէք մասնիկը՝ կաւից սարքած ձիթաճրագի մէկ փոքր պատառիկը, քանդակւած մէկ սեան խոյակը, հին զօրավարներից մէկի կամ միւսը նետը, աղեղը կամ կապարճը, որոնցից շատերը երկրաշարժերի եւ ժամանակի փոշու պատճառով անհետացել են ու թաղւել հողի տակ:

Իրանի Իսլամական Հանրապետութեան համապատասխան հիմնարկութիւնների միջոցով ցուցաբերւող հոգածութիւնը հայոց քրիստոնէական սրբավայրերի նկատմամբ, սոսկ կրօնական հանդուրժողականութիւնից շա՜տ աւելի՝ ակնաբիբի խնամքի մօտեցող գուրգուրանքի երեւոյթի է վերածւել: Սոյն երեւոյթը այնքան է բիւրեղացել, որը զարմանքի տեղիք է տալիս հաւասարապէս գիտակից եւ թերահաւատ այցելուներին, որոնք չեն քաշւում նաեւ հարցադրումներով արտայայտել իրենց հիացմունքը այս առնչութեամբ:

Աշխարհի մի շարք երկրներում, ներառեալ քաղաքակիրթ համարւող Եւրոպայի որոշ քաղաքներում, իրենց հաւատացեալներից զրկւած «գոթիկ ոճ»-ի հրաշագեղ տաճարների վաճառքն ու որոշ երկրների նիւթական ծածուկ հովանաւորութեամբ սրճարանների եւ ճաշարանների փոխակերպումը, 21-րդ դարի յառաջադէմ ու կրթութեան եւ լուսաւորութեան պայմաններում, միշտ մնալու է պարսաւելի ե՛ւ կրօնասէր հասարակութեան ե՛ւ նոյնինքն կրօնների կողմից: Դար՝ որի համար կանխագուշակւել էր այն, որ սոյն դարը «կա՛մ կրօնական դար է  լինելու, եւ  կա՛մ՝ երբեք չի՛ լինելու»:

Վերոյիշեալ տաճարների բացայայտ ու անկաշկանդ օգտագործումը իրենց պաշտամունքային բնոյթի անյարիր նպատակների, դժբախտաբար տեղի են ունենում միջազգային մշակութապահպան կազմակերպութիւնների կարեվէր սրտի գերզգայուն բաբախման ու կարեկցանքի ցաւոտ հայեացքի ներքոյ: Համաշխարհային կազմակերպութիւններ՝ որոնք հազիւ կարողանում են սոյն տաճարների արտաքին ու ներքին պատերի անձեռնմխելիութիւնը ապահովել նոր «տանտէր»-երից: Ճիգ՝ որը դարձեալ չի՛ արդարանում կրօնական դիտանկիւնից: «Աստծու Տուն»-ը լինելու վեհութեան եւ դրա միայն պաշտամունքային վայր իբրեւ օգտագործելիութեան երկիւղալից պայմանի աններելի սրբապղծման խայտառակ ու ատելավառ բեմադրութիւն է այս, անարգական դիտաւորեա՛լ որակաւորումով ու քաղաքական մասնաւոր նպատակաուղղւածութեամբ:

Անհամեմատելի է Իրանի Իսլամական Հանրապետութեան գուրգուրոտ վերաբերմունքը վերեւում մէջբերւած քրիստոնէական կրօնի վարկաբեկման բացայայտ օրինակի եւ դրա նման բազմաթիւ այլ պարագաների հետ: Ատրպատականի մեր թեմի սահմաններում գտնւող երեք վանքերը՝ Ս. Թադէոս առաքեալի անւամբ կնքւած մեր հաւատքի «մկրտարան»-ը, Ս. Ստեփանոս Նախավկայի գոհարատեսիլ վանքը, Ծոր-ծորի իմացական մեծ դպրանոցի հռչակ շահած վանքի «մի բուռ» եկեղեցին, իրենց անմիջական շրջապատում հայ բնակչութիւն չունենալով հանդերձ, Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը դրանք համարում է երկրի մշակութային հազւագիւտ գանձերից: Հարստութիւններ, որոնց իւրաքանչիւր քարով ու պատով, խորանով ու քանդակով հպարտ է Իրանը, որպէս քաղաքակիրթ ու դարեր շարունակ մշակութային խոր արմատներ ունեցող երկիր: Մեր վանքերի խորանների յարդարանքից սկսեալ մինչեւ դուռն ու պատուհանը, ինչպէս նաեւ յատակն ու երդիկը իրենց կանոնաւոր ու մնայուն վերանորոգութեան ենթակայ բարեկարգ վիճակով, յարգանք են պարտադրում այս երկրի ղեկավարութեան ու նրանց հրահանգով բծախնդիր հոգածութիւն ցուցաբերող համապատասխան կազմակերպութիւնների նկատմամբ:

Քաղաքակիրթ երկրների լո՜ւռ ու աննկատ բացակայութեան, եւ պապանձւած լեզւով փակ շրթների առջեւ, աշխարհում իր բարձր մշակոյթով միշտ հպարտ մեր ազգի կրօնական սրբավայրերը՝ եկեղեցի ու մատուռ, առաջնորդարան ու մշակոյթի տուն պատերազմական դառնութեան բովից անցան, Արցախի ռազմական գօտիներում գտնւելով: 

Ինչպէս ժողովրդական բնակութեան շէնքերը եւ այլ կառոյցները, վերոյիշեալներն եւս վնասներ կրեցին հրետանակոծութեան թիրախային հարւածներով: Կոյր ռումբեր միշտ են ընկնում պատերազմական դրութեան մէջ յայտնւած քաղաքներում, վնասելով խաղաղ բնակչութեան եւ նրանց կենցաղային ենթակառոյցներին: Անհանդուրժելին սակայն, կրօնական սրբավայրերի նկատմամբ այլամերժութեան շեշտւած դրսեւորումն է, որի ականատեսը եղաւ կոյր ու խուլ աշխարհը համայն, հակառակ ներկայ դարի ակնթարթային հաղորդակցութեան արագասոյր պայմաններին:

Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմաններում ապրող բոլոր ազգութիւնների համար բարձր չափաւորութեան ու փոխադարձ յարգանքի գերագոյն օրինակ Այաթ. Խամենէյին, փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած վստահութեան երաշխիքն է տարբեր կրօնների ու մշակոյթների միջեւ: Աշխարհի խաղաղութեան օրակարգի առաջին կէտն է այս, որը Իրանում կեանքի է կոչւել Իսլամական Յեղափոխութեան առաջին օրւանից: Մեր տաճարիների գմբէթներին թառած խաչն ու մզկիթների մինարէթների վերեւում գտնւող մահիկները իրար հանդիպելիս՝ հանդուրժողութիւն են քարոզում միմեանց նկատմամբ, նոյնը ուսուցանելով իրենց հաւատացեալներին:

Յատկապէս կրօնական սրբավայրերի «Աստծու Տուն»-ը լինելու գաղափարը, համակրօնական յարգանքի պարտադիր հասկացութիւն է, սակայն կրթւած անձա՛նց միայն հասկանալի: Գիտակից վերաբերմունք՝ որը նոյնիսկ ռազմական անորոշ ու անհակակշռելի իրավիճակներում կարող ենք տեսնել, եթէ այն ներառւած լինի սեփական կրօնի սիրոյ կանոններում: Առաւել եւս, սոյն մօտեցումը գիտակից վերաբերմունք է պահանջում, որի հիմքը դրւում է մանկական դաստիարակութեամբ եւ շարունակւում կեանքի  ինքնադաստիարակութեան դպրոցում:

Նոր օրերի դժբախտութիւններն ու արիւնահեղութիւնները բոլոր կրօններին ցաւ են պատճառելու, երբ իրենց գարնանը նոր բացւած մատաղատի կեանքեր դեռ ամառը չտեսած, ցուրտն են գրկում սեւ հողից կարւած վերմակին փաթաթւելով:

Ֆիզիկական մարմնից հոսող բոսոր արիւնից տարբեր, հոգեւոր մարմնից այլ իմն արիւնահոսութիւն սկսւեց, հայկական կրօնական սրբավայրերի նկատմամբ անարգալից վերաբերմունքի պատճառով: Ե՛ւ հոգեւորական ե՛ւ շարքային հաւատացեալ, արցունքով հետեւեցին այն սրբազան յարկերի քանդման սրբապիղծ  ներկայացումներին, որոնք բոլոր կրօնների հայեցողութեամբ մաս են կազմում Ամենակալի դէմ գործւած մեղքերի սեւագիր ցուցակի: Անթոյլատրելի արարքների հեղինակները միշտ անպատասխանատու անձեր են լինում, որոնց զլացւած գլխաւոր արժանիքը, սեփական անձի հանդէպ յարգանքի պակասն է:

Նոր օրերի լոյսի տակ վերստին նայում ենք Ատրպատականի հայոց մեր թեմի վանքերին ու գոհունակութեամբ հաստատում, որ աւելածուներից սկսեալ մինչեւ պահապաններն ու պարտիզպանները, քարտաշներից ու որմնադիրներից սկսեալ մինչեւ գծագրող ու ծրագրող ճարտարապետներն ու շինարարները, մինչեւ նրանց անմիջական հսկիչներն ու վերահսկիչները, եւ նոյնիսկ պետական բարձրաստիճան պատասխանատուները, կրօնական սրբավայրի յատուկ երկիւղածութեամբ են մօտենում մեր վանքերին:

Ուրիշի պաշտած կրօնի հանդէպ յարգանքը, առաւել եւս բարձրացնում է քո պաշտած կրօնի արժէքը, որով միաստւածեան բոլոր կրօնների Աստւածը յաւէտ փառաւորւում է երկրի վրայ եւ երկնքում:

 

17 նոյեմբեր, 2020 թ.

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։