Հա

Համայնք

31/12/2020 - 12:20

Մեր հայրենիք՝ քաղցր ու դառն մեր թշնամեաց ցանկալի…

Բացւող 2021 տարւան նայենք յոյսի լուսապայծառ աչքերով, որովհետեւ Աստծոյ օրհնութեամբ եւ Նրա սուրբ Աջի հովանաւորութեամբ անպայման գալու է «հանուր կեանքի արշալոյսը վառ հագած»: Սակայն անմիջական կարիքը ունենք «պոէտներ»-ի, «որ չեն պղծել իրենց շրթերն անէծքով», որպէսզի գովեն մեր Հայրենիքի «նոր կեանքը, նոր երգերով, նոր խօսքով: Յոյսի՛ Հայրենիք, լոյսի՛ Հայրենիք, իմ նո՛ր Հայրենիք՝ հզօ՛ր Հայաստան»:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի Ամանորի պատգամը

 

«Քո ցաւը, Հայրենիք, կրակէ շապիկ է,

հագնում եմ՝ վառում է, հանում եմ՝ մեռնում եմ»:

ՎԱՐԴԳԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Անցած 29 տարիների ընթացքում Հայրենիքի օրհներգը իւրաքանչիւր հայ մարդու ոչ միայն շրթներից, այլեւ սրտից հնչեց հպարտութեամբ, վերջապէս 600 տարիների ստրկութեան շղթան կոտրած լինելու հոգեկան անհուն բաւարարւածութեան զգացմամբ: Վերոյիշեալ ժամանակամիջոցում բիւրաւորներ եկան ու անցան երազելով հայրենի պետութիւն, սեփական դրօշ, Հայոց Բանակ ու զինանշան, որոնք տեսնելու խոր ցանկութեամբ երգեցին ու ասմունքեցին, նւագեցին ու պարեցին: Սակայն աւա՜ղ, որ դրանք քաղցր անուրջներ եղան միայն, անցած դարերում բոլոր երազողների համար: Ժամանակը տարաւ բոլորին, ծածկեց հողով, բայց չմոռացրեց ոգով…:

Հողի ուժին բոլորս հաւատում ենք, դրա սրբութիւնը եւ մեր նահատակների արեամբ ոռոգւած լինելու նւիրականութիւնը բոլորս պաշտում ենք: Սակայն այն միակ պարագան, երբ նա անուժ է դառնում, Հայրենիքի երազով ննջած մարդկանց հետքը իր տակում ամբողջութեամբ կորցնել չկարողանալու երեւոյթն է: Հայրենիքի երազով թաղւածները միշտ կանչում են հողի տակից, հաղորդւելով ներկայ ժամանակների բոլոր նորութիւններին՝ լաւ կամ վատ:

Տարիները թաւալւեցին եւ եկաւ «արշալոյսը վարդահեղեղ», «բացւեց ճամբան կանաչ գարնան արեւաշող Հայաստան»-ի, եւ դարերի թմբիրից վեր ցատկող հեքիաթային հերոսի նման, «թուր կեծակին» իր ձեռքում, նորից ոտքի կանգնեց յաւերժական Հայաստանը, «Մայր Հայաստան»-ի ծոցից ծնւած, համայն աշխարհին ծանօթ իր «գործովք արութեան», հակառակ խորենացիական «փոքր ածու»-ն լինելու իրողութեան:

Այս «ածու»-ն ցեխոտւել է այժմ ու քարքարոտ դարձել, մանաւանդ օտար սմբակների ներքեւ կոխոտւելով: Այնտեղ կատարւած արդար ցանքը՝ ցորենն ու որթը, Տիրոջ սուրբ սեղանի հաց ու գինու պաշարն ամբողջ, անսրբելի պղծւել են:

Հայրենիքի սիրոյ կրակը եթէ չվառի իւրաքանչիւր հայի սիրտը, նշանակում է, որ ենթակայի կաշւի ներսում չկայ հայութիւն, որովհետեւ հայութիւնը ինքը կրակ է անշէջ, սերունդների յաւերժ երթի ճանապարհը լուսաւորող, մաքրող, ջերմացնող եւ կենսաւորող:

Մեր եկեղեցու պատմութեան մէկ լուսաւոր, բայց ներքին պառակտւածութեամբ դառնացած օրւայ ընթացքին, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական գահ է բարձրանում յաւէտ երջանկայիշատակ Տ. Տ. Զարեհ Ա Հայրապետը, իր անդրանիկ պատգամում ասում է ներկայ բազմահազար հայորդիներին. «Ինծի կրակէ շապիկ հագցուցիք»:

Կրակի այս «շապիկ»-ը մեր ժողովրդի պատմութեան բոլոր ժամանակներում միշտ պատրաստ է եղել ազգային պահարանում, իր տարբեր չափերով, մեր ունեցած բոլոր «հագուստ»-ների՝ մեր ճարտարապետութեան, երաժշտութեան, պարարւեստի, նկարչութեան եւ բոլոր այն թանկարժէք «հագուստ»-ների կողքին, սակայն առանց վառելու դրանք: Այս «շապիկ»-ը բոցավառւում է մեր տագնապների, մեր ինքնատելութեան, մեր երկպառակւածութիւնների ու անհամաձայնութիւնների պահերին, պատճառ դառնալով ամբողջ պահարանի բոցավառման ու արժեզրկման:

Միեւնոյն «շապիկ»-ի բոցաշունչ կտաւը մեր Հայրենիքի վրայ է ձեւում հայրենի գրող Վարդգէս Պետրոսեանը: Նրա ըմբռնումով, հագնելուց՝ վառւում է նրա մարմինը, իսկ հանելուց՝ մեռնում է հայը…: Անհասկանալի մտերմութիւնը կրակի հետ մանուկ հասակից ըմբռնում է երեխան ու ձեռքը քաշում ճարճատւող կրակից: Սակայն, չափահասութեան ողջ կեանքում, մարդը իր գործերի մեծ մասը իրականացնում է կրակով, սկսեալ տնային տնտեսութիւնից, մինչեւ գործի տարբեր ասպարէզներ:

Կրակը, իր բոցեղէն լեզուներով, յոյսի խորհրդանշան է մեր ազգի համար: Ինչքան որ վշտալի, «թշւառ ու անտէր» եւ «թշնամեաց ոտնակոխ», դարձեալ այն մնում եւ մնալու է մեր «յոյսի հայրենիք»-ը, յաւերժական ջերմ վառարանն ու հանգրւանը մեր ազգի: Այնպէս, ինչպէս մեր ֆիզիկական բերանը երբեմն դառնում է անհամ, նոյնպէս եւ ազգային մեր հաւաքական բերանը պղծւում է անէծքով, դառնութեան խօսքերով եւ փոխադարձ ատելավառ արտայայտութիւններով, որոնք ձագարւում են դէպի խորքը մեր ազգային էութեան ու ի վերջոյ ձուլւում մեր ցեղային ինքնութեան ջինջ ակունքներում: Մենք իրարից տարբեր չենք կարող լինել, երբ ունենք մէկ արմատ, որի վրայ ծլած ծառի տարբեր ճիւղերն ենք միայն:

Քաղցր ու դառն մեր իրականութիւնն է այս, որի «ամպ հովանի»-ն կոչւում է «Հայրենիք», այսինքն այն տունը, որի յարկի տակ նոյնիսկ եթէ չենք ծնւել, այն մեր սեփականութիւնն ենք ճանաչում:

Քաղցր ու դառն մեր իրականութիւնն է Հայրենիքը, որը նմանւում է ֆիզիկական ցաւի. ինչքան անտանելի լինի, դարձեալ հաշտւում ենք դրա հետ, չկարողանալով ամբողջութեամբ հեռացնել այն մեր մարմնից: Չմոռանանք, որ հայրենասիրութիւնը անհակակշռելի կիրք է:

Քաղցր ու դառն մեր իրականութիւնն է Հայրենիքը, որի բոլոր փողոցներն ու հրապարակները մերն ենք համարում, իսկ դրա «ժարգոն»-ը՝ երբեմն դժբախտաբար մեր ակադեմական լեզուն դարձնում:

Վերջապէս, մեր դառնութեան բաժակը այնքան չլցնենք, որ այն հոսելով վարար գետի վերածւի, ողողելով թշնամու երկիրը, որովհետեւ եթէ այն մեզ համար քաղցր է ու դառն, սակայն մեր թշնամեաց համար յաւիտենապէս ցանկալի է:

Բացւող 2021 տարւան նայենք յոյսի լուսապայծառ աչքերով, որովհետեւ Աստծոյ օրհնութեամբ եւ Նրա սուրբ Աջի հովանաւորութեամբ անպայման գալու է «հանուր կեանքի արշալոյսը վառ հագած»: Սակայն անմիջական կարիքը ունենք «պոէտներ»-ի, «որ չեն պղծել իրենց շրթերն անէծքով», որպէսզի գովեն մեր Հայրենիքի «նոր կեանքը, նոր երգերով, նոր խօսքով: Յոյսի՛ Հայրենիք, լոյսի՛ Հայրենիք, իմ նո՛ր Հայրենիք՝ հզօ՛ր Հայաստան»:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ

 

Աղօթաձայն օրհնութեամբ՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Նոր՝ 2021 տարի,

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։