Հա

Համայնք

01/02/2021 - 12:20

Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը Թաւրիզում

Ուրբաթ, 29 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ թեմիս պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի 6-րդ հերթական նիստին, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր աղօթքով: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 29 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ թեմիս պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի 6-րդ հերթական նիստին, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր աղօթքով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Աշխարհին տիրող համավարակի պայմաններում, յարգելով առողջապահական կանոնները եւ իրարից հեռաւորութիւն պահպանելու նպատակով, ժողովը «Էմիլ Յակոբեան» դահլիճում գումարելու փոխարէն, հանդիսասրահում տեղի ունեցաւ, օգտւելու համար լայնարձակ սրահի պայմաններից:

Սոյն ժողովին հիւրաբար ներկայ գտնւեց նաեւ ԻԻՀ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը:

Սրբազան Հօր աղօթքից յետոյ, ժողովականների ներկայութիւնը ողջունեց սոյն ժողովի ատենապետ՝ Արմինէ Յովսէփեանը: Նա անդրադարձաւ ներկայ իրավիճակին եւ դժւարին պայմաններում սոյն ժողովի գումարման արտօնութիւն ստանալու մասին:

Դիւանը, նիստի օրակարգերի վրայով առաջ տարաւ ժողովը, նախ լսելով նախորդ նիստի ատենագրութեան ընթերցումը, որը մանր սրբագրութիւններից յետոյ վաւերացւեց նախագահութեան միջոցով: Ապա Թեմական խորհուրդը ներկայացրեց իր նիւթա-բարոյական զեկոյցը, որի գծով ժողովականութիւնը իր տեսակէտը պարզեց, գնահատելի եւ քննադատելի երեսները քննարկելով:

Բարոյական զեկոյցի ընթերցումը կատարւեց Թեմական խորհրդի կողմից, որը գնահատւեց ներկայ ժողովականներից, եւ մանր սրբագրութիւնների պահանջով արժեւորւեց երեքամեայ լայն գործունէութիւնը առաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի:

Իր երեքամեայ գործունէութեան աւարտին Թեմական խորհուրդը, որը բարոյական զեկոյցի կողքին նաեւ նիւթական հաշւեկշիռը ներկայացնելու էր, թղթածրարների շատ լինելու պատճառով չկարողացաւ ամբողջական պատկերը հաղորդել իր ունեցած նիւթական ելեւմուտքի: Ուստի ժողովականների միահամուռ որոշումով ժողով առկախւեց երեք շաբաթով:

Այս առիթով ժողովը նաեւ ընտրեց զոյգ յանձնախմբեր.

ա) Թեմական խորհրդի պատրաստելիք հաշւեկշռի տախտակը քննող, որպէսզի յաջորդ ժողովին կարողանան բացատրութիւն տալ պատգամաւորների կողմից յարուցւող հարցերին:

բ) Նկատի ունենալով, որ վերջին՝ ընտրական օրակարգերը տեղի չունեցան սոյն ժողովի առկախման պատճառով, առաջարկւեց երկրորդ յանձնախումբ կազմել՝ ընտրական յանձնախումբը, որը նոր անունների որոնում կը կատարի Թեմական խորհրդի նոր կազմի համար, որոնք առիթ կունենան իրենց թեկնածութիւնը դնել յառաջիկայ ժողովից առաջ եւ գրաւոր դիմումնագրով ներկայացնել դիւանին, ընտրական յանձնախմբի միջոցով:

Ժողովը փակւեց կէսօրից յետոյ ժամը 3-ին, Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։