Հա

Համայնք

13/02/2021 - 11:20

«Իրօ՛ք Աւարայրում ենք բոլորս, ամենօրեայ դրութեամբ». Գրիգոր արք. Չիֆթճեան

Հինգշաբթի, 11 փետրւար 2021 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց յիշատակին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում իր մատուցած հանդիսաւոր ս. պատարագի ընթացքին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը պատգամ յղեց հաւատացեալ ժողովրդին, համայն մարդկութեան եւ յատկապէս մեր ժողովրդի ներկայ կեանքը ներկայացնելով որպէս ամենօրեայ պատերազմ կամ ամենօրեայ Աւարայր:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 11 փետրւար 2021 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց յիշատակին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում իր մատուցած հանդիսաւոր ս. պատարագի ընթացքին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը պատգամ յղեց հաւատացեալ ժողովրդին, համայն մարդկութեան եւ յատկապէս մեր ժողովրդի ներկայ կեանքը ներկայացնելով որպէս ամենօրեայ պատերազմ կամ ամենօրեայ Աւարայր. «Ես երէկ գտնւում էին Աւարայրի դաշտում, եւ դեռ ոտքերիս փոշին չթօթափած, սոյն պատգամով դիմում են ձեզ, սիրելի՛ հաւատացեալներ: Իրօ՛ք Աւարայրում ենք բոլորս, ամենօրեայ դրութեամբ: Տագնապահար եւ ցաւատանջ ներկայ կեանքը, որտեղ ամէն օր ու ամէն ժամ պատահող մահերի մասին լուրեր են շրջանառւում, նրանցից ոմանք մեզ ծանօթ, ուրիշներ՝ անծանօթ, այս երկրում կամ հեռաւոր ափերում, ողբերգական իրավիճակ են ստեղծել համայն մարդկութեան համար: Սոյն կացութիւնը առաւել եւս հասկանալի է մեր ազգի զաւակների համար յատկապէս, որովհետեւ երեսուն տարիների ընթացքում բարգաւաճած ու նոր վերելքների տեսիլքով ապրող մեր ժողովուրդը, մեծով ու փոքրով, դարձեալ իջաւ Աւարայրի դաշտը, իր արեամբ պաշտպանելու համար մեր պապերի հայրենիքը: Ճիշտ նոյն ոգով, 1570 տարիներ առաջ Վարդանանք գնացին Աւարայրի դաշտը, իմացեալ մահով անմահութեամբ պսակելու իրենց երկրաւոր կեանքը: 1036 նահատակների կողքին կռւող զինւորները առաջին վկաները հանդիսացան նրանց անմահութեան, իսկ մենք, դարեր ետք մեր պատարագով, խունկ ու աղօթքով հայցում ենք նրանց բարեխօսութիւնը մեր նոր նահատակների համար: Վարդանանք վերջին վկաները չէին լինելու, դժբախտաբար: Նրանց թւին աւելացան մէկուկէս միլիոնը եւ ընդամէնը մի քանի ամիսներ առաջ հազարաւորներ, որոնց ճշգրիտ քանակը դեռեւս յայտնի չէ…»,- ասաց Սրբազան Հայրը եւ անդրադարձաւ մեր ժողովրդի վերապրելու անմեռ ոգուն ու վերականգնելու հզօր կամքին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. սեղանին սպասարկեցին սարկաւագների, կիսասարկաւագների, դպրաց եւ դպրուհեաց դասերը, իսկ եկեղեցական երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Ս. պատարագից անմիջապէս յետոյ, սուրբ բեմի առջեւ տեղի ունեցաւ ազգային տօնակատարութիւն, մասնակցութեամբ Թաւրիզի «Թամարեան» դպրոցի աշակերտութեան եւ թաւրիզահայ արւեստագէտների: Դոկտ. Արա Մելիքեանը կատարեց Ալիշանի «Լռեց ամպերը» երգը իր բամբ ձայնով, երգեհոնով նւագակցութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իզաբէլ Սարգիսեան ընթերցեց «Վարդանանց խորհուրդը» նիւթով նկարագրականը Ե. դարու անցուդարձերի, ներկայ հաւատացեալ ժողովուրդը Ե. դարու մարտական միջավայրը փոխադրելով, որտեղ Աւարայրի արծիւը՝ Ղեւոնդ երէց, ինչպէս նաեւ Կարմիր Զօրավարը՝ Սուրբ Վարդան, իրենց անվեհեր ու խրոխտ կեցւածքով քաջալերում էին հայոց բանակի բոլոր զօրականներին ու զինւորներին:

Գիթառահար մեծ վարպետ Վարդան Սարգիսեան, նւագեց «Խուժան Ասկեար»-ը, սպանական ներդաշնութեան յարմարեցնելով ազգային այս երգի նւագը, մեծ ոգեւորութիւն ստեղծելով ներկայ հաւատացեալների մօտ: Ապա, աշակերտուհի Մարիամ Վարդանեանը ասմունքեց Վարդանի նւիրւած ոտանաւոր, որից յետոյ թաւրիզահայ երիտասարդ արւեստագէտ եւ հմուտ գիթառահար Սեւան Գասպարեան նւագեց Սիմոն Ֆելեկեանի «Իմ հայրենեաց» երգը, դարձեալ արդիական ներդաշնութեամբ հմայելով ներկայ բազմութեան: Օրւայ ազգային հանդիսութիւնը շարունակւեց աշակերտուհի Սկառլետ Ենովքեանի արտասանած ազգային ոտանաւորով, եւ հուսկ, Սրբազան Հօր գլխաւորութեամբ եւ Վարդան Վահրամեանի նւագակցութեամբ ժողովուրդը երգեց վարդանաշունչ մի շարք երգեր:

Առաջնորդ Սրբազան Հայրը աւարտին իր գնահատանքը յայտնեց բոլոր մասնակիցներին, դպրոցական աշակերտներից սկսեալ մինչեւ երաժիշտներին եւ եկեղեցու Խնամակալ մարմնի կանանց: Ապա, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի վարչութիւնը յատուկ նւէրներով շնորհաւորեց եկեղեցու սարկաւագ՝ բարեշնորհ Վարդան Տէր-Մարտիրոսեանին, «Կոմիտաս» երգչախմբի խմբավար՝ Վարդան Վահրամեանին, երգչախմբի անդամ Վարդան Սիմոնզին եւ գիթառահար Վարդան Սարգիսեանին, իրենց անւան տօնի առիթով. «Ատրպատականցի մեր ժողովուրդը դարերից ի վեր հաւատարիմ է մնացել Վարդանանց ուխտին: Տեսէք ինչքան Վարդաններ մէկտեղւած ունենք այսօր: Հաւատարմութեան այս ուխտը վերանորոգելու ենք, որպէսզի ընդերկար գոյատեւի Ատրպատականի հայոց մեր թեմը իր հաւատաւոր ժողովրդով»,- ասաց Սրբազան Հայրը:

Գնահատական նւէրներ յանձնւեցին նաեւ դոկտ. Արա Մելիքեանին եւ Սեւան Գասպարեանին:

Նոյն օրը, Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում եւս ս. պատարագ մատուցւեց, ձեռամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Սուրբ պատարագի երգեցողութիւնը կատարեց «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երգեհոնահար Արտեմիս Բայրամեանի: Տէր հայրը իր քարոզում անդրադարձաւ Վարդանանց զոհաբերութեան գերագոյն ճիգին, որի ներշնչած հաւատքով դեռ շարունակում է մեր ժողովուրդը պայքարել իր գոյութեան համար: Սուրբ պատարագի աւարտին, տեղի ունեցաւ ազգային տօնակատարութիւն, որի ընթացքին Ուրմիայի հայոց ազգային դպրոցի աշակերտուհի Թենի Մնացականեան ներկայացրեց Վարդանանց տօնի պատմականը, նկարագրելով երկընտրանքի այն կացութիւնը, որը դրւել էր հայ ժողովրդի դիմաց: Տէր հայրը իր գնահատական խօսքը ուղղեց նրան եւ դպրոցի տեսչութեան ու ներկայ հաւատացեալներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։