Հա

Համայնք

14/02/2021 - 11:15

«Հաւատքով ընդառաջ գնանք Տիրոջ կամքին». Գրիգոր արք. Չիֆթճեան

Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան եւ նախատօնակին նախագահելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, յատկապէս շեշտելով նախախնամութեան գծած ուղիին հաւատարիմ մնալու մարդկային յանձնառութիւնը:

 

«alikonline.ir» - Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան եւ նախատօնակին նախագահելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, յատկապէս շեշտելով նախախնամութեան գծած ուղիին հաւատարիմ մնալու մարդկային յանձնառութիւնը. «Հաւատքով ընդառաջ գնանք Տիրոջ կամքին, այնպէս ինչպէս մեր Տէրը ինք ընդառաջ գնաց իր Հօր կամքին, զոհաբերելով իր անձը վասն մարդկութեան: Տեառնընդառաջի տօնը ներկայացնում է եբրայական մէկ աւանդութիւն՝ նորածինների տաճար ընծայման ազգային սովորութիւնը, որին ենթարկւեց նաեւ Յիսուս: Սակայն, այն մեծ խորհուրդ ունի այսօր մեզ համար, Տիրոջ առջեւ մեր գլուխը խոնարհեցնելու իմաստով, ընդունելու համար Նրա կամքը եւ ո՛չ մեր կամքը: Մենք յաճախ չենք իմանում թէ Աստւած ի՞նչ է ծրագրել մեզ համար»,- ասաց Սրբազան Հայրը, բացատրելով, որ մարդ էակը միշտ աշխատում է իր սեփական կամքով շարժւել, որը յաճախ նրա անձնական նախասիրութիւնների, սեփական հաշիւների, շահերի, ոխերի, քէների ու անհատական քմահաճոյքների պատճառով նրան կորստեան կը մատնի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ կատարւեց նախատօնակ, երգւեց տօնի «Մարմնացեալդ ի կուսէն» շարականը եւ ապա մանուկների տաճար ընծայման կարգը տեղի ունեցաւ: Ապա խորանից վերցւած մոմի բոցով վառւեց եկեղեցու կենտրոնում զետեղւած մեծ աշտանակը, որից իրենց լապտերներն ու մոմերը վառւեցին հաւատացեալները:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցու թափօրը ուղղւեց դէպի շրջափակը, որտեղ Սրբազան Հօր ձեռամբ առաջին բոցը տրւեց աւանդական խարոյկին: Հայ հեթանոսական ժամանակներից մնացած սոյն աւանդութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետի միջոցով պահպանւել է, միացւելով Տեառնընդառաջի տօնին, որով Քրիստոս-Լոյսով լուսաւորւում են մեր տները, որպէս աշխարհի վրայ ծագած արդարութեան Արեգակ:

Նոյն երեկոյեան, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակ, արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով: Ապա, եկեղեցու Խնամակալ մարմնի նախապատրաստութեամբ, շրջափակում Տէր հօր ձեռամբ բոցավառւեց խարոյկը, ազգային հին աւանդութեան շարունակութիւնը ապահովելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։