Հա

Համայնք

24/04/2021 - 07:00

Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ

Ամօ՛թ մեզ, հազար անգամ ամօ՛թ…: Մե՞նք էինք լինելու մեր ազգի թշնամին, փոխանակ դատապարտեալի աթոռի վրայ գամւած պահելու մեր ամօթահար դարաւոր թշնամուն, որը այսօր ազատ շրջագայում է ամենուրեք, հպարտ ու երջանիկ: Եթէ մենք մեզանից չենք ամաչում, մեր հին ու նոր նահատակներից ամաչենք, գէթ միանգամ ցոյց տալով, որ միացեալ եւ ուժեղ ազգ ենք, թէպէտ քանակով քիչ, բայց հեռու խտրականութիւնից եւ հեռու ամէն տեսակ բաժանարար ու անջատողական մօտեցումներից:

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՊՐԻԼ 24-Ի ՊԱՏԳԱՄԸ

 

Մարդկային թերութիւններից մէկն է՝ յանցանքը իրենից հեռացնելու եւ դրանից խուսանաւելու վատ սովորութիւնը, փոխանակ առերեսւելու ճշմարտութեան հետ եւ ընդունելու սեփական սխալը:

Ինչ դրական երեւոյթ, որ մեր կեանքում տեղ գրաւի, միշտ պատրաստ ենք պատւական բազկաթոռի բազմեցնել, իսկ բոլոր ժխտական երեւոյթները, որոնք մեր ապիկարութեան պատճառով են յայտնւում մեր կեանքում, նոյնպէս պատրաստ ենք հեռու վանել մեզանից, ուրանալով դրանց գոյութիւնը, եւ ի մասնաւորի մեր ձեռամբ կատարւած լինելը:

Աշխարհում ապրող ժողովուրդների շարքում, հակառակ քաղաքակիրթ ազգերի ցուցակում լինելու պատւին, մեր ազգը նաեւ մաս է կազմում թշնամիներ ունեցող ժողովուրդների խմբաւորման, որոնք դարերի ընթացքում դիմադրել են նրանց, իրենց գոյութենական կռիւը մղելով:

Թշնամիներ ունենալը, սակայն, միայն ժխտական իմաստով չընդունենք: Այն նաեւ ունի դրական իմաստ, որը տւեալ ազգի ներքին միութեան եւ դրա զաւակների մարտական շարքերի վերադասաւորման խորապէս նպաստող ազդակ է: Պատմութեան ընթացքում գիտակից ազգեր յաղթանակներ են ապահովել, միասնական ճակատ կազմելով իրենց հասարակաց թշնամու դիմաց:

Համայն աշխարհին ծանօթ է հայ ազգի թշնամին: Բարեբախտութի՞ւն է, թէ՞ դժբախտութիւն, ճշգրիտ չգիտենք, որ աշխարհի տարբեր ժողովուրդներից շատերը մեզ ճանաչում են Հայոց Ցեղասպանութեան պատճառով, յիշում են մեր մէկուկէս միլիոնին եւ պժգանք արտայայտում դրա ջարդարար օսմանցի դահիճներին: Ուրեմն, մեզ համար ծանօթ հասարակաց մեր թշնամին՝ թուրքը, նաեւ ծանօթ է օտար ազգերին, նոյնիսկ եթէ նրանք չեն բարձրաձայնում դրա անունը, իրենց միջպետական եւ աշխարհաքաղաքական շահերից մեկնելով:

Պիտի ընդունենք նաեւ, որ թշնամին մէկ հաւաքական ուժ լինելով հանդերձ, կարող է տարբեր դիմակներով մօտենալ մեզ, այնպէս ինչպէս սատանան քրիստոնէական վարդապետութեան մէջ, որը կարող է մարդակերպ զգեստաւորմամբ ու համոզկեր խօսքերով մօտենալ իր զոհին, կորստի մատնելու համար նրան:

Որեւիցէ թշնամու առաջնային մարտավարութիւնը, հակառակորդ բանակի շարքերում պառակտում առաջացնելն է, որի հետեւանքով իր առջեւ բացւելու են դիմացի բերդի դարպասները, եւ քայքաւելու է այն պաշտպանող ռազմական օղակը:

Հայոց երկարատեւ եւ ցարդ շարունակւող պատմութիւնը վկայ, որ մեր ժողովուրդը միշտ զոհ է գնացել իր թշնամիների կողմից կիրարկւած միեւնոյն մարտավարութեան, սակայն դժբախտաբար ցարդ չի՛ գիտակցել իր ունեցած կորուստների հիմնական դրդապատճառին:

Հայրենական տխուր լուրերը, որոնք համայն հայութեան համար աղէտաբեր հետեւանքներ ունենալու են դեռեւս, Արցախեան հողերի մեծամասնութեան կորուստը չէր միայն: Այն մետաղադրամի դիմերեսն էր միայն, որը այնքան տխուր հարւածներով բարձրաքանդակւեց մեր հաւաքական յիշողութեան մտապատի վրայ: Միեւնոյն մետաղադրամի դարձերեսը դեռեւս չի՛ բացայայտւել, որովհետեւ դրամը դեռ օդում պտտւելու վիճակում գտնւելով, չի՛ հանգչել մեր ազգի աճպարարներից մէկի մրոտ ափում:

Դարաւոր թշնամին ուրախութիւնից պար է բռնել Հայաստանի շուրջ, Հայաստանի մէջ եւ Հայաստանից հեռու: Նրա շուրջպարի կենտրոնական դհոլի կշռութաւոր համազարկի հզօր ձայնը լսւում է ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ շրջակայքում ե՛ւ հեռուներից: Ողբերգութիւն է տեսնել, որ սոյն շուրջպարի մէջ պարում են նաեւ մեր ազգակիցներից շատերը, նոյնիսկ պարագլխի դերերի ստանձնումով, օդում իրենց թաշկինակները ճօճելով:

Ապրիլի 24-ն է դարձեալ...:

Հին ու նոր նահատակների անտեսանելի շուրջպար է ծայր առել հայ կեանքից հեռու, որովհետեւ նրանք՝ մեր նահատակները, չե՛ն ուզում մեր նւագի տակ պարել: Հայոց Ցեղասպանութեան ալեհեր մեր նահատակները շուրջպար կազմած պարում են արցախեան ջահէլ եւ հազիւ աղւամազերով ծածկւած դէմքերով հերոս նահատակների հետ: Տխուր, բայց վրիժառական է նրանց շուրջպարի երաժշտութիւնը: 106 տարիների հեռաւորութիւնը ոչինչ չի՛ փոխել երաժշտական ու պարարւեստի սոյն պատմութիւնից, որովհետեւ անցած տասնամեակներին, կմախքացած մեր նահատակների ոսկորներով սրինգ սարքեցինք միայն եւ նւագեցինք ու լացեցինք, փոխանակ դրանցից դաշոյն սարքելով, դրանք թշնամու կողը խրելու:

Մեր կենդանի թէ մահացած նահատակների աճիւնները խաղալիք են դարձել թշնամու ձեռքում: Դրանք իրար քսելով սրում է նա, մեր սիրտը վիրաւորելով ամէն րոպէ: Բայց արդեօք նրա այս վայրագ աշխատանքի սրաքարը մենք չե՞նք: Արդեօք մեր նահատակների ոսկորները, մեր իրար հայհոյող սուր լեզւի սրաքարի վրայ չի՞ սրում մեր թշնամին…:

Բայց մենք արդէն մոռացել եւ ազատ ենք թողել մեր դարաւոր թշնամուն: Նա գործում է ազատ ու համարձակ, առանց հաշւի առնելու մեր պահաջատիրական պայքարի հարիւրամեայ ընթացքը, համաշխարհային քաղաքականութեան մէջ փոփոխութիւն բերելու միտող մեր քաղաքական կուսակցութիւնների անդուլ մարտնչումները, որովհետեւ վստահ է արդէն, որ իր թշնամական շապիկից բազմաթիւ օրինակներ շրջանառութեան մէջ են հայ ազգի կեանքում, որտեղ նոյնից ձեւում են եւ իրար հագցնում մեր ժողովրդի զաւակները:

- Ո՞վ է մեր ազգի թշնամին:

Խնդրեմ պատասխանեցէք այս հարցին, որը այնքան դժւար չէ ներկայ ժամանակներում տեղի ունեցող դէպքերի լոյսի տակ: Սոյն հարցին ամենաշուտ պատասխանը գտնելու ձեւը, իրար դէմքին նայելն է, որովհետեւ այսպիսով շուտով հանդիպելու եւ ծանօթանալու ենք մեր թշնամուն…:

Ամօ՛թ մեզ, հազար անգամ ամօ՛թ…: Մե՞նք էինք լինելու մեր ազգի թշնամին, փոխանակ դատապարտեալի աթոռի վրայ գամւած պահելու մեր ամօթահար դարաւոր թշնամուն, որը այսօր ազատ շրջագայում է ամենուրեք, հպարտ ու երջանիկ: Եթէ մենք մեզանից չենք ամաչում, մեր հին ու նոր նահատակներից ամաչենք, գէթ միանգամ ցոյց տալով, որ միացեալ եւ ուժեղ ազգ ենք, թէպէտ քանակով քիչ, բայց հեռու խտրականութիւնից եւ հեռու ամէն տեսակ բաժանարար ու անջատողական մօտեցումներից:

Մեր պատմութեան ողջ տեւողութեան ընթացքում, միայն միասնականութեամբ մեր ազգի ու Հայրենիքի փրկութիւնը ձեռքբերելու պատգամներ շատերը տւել են, որոնք քարոզի ու բարոյախօսութեան պիտակով կնքւելով, փոշիների տակ են թաղւել անցեալում:

Յոյս ունեմ, որ Ապրիլեան այս համեստ պատգամը Ատրպատականի թեմի հայոց առաջնորդի կողմից գրւած, ամենօրեայ կենսափորձից բխած մտածումների որպէս բանաձեւում, նախորդների կողմից տրւած պատգամների նման փոշեծածկ լինելու դժբախտ ճակատագրին չի՛ ենթարկւի: Յոյս ունեմ…: Այո՛, դեռ յոյս ունեմ:

 

Աղօթարար՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

24 Ապրիլի, 2021

Տօն Սրբոց Նահատակացն Ազգիս Հայոց

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է նորընտիր նախագահին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է նորընտիր նախագահին

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը շնորհաւորական ուղերձ է յղել այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր այցը՝ Թեհրանի ազգային առաջնորդարան
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր այցը՝ Թեհրանի ազգային առաջնորդարան

    Կիրակի, 9 մայիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի նոր տնօրէնի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի նոր տնօրէնի հետ

    Երեքշաբթի, 27 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական այցելութիւն տւեց Իսլամական մշակոյթի տարածման Թաւրիզի կենտրոնատեղին: 

  • Ապրիլ 24-ը Անթիլիասի Մայրավանքին մէջ
    Ապրիլ 24-ը Անթիլիասի Մայրավանքին մէջ

    Շաբաթ, 24 Ապրիլ 2021-ին, Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակին առիթով, Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Պատարագը մատուցեց Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան, իսկ երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

  • ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ
    ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

    Պատմութեան իւրացումով հայ աշակերտը, երիտասարդը, յանձնառու հաւատացեալը պիտի իմանայ, որ ինքը Ցեղասպանութեան է ենթարկւել ու Ցեղասպանութեան ենթարկւել նշանակում է ջարդ, կողոպուտ, բռնաբարում, հայրենազրկում, աւեր ու աւար, եկեղեցիների, վանքերի, տաճարների քանդում ու աւերում, մի խօսքով, ողջ մի երկրի աւերակի վերածում։ Եւ սա հանդիսանում է մարդկային պատմութեան ամենասեւ էջերից մէկը։ Աւելի սեւն ու անմխիթարը ցեղասպան թուրքին դեռեւս անպատիժ մնալն ու անամօթաբար ուրացումը իր գործած ոճիրին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։