Հա

Համայնք

14/08/2021 - 10:30

Թաւրիզի Եկեղեցիների Կանանց խնամակալ մարմինը ընտրեց իր նոր վարչութիւնը

Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, չորեքշաբթի, օգոստոսի 11-ի երեկոյեան ժամը 6-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ Թաւրիզի Եկեղեցիների Կանանց խնամակալ մարմնի ընտրական ժողովը, որին մասնակցեցին քաղաքում ներկայ անդամները:

«alikonline.ir» - Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, չորեքշաբթի, օգոստոսի 11-ի երեկոյեան ժամը 6-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ Թաւրիզի Եկեղեցիների Կանանց խնամակալ մարմնի ընտրական ժողովը, որին մասնակցեցին քաղաքում ներկայ անդամները: Ներկայ կորոնավիրուսի համավարակի պայմանների պատճառով յարգելի համարւեց որոշ անդամների բացակայութիւնը: Սրբազան Հօր կողքին ներկայ էր Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Թեմական խորհրդի կազմից՝ Վարդան Կարապետեանն ու Քաթրին Դիլանեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր բացման աղօթքի պահին, «Հոգւոց»-ով յիշատակւեցին սոյն մարմնի երկու հանգուցեալ անդամուհիները՝ երկարամեայ ատենապետուհի Մինէ Նազարեանը եւ Ռոզա Բադալեանը, որը կորոնավիրւոսի համաճարակի զոհ է դարձել:

Բացման ու բարի գալստեան խօսքով ներկաներին դիմեց վարչութեան անդամ եւ վերջին երկու տարիների ընթացքում մարմնի գործերի համակարգող Էմմա Յարութիւնեանը: Նա իր խօսքի ընթացքում անդրադարձաւ այն դժւարին ժամանակահատւածին, որի ընթացքում գործել էր Թաւրիզի Եկեղեցիների Կանանց խնամակալ մարմինը, սակայն յոյս յայտնեց, որ հետզհետէ կը նւազի համավարակի ազդեցութիւնը եւ մարմինը վերստին կը խթանի իր գործունէութիւնը, ի սպաս մեր եկեղեցու պայծառութեանը: Թեմական խորհրդի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Քաթրին Դիլանեանը: Նա սրտանց ողջունեց Խնամակալ միութեան իւրաքանչիւր անդամի ներկայութիւնը, որոնց իւրաքանչիւրի նւիրւածութեանը ծանօթ լինելով հանդերձ, Թեմական խորհրդի զօրակցութիւնը յայտնեց նրանց:

Սրբազան Հայրը հրաւիրւելով իր պատգամը տալու, խրախուսիչ խօսքերով դիմեց Խնամակալ մարմնի անդամներին, միշտ շեշտելով եկեղեցու կողքին լինելու եւ դրա գործունէութեան զօրավիգ կանգնելու առանձանշնորհները. «Եկեղեցու առաքելութեան մասնակցել, նշանակում է Աստծուն գործակից լինել: Սա մեծ պատիւ լինելուց բացի, ձեզ տրւած երկնային շնորհ է»: Ապա Սրբազան Հայրը անդրադարձաւ համայն աշխարհի մարդկութեան կեանքը վերիվայրումների ենթարկած համավարակին, որի հետեւանքով բիւրաւոր ծրագրեր չեղեալ էին համարւել. «Որոշ ժամանակ մենք եւս ստիպւած եղանք դադարեցնել մեր եկեղեցական արարողութիւնները: Հիմա սովորեցինք, թէ ինչպէ՞ս ենք պայքարելու այս համավարակի դէմ: Եթէ նոյնիսկ այն վերանայ այս աշխարհից, մի առ ժամանակ դրա գոյութեան վախը դեռեւս մեր սրտերում մնալու է: Ուստի, մենք շարունակելու ենք մեր արարողութիւնները, կարելի բոլոր միջոցներով միշտ պաշտպանւելով համավարակից»,- ասաց Սրբազան Հայրը, միաժամանակ իր գնահատանքը յայտնելով բոլոր այն կանանց, որոնք հերթաբար իրենց ծառայութիւնն էին մատուցել մեր եկեղեցիներում, մոմավաճառութեան, մաքրութեան, զգեստների խնամքի եւ դրանց յարակից աշխատանքների կատարմանը նպաստելով:

Այնուհետեւ Էմմա Յարութիւնեանի կողմից ընթերցւեց Խնամակալ մարմնի աշխատանքային զեկոյցը, ինչպէս նաեւ ներկայացւեց նիւթական հաշւեկշիռը: Ժողովը իր գնահատանքը յայտնեց մարմնի տարած աշխատանքների համար, իւրաքանչիւր անդամի նւիրեալ ծառայութիւնը օրինակելի համարելով: Ապա իր զեկոյցը տւեց Հաշւեքննիչ մարմինը, հաշւական ընդունելի կատարելութիւնը ներկայացնելով ու գնահատելով: Ապա ներկաներից ընտրւեց Ընտրական յանձնախումբ, վարելու համար յաջորդ օրակարգը, նոր վարչութեան եւ նոր Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնը: Սոյն յանձնախմբի անդամ ընտրւեցին Անահիտ Յակոբեանը, Վարդան Կարապետեանը եւ Քաթրին Դիլանեանը: Հաշւեքննիչ մարմնի համար կազմւեց ընտրելի թեկնածուների անւանացանկ, որից գաղտնի քւէարկութեամբ ընտրւեցին Կարինէ Կարապետեանը, Ժենիկ Աբրահամեանը եւ Քաթրին Մեջլումեանը, որպէս առաջիկայ շրջանի Հաշւեքննիչ մարմին: Ապա կատարւեց վարչութեան ընտրութիւնը: Դարձեալ գաղտնի քւէարկութեամբ, առաջիկայ երկու տարիների վարչական կազմի անդամ ընտրւեցին Էմմա Յարութիւնեանը, Էլենա Աբրահամեանը, Արմինէ Մնացականեանը, Ռեբեկա Սարգսեանը եւ Սիլւա Բաբայեանը:

Սրբազան Հայրը իր եզրափակիչ խօսքում օրհնութիւնը տւեց նորընտիր վարչութեանը, որոնք առաջիկայ երկու տարիների ընթացքում, Աստծու օգնութեամբ տնօրինելու են Թաւրիզի Եկեղեցիների Խնամակալ մարմնի գործունէութիւնը. «Դժւար գործ չկայ, երբ մարդ իր յոյսը դնում է Աստծու վրայ: Ձեր ուսերին դրւած բեռը քաղցր է, որովհետեւ նախ Աստծուն էր ձեր ծառայութիւնը բերում: Նւիրական սոյն աշխատանքի համար ի սրտէ յաջողութիւն եմ մաղթում բոլորիդ»,- ասաց նա եւ «Պահպանիչ» աղօթքով փակեց ընտրական ժողովը:

Ժողովից յետոյ, նորընտիր վարչութիւնը դարձեալ Սրբազան Հօր նախագահութեամբ եւ ընտրական յանձնախմբի ներկայութեամբ կատարեց իր դիւանի ընտրութիւնը, որը ստացաւ հետեւեալ պատկերը. Էմմա Յարութիւնեան (ատենապետ) Էլենա Աբրահամեան (փոխատենապետ), Սիլւա Բաբայեան (ատենադպիր), Արմինէ Մնացականեան (հաշւապահ) եւ Ռեբեկա Սարգսեան (գոյքապահ):

Սրբազան Հայրը դարձեալ իր քաջալերական խօսքերով խրախուսեց նոր կազմին, յաջող գործունէական երթ մաղթելով նրան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։