Հա

Համայնք

17/08/2021 - 09:50

Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը, երկրում տիրող համավարակի պայմաններում, այս տարի սահմանափակ թւով հաւատացեալների ներկայութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում:

«alikonline.ir» - Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը, երկրում տիրող համավարակի պայմաններում, այս տարի սահմանափակ թւով հաւատացեալների ներկայութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 15 օգոստոսի 2021 թ.-ին, Թաւրիզի Մարալան թաղամասի պատմական Ս. Աստւածածին մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, ըստ աւանդութեան տօնելու համար նաեւ սոյն ուխտավայր-մատրան անւանակոչութեան օրը: Երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ՝ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Սրբազան Հայրը իր քարոզի բնաբանը վերցրել էր օրւայ շարականից՝ «Այսօր տեսեալ զսուրբ Կոյսն թռուցեալ յօդս եւ ամպեղէն կառօքն ի վեր համբարձեալ յերկինս»: Վերափոխման տօնի աւանդապատումը ներկայացնելուց բացի, Սրբազան Հայրը Սուրբ Կոյսի անհատական ու նկարագրային բարեմասնութիւնները ընդգծեց, դրանք իբրեւ հզօր օրինակներ ներկայացնելով այսօրւայ տառապող մարդկութեան. «Վաղ երիտասարդութեան տարիներից սկսեալ, Աստւածամօր կեանքը եղաւ դժւար, երբ երկնքից ստացաւ Աստծու Որդուն ծնելու աւետումը: Քրիստոսի երեքամեայ քարոզչական տարիները հեշտ չեղան Աստւածամօր համար, որ միշտ հետեւում էր նրա լուրերին եւ ոչ միայն հոգեպէս տագնապում նրա հետ, այլեւ զօրակցում նրան: Սակայն ամենադժւար պահերը Սուրբ Կոյսը ապրեց, երբ իր Որդուն տեսաւ խաչի վրայ, անարգւած մարդկութիւնից: Մեծագոյն առաքինութիւնը, որը Սուրբ Կոյսը ցուցաբերեց իր կեանքի ընթացքին, համբերութիւնն էր, այս բառի վաւերական իմաստով»,- ասաց Սրբազան Հայրը, յիշեցնելով բոլորին, որ «այսօր մեր կեանքից բացակայող մեծ կարիք է համբերութիւնը: Ամէն տեղ, ամէն առիթով, ամէն յարկի տակ, ամէն գործի ընթացքում մեզ համբերութիւն է պէտք, որովհետեւ ներկայ կեանքի խճողւած իրականութիւնը մեզ անհամբեր ու մանաւանդ անհանդուրժող է դարձրել: Սուրբ Կոյսը համբերեց, հաւատալով: Նա համբերեց հեռատեսութեամբ, հանդուրժեց ամէն տեսակ անարգանքի, որ իր որդուն պատճառով կրում էր իր կեանքի ընթացքում: Սակայն համբերութիւնը նրան արժանացրեց երկնային փառքին՝ երկրից երկինք վերափոխման»,- ասաց Սրբազան Հայրը:

Ս. պատարագի աւարտին, Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինի կողմից պատրաստւած խաղողներով լեցուն ծրարները զետեղւեցին եկեղեցու մուտքում զետեղւած սեղանի վրայ, որի վերեւում յարդարւել էր խաղողների ողկոյզներով զարդարուն հնամենի կամարը: Սոյն խաչկալի տակ կատարւեց Խաղողօրհնէքի հանդիսաւոր արարողութիւնը: Ապա, Խնամակալ մարմինը հիւրասիրութեամբ պատւեց ներկաներին:

Նոյն օրը Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը: Ս. պատարագը մատոյց եւ քարոզեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Եկեղեցու Խնամակալ կանանց աշխատանքով պատրաստւել էին օրհնւելու խաղողների ծրարները, որոնք ներկայ հաւատացեալ ժողովրդի կողմից նւիրաբերւել էին եկեղեցուն: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Արտեմիս Բայրամեանի:

Նոյն օրը, կէսօրից յետոյ ժամը 1-ին, Գեարդաբադ գիւղի Ս. Գէորգ եկեղեցում, դարձեալ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով, տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին օրհնւեց խաղողը եւ բաշխւեց գիւղի բարեպաշտ ժողովրդին:

Երկու եկեղեցիներում, տէր հայրը իր խօսած քարոզի միջոցով բացատրեց Սուրբ Կոյսի երկրաւոր կեանքի աւարտից յետոյ դէպի երկինք վերափոխւելու քրիստոնէական աւանդութիւնը:

Ապա տեղի ունեցաւ խոստովանանք եւ ժողովուրդը մօտենալով Սուրբ խորանին, երկիւղածութեամբ ստացաւ Ս. Հաղորդութիւն:

Յայտնենք, թէ Վերափոխման տօնի յաջորդ օրը՝ երկուշաբթի, 16 օգոստոսի 2021 թ.-ին, Թաւրիզում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան արարողութիւն, որի աւարտին քահանայ հայրը գերեզմանօրհնէք կատարեց:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։