Հա

Համայնք

26/08/2021 - 11:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց ճարտարապետ Շերլի Աւետեանի այցելութիւնը

Իրանի հայկական եկեղեցիների պահպանման կենտրոնի տնօրէն դոկտ. Շերլի Աւետեան Ատրպատկանի հայոց թեմի ազգային առաջնորդարան ժամանեց երկուշաբթի, 23 օգոստոս 2021-ի երեկոյեան ժամը 7-ին, շնորհաւորելու համար նորընտիր Թեմական խորհրդին: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհրդի անդամները նրան ընդունեցին «Էմիլ Յակոբեան» դահլիճում: 

«alikonline.ir» - Իրանի հայկական եկեղեցիների պահպանման կենտրոնի տնօրէն դոկտ. Շերլի Աւետեան Ատրպատկանի հայոց թեմի ազգային առաջնորդարան ժամանեց երկուշաբթի, 23 օգոստոս 2021-ի երեկոյեան ժամը 7-ին, շնորհաւորելու համար նորընտիր Թեմական խորհրդին: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհրդի անդամները նրան ընդունեցին «Էմիլ Յակոբեան» դահլիճում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր կողքին հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի անդամները՝ Գագիկ Ջորջեան, Ալէն Սայադեան, Վարդան Կարապետեան եւ Հենրիկ Աբրահամեան: Երկրից դուրս լինելու պատճառով սոյն հանդիպումից բացակայում էր Քաթրին Դիլանեանը:

Սրբազան Հայրը բարի գալստեան խօսքից յետոյ կարեւորութեամբ անդրադարձաւ այն հսկայածաւալ աշխատանքին, որը Ատրպատականում կատարւում է Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան կողմից, գործակցաբար Իրանի հայկական եկեղեցիների պահպանման կենտրոնին, գլխաւորութեամբ Շերլի Աւետեանին. «Ատրպատկանի հայոց թեմը յատկապէս եմ շեշտում, ասաց Սրբազանը, որովհետեւ Իրանի ամենապատմական վանքերն ու եկեղեցիները մեր թեմի տարածքում են գտնւում: Փորձը ցոյց տւել է, որ անցնող տասնամեակների ընթացքում շինարարական փոքրածաւալ աշխատանքներ միայն կարողացել է կատարել մեր թեմը, նիւթական համեստ պայմանների բերմամբ: Միայն Իրանի պետական կառոյցները կարող էին նման մեծածախս վերանորոգութիւններ կատարել, որի համար մեր երախտագիտութիւնն ենք յայտնում նախ երկրի բարձրագոյն հոգեւոր եւ քաղաքական իշխանութեանց եւ բոլոր այն անձերին, որոնց մէջ մանաւանդ Շերլի Աւետեանին, որ իր գործակիցների հետ մեծ դերակատարութիւն է ունենում աստւածահաճոյ եւ մշակութանւէր սոյն աշխատանքի յաջողութեան գործում»,- շեշտեց Սրբազան Հայրը: Նա միաժամանակ շնորհաւորեց Շերլի Աւետեանին, նրա «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի հրատարակութեան առիթով, «որը երկար տարիների աշխատանքի արդիւնք է, նկարների դասաւորմամբ եւ իրանահայ երեք թեմերի եկեղեցիների ներկայացմամբ»,- ասաց նա, յիշելով, որ Հայաստանում գրքի շնորհանդէսի առիթով, յանուն Ատրպատականի հայոց թեմի, իր գնահատանքի եւ օրհնութեան խօսքն ուղարկել էր արդէն:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը յատուկ կերպով ողջունեց Շերլիի ներկայութիւնը, յիշելով նրա կատարած բոլոր աշխատանքները յատկապէս մեր պատմական վանքերում: Նա Թեմական խորհրդի անունից պատրաստակամութիւն յայտնեց համագործակցութեան բոլոր հնարաւորութիւնները ստեղծել, միասնական ջանքերով ոչ միայն պահպանելու, այլեւ բարեզարդելու մեր եկեղեցիները:

Թեմական խորհրդի բոլոր անդամները իրենց հերթին գնահատական խօսքերով դրւատեցին վերոյիշեալ կենտրոնի տարած մասնագիտական աշխատանքը: Ապա Շերլի Աւետեան շնորհակալական խօսքով հանդէս եկաւ, զեկուցեց վերջին ամիսներին կատարւած աշխատանքների մասին, յատկապէս երախտագիտութիւն յայտնելով Սրբազան Հօրը բարձր հովանաւորութեան համար բոլոր աշխատանքներում, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի բոլոր անդամների քաջալերական արտայայտութիւնների եւ համագործակցութեան ոգու ցուցաբերման համար:

Շերլի Աւետեան այս առիթով ներկայացրեց յառաջիկայ ծրագրերի հերթականութիւնը, վերանորոգման աշխատանքների ընթացքը եւ յատկապէս եկեղեցական արարողութիւններով մեր վերանորոգւած սրբավայրերի բացումը Սրբազան Հօր ձեռամբ կատարւած տեսնելու փափագը: Սրբազան Հայրը մեծ ուրախութեամբ ընդառաջումի խօսք ուղղեց սոյն փափագին, խոստանալով ամենաշուտ ժամանակին սրբալոյս Միւռոնի վերստին օծմամբ նւիրականացնել վերանորոգւած սրբավայրերը, անշուշտ միշտ նկատի ունենալով երկրում տիրող Կորոնա համավարակի պարտադրած սահմանափակումների պայմանները:

Հանդիպման աւարտին Շերլի Աւետեան իր գրքից օրինակներ նւիրեց Սրբազան Հօրն եւ Թեմական խորհրդի անդամներին: Ապա, ներկաները ազգային առաջնորդարանում միասնաբար ընթրեցին, հիւրը դառնալով ազգային իշխանութեան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։