Հա

Համայնք

17/09/2021 - 12:50

«Գորիս-Կապան ճանապարհի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելով՝ մեծ հարւածի տակ ենք դնում ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական անվտանգութիւնը». տնտեսագէտներն արձագանգում են

Երէկ՝ սեպտեմբերի 16-ին յայտնի դարձաւ, որ Գորիս-Կապան ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետեւ ադրբեջանական անցակէտն անցնելու համար նրանցից գումար են պահանջում:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 16-ին յայտնի դարձաւ, որ Գորիս-Կապան ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետեւ ադրբեջանական անցակէտն անցնելու համար նրանցից գումար են պահանջում:

Յիշեցնենք, որ դեռեւս երկու օր առաջ տեղեկութիւն էր տարածւել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրւած իրենց անցակէտում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թոյլտւութեան համար:

Իրան-Հայաստան Առեւտրաարդիւնաբերական պալատի տելեգրամեան պարսկերէն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայւած ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանէթ (մօտ 130 ԱՄՆ դոլար) գումար։

Նկատենք, որ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերեալ հաղորդագրութիւն էր տարածել՝ մասնաւորապէս նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մօտ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Էյւազլի բնակավայրի հատւածում Ադրբեջանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմից իրականացւում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը 168.am-ի հետ զրոյցում վստահեցրեց՝ իրավիճակի երկարաժամկէտ լուծումը «Հիւսիս-Հարաւի» լիարժէք կառուցումն է:

«Հայաստան-Իրան ճանապարհը երեսուն տարիների ընթացքում մշտապէս բաց է եղել. մենք երբեք խնդիր չենք ունեցել բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցում՝ հաշւի առնելով նաեւ այն, որ ինչպէս 90-ականներին, այնպէս էլ Արցախեան վերջին պատերազմի ժամանակ Իրանը եղել է մեր ռազմական նշանակութեան ապրանքների տեղափոխման հիմնական ուղղութիւնը, քանի որ Վրաստանն ինչպէս 1990-ականներին, այնպէս էլ վերջին պատերազմի ժամանակ փակել էր ռազմական նշանակութեան զէնք-զինամթերքի մատակարարումը դէպի Հայաստան:

Մենք այս ճանապարհի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելով, ըստ էութեան, մեծ հարւածի տակ ենք դնում ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական անվտանգութիւնը»:

Տնտեսագէտը յիշեցնում է, որ Իրանի հետ ունենք տարեկան շուրջ 410 միլիոն դոլարի շրջանառութիւն. 320 միլիոն դոլարի ներկրում, 90 միլոն դոլարի արտահանում, իսկ այս ճանապարհի առանց խնդիրների շահագործման խաթարումը հարւածի տակ է դնում փոխադարձ տնտեսական յարաբերութիւնները.

«Արտահանում ենք հիմնականում էլեկտրաէներգիա, ինչը կախւած չէ այդ ճանապարհից, սակայն ներկրւող ապրանքների դէպքում՝ ապրանքների 80 տոկոսը փոխադրւում է այդ ճանապահով: Նշեմ, որ փոխադրւում են ոչ միայն Իրանից ներկրւող ապրանքներ կամ դէպի Իրան արտահանւող ապրանքներ, այլ ասիական երկրներ, Արաբական Էմիրութիւններ եւ այլն: Այդ ճանապարհն ապահովում է մեր բեռնափոխադրումների մօտ 30 տոկոսը»:

Տնտեսագէտը չի բացառում, որ ադրբեջանական սադրանքները մի օր կը թիրախաւորեն նաեւ հայկական բեռնատարները:

Թէ որո՞նք են լինելու տնտեսական կոնկրետ հետեւանքները, եւ թէ ի՞նչ լուծումներ է տեսնում այս իրավիճակում՝ հարցերին ի պատասխան՝ Սուրէն Պարսեանն ասաց.

«Մենք պէտք է հասկանանք, որ եթէ իրանական բեռնատարների նկատմամբ կիրառւելու է կրկնակի հարկում (այսինքն՝ բեռանփոխադրողները, մտնելով ՀՀ սահման, վճարում են ճանապարհային հարկ, եւս մէկ անգամ էլ Ադրբեջանի այդ 21 կիլոմետրանոց վերահսկողութեան տակ գտնւող հատւած մտնելու համար են վճարում), բնականաբար, տրանսպորտային ծախսերը թանկանալու են: Նրանք վերանայելու են բեռնափոխադրման ծախսերը եւ դրանով պայմանաւորւած՝ ներկրւող ապրանքների գները թանկանալու են: Սա շղթայ է, որը տեղի է ունենալու ուշ թէ շուտ:

Այս իրավիճակից դուրս գալու երկարաժամկէտ լուծումը կը լինի «Հիւսիս-Հարաւ»-ի կառուցումը, բայց այս ճանապարհի կառուցման համար լուրջ աշխատանքներ եւ ռեսուրսներ են պէտք. հայկական կողմը, ցաւօք, չունի կարողութիւններ նման խոշորածաւալ նախագիծ իրականացնելու համար»:

Տնտեսագէտ Վարդան Բոստանջեանն այս իրավիճակին արձագանգելով՝ նկատեց. «Այս իշխանութիւնները համոզւած են, որ տարածաշրջանում ազդեցութեան ոլորտը պէտք է գտնւի թուրքերի ձեռքում, եւ դրանով պայմանաւորւած՝ տեղի են ունեցել թէ՛ նոյեմբերի 9-ը, թէ՛ յունւարի 11-ը եւ այլն: Երկիրը յանձնւած է, եւ Թուրքիան աստիճանաբար պէտք է իր ազդեցութիւնը մեծացնի»:

Տնտեսագէտը թէեւ շեշտում է, որ տեղի ունեցողը հարւածելու է Իրանին, սակայն կարծում է՝ իրանական արձագանգը կուշանայ.

«ԻԻՀ-ն այս պահին դեռեւս կը սպասի իր անհանգստութիւնն արտայայտելու ձեւեր գտնելուն, քանի որ, եթէ այս տարածքը կոչւում է ՀՀ տարածք, դրա վերաբերեալ նախ Հայաստանը պէտք է ձայն հանի, իսկ Հայաստանը մինչեւ հիմա լռում է: Իսկ թէ ինչու՝ որովհետեւ դրանք արդէն յանձնւած են թշնամուն:

Բոլոր պարագաներում այստեղ յետին հարց են մնում տնտեսական յարաբերութիւնները. ի՞նչ տնտեսական յարաբերութիւններ, եթէ քո երկրում բոլոր յարաբերութիւնները կարգաւորում է մի այլ երկիր՝ թշնամի երկիրը: Այս պայմանների պարագայում չխօսենք նաեւ գնաճի մասին, ինչը, բնականաբար, անխուսափելի է»:

 

Յարակից լուրեր

  • «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    ՀՀ իշխանութիւնները ոչ միայն պէտք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանութիւնը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ եւ հապճեպ որոշումներով եւ միակողմանի զիջումներով է առաջնորդւում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երեւանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան
    «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան

    «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու:

  • «Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն՝ Իրաքում». Հոսէյն Ամիր Աբդօլլահեան
    «Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն՝ Իրաքում». Հոսէյն Ամիր Աբդօլլահեան

    ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Իրաքի նախկին վարչապետ Ադէլ Աբդօլլմահդիի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն Իրաքում:

  • Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն
    Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն

    Կը պատրաստուէի արձագանգել «Ազդակ»-ի 11 հոկտեմբեր 2021-ի թիւին մէջ Միհրան Քիւրտօղլեանի տեսակէտին, երբ տեղի ունեցաւ լիբանանեան տագնապի շղթայական հանգրուաններուն ամէնէն անսպասելին. զինեալ բախումը: Քանի մը ժամ տեւած բախումը պատճառած է 7 զոհ եւ 31 վիրաւոր: Պատճա՞ռը բախումին: 4 օգոստոս 2020-ին Պէյրութի նաւահանգիստի պայթումին դատական հետաքննութեան շուրջ քաղաքական սուր տարակարծութիւն մը, որուն մասնակիցները թքած ունին իշխանութիւններու տարանջատման ու դատական համակարգի անկախութեան վրայ:

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։