Հա

Համայնք

18/09/2021 - 11:50

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի նորընտիր նախագահին

Հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը ընդունեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահ՝ Հենրիկ Խալոյեանին, որին ընկերակցում էր «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան նախագահը՝ Նժդիկ Աբրահամեան:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը ընդունեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահ՝ Հենրիկ Խալոյեանին, որին ընկերակցում էր «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան նախագահը՝ Նժդիկ Աբրահամեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

​Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում կայացած սոյն հանդիպմանը, Սրբազան Հօր կողքին ներկայ էր Թեմական խորհուրդը, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ ընկերակցութեամբ Քաթրին Դիլանեանի, Հենրիկ Աբրահամեանի եւ Վարդան Կարապետեանի: Իր ընտրութիւնից յետոյ Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ Հենրիկ Խալոյեանի առաջին այցելութիւնն էր Ատրպատականի հայոց թեմ, մօտկից ծանօթանալու Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի, Ուրմիայի եւ Գեարդաբադի մասնաճիւղերի ներկայ աշխատանքներին եւ յառաջիկայ ծրագրերին եւ նախագահելու Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան ընտրական ժողովին:

Սրբազան Հայրը ողջունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահի ներկայութիւնը Ատրպատականի հայոց թեմում, շեշտելով իրանահայութեան մէկ ամբողջութիւն լինելը. «Ճիշտ է, աշխարհագրականօրէն հեռու ենք իրարից, պատմականօրէն երեք թեմերի ենք բաժանւել, սակայն իրանահայութիւնը մէկ ամբողջութիւն է այս երկրում, հայ եկեղեցու եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեան ներքեւ: Դարերից ի վեր մեր ներկայութիւնը Իրանում, հովանաւորութեամբ երկրի հոգեւոր եւ պետական կառոյցներին, առիթ է ընձեռել մեզ, ազատութեամբ զարգացնելու մեր ազգային մշակոյթի տարբեր ոլորտները: «Արարատ»-ը այն կարեւոր յարկերից մէկն է մեր կեանքում, որտեղ յատկապէս մեր երիտասարդ սերունդը հնարաւորութիւնն ունի արտայայտելու իր ազգային ստեղծագործ ուժը: Ատրպատականում, նոր սերունդը տասնամեակներ առաջ արդէն կազմել էր իր միութիւնները, «Սասունցի Դաւիթ» մշակութային միութիւնը (Ս.Դ.Մ.Մ.), եւ այլք, որոնք յետոյ միացւել էին եւ վերածւել մէկ՝ Հայ մարզամշակութային «Արարատ» կազմակերպութիւն անւան ներքեւ գործող այսօրւան պատւաբեր միութեան, որը մէկ մասնաճիւղն է դարձել Թեհրանում հիմնադրւած նոյնանուն կազմակերպութեան: Թաւրիզահայ համայնքում դեռեւս կենդանի են այն անձինք, որոնք յիշում են հին օրերը, երբ այսօրւայ Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շէնքի վայրում եղել է երկու սենեականի տնակ, որտեղ է հիմնադրւել «Սասունցի Դաւիթ» մշակութային միութիւնը իսկ այսօրւայ «Արարատ»-ի շքեղ շէնքի վայրում, բարձր ձեղունով երկարաւուն միանաւ շէնք է եղել, որտեղ են կայանել ազգային առաջնորդարանի ձիակառքերը, նաեւ համայնքի դիակառքը, եւ որտեղ է ապրել մի ձիապան, որը խնամել է ձիերին: Մի խօսքով, պատմական խոր անցեալ ունի «Արարատ»-ը մեր թեմում, եւ շնորհակալ ենք, որ դրա արժէքը իմանալով, ու յատկապէս նոր սերնդի կազմաւորման նախանձախնդրութիւնից մղւած, այստեղ էք դուք այսօր»,- ասաց Սրբազան Հայրը:

​Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն, իր հերթին, շնորհակալութիւն յայտնելով ջերմ հիւրընկալութեան, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան անունից պատրաստակամութիւն յայտնեց մնայուն համագործակցութեան: Նա անդրադառնալով կեանքի ներկայ պայմանների բերմամբ ստեղծւած համայնական կեանքի թմրութեան, մխիթարութեամբ յայտնեց, որ կենտրոնից հեռու շրջաններում աւելի աշխուժութիւն է նկատել, քան Թեհրանում: Իր եւ Կենտրոնական վարչութեան յառաջիկայ ծրագրերի առաջնահերթութիւնը ընդգծելով, նա ասաց, որ Հ.Մ.Ա.Կ.-ի մարզամշակութային գործունէութեան վերաշխուժացումը օրակարգի հիմնական կէտերից մէկն է այսօր: Խալոյեան նաեւ խօսեց նոր մարզաճիւղեր աւելացնելու ծրագրի մասին, որը ընդգրկելու է արհեստագիտական նոր միջոցների օգտագործումը: Անդրադառնալով Թեհրանում կայացող Համահայկական խաղերին, վճռակամութիւն արտայայտեց նոյնիսկ փոքր թւով մասնակիցների ներկայութեամբ կատարելու այն խաղերը, որոնք ընկերային հեռաւորութիւնը բնականօրէն պահպանում են, ինչպէս թենիս եւ այլ մարզաձեւեր:

Հենրիկ Խալոյեան չբացառեց տնտեսական դժւարութիւնը, որ ազգային մեր բոլոր կառոյցների համար սովորական երեւոյթ համարեց, սակայն յաղթահարելի: Նա օրինակ տւեց Թեհրանի «Արարատ» մարզաւանի ջրի մատակարարման դժւարութիւնը, պահպանելու համար տեղի կանաչապատումը, որի դիմաց երկրից եւ արտասահմանից օժանադակելու պատրաստակամ բազմաթիւ բարերարների աջակցութեան խոստում էր ստացել: Ուրեմն, նա վստահեցրեց, թէ «Արարատ»-ը ունի իր մեծաթիւ համակիրները, որոնք դրա գոյութեանն ու առաքելութեան խորապէս զօրավիգ են եւ հաւատացող:

​Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան, իր հերթին, ողջոյնի եւ բարի գալստեան խօսք ուղղեց «Արարատ»-ի նախագահին, համայնքային կեանքում Հ.Մ.Ա.Կ.-ի անզուգական տեղն ու դերը շեշտելով. «Մշակութային այն ձեռնարկները, որոնք յատկապէս փոքրաթիւ համայնքների կողմից կազմակերպելը դժւար է, կամ արտասահմանից մեծաթիւ խմբերի հրաւիրումը անհնարին, դուք՝ իբրեւ Կենտրոնական վարչութիւն, հնարաւոր է դարձնում դրանք եւ մեզ եւս անմասն չէք թողնում: Թաւրիզում եւ Ուրմիայում, մեր սրահների բեմերը ձեր անխոնջ աշխատանքի շնորհիւ անւանի երգիչներ, երգչախմբեր եւ պարախմբեր է ընդունել, եւ ժողովրդին մշակութապէս յագեցրել»,- ասաց Ջորջեանը: Ապա, նա վեր հանեց Հենրիկ Խալոյեանի նւիրեալ անձնաւորութեան յատկանիշերը, որ երկար ժամանակից ի վեր առաջին նախագահն էր, որ անձամբ ներկայ էր գտնւում մասնաճիւղային ընտրութիւններին:

​Այս առիթով, Սրբազան Հայրը «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» իր գրքի Ա հատորից նւիրեց հիւրերին, մաղթելով, որ Ատրպատականը իր պատմութեամբ ու յատկապէս ներկայ ժողովրդով միշտ մնայ իրենց սրտերում եւ առօրեայ օրակարգում: Իր հերթին, Հերնիկ Խալոյեանն խորհրդանշական յուշանւէր յանձնեց Սրբազան Հօրն, իր հարազատ այցելութեան շրջագծում:

​Նոյն գիշեր, Սրբազան Հայրը, Հենրիկ Խալոյեանն եւ «Արարատ»ի Թաւրիզի վարչութիւնը միասնաբար ընթրեցին, շարունակելով շինիչ զրոյցը, ի խնդիր սոյն կազմակերպութեան աշխատանքների, ինչպէս նաեւ թեմի երիտասարդական կեանքի վերաշխուժացման:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։