Հա

Համայնք

11/10/2021 - 10:20

Ատրպատականի հայոց թեմում սուրբ պատարագով նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը

Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, տօնն էր Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց: Կրթական նախարարութեան կողմից նախազգուշական միջոցները կորոնաժահրի համավարակին առնչւած, աշակերտական հաւաքների սահմանափակումներ պարտադրել էին բոլոր կրթօջախներին: Ուստի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան յատուկ պատգամով հանդէս եկաւ, շնորհաւորելով թեմի կրթական բոլոր կառոյցներում գործող նւիրեալ ուսուցչական կազմերին, մանկավարժներին, մամլոյ մշակներին, մտաւորականներին, հրատարակիչներին եւ Հայ Մշակոյթի սպասարկուներին:

«alikonline.ir» - Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, տօնն էր Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց: Կրթական նախարարութեան կողմից նախազգուշական միջոցները կորոնաժահրի համավարակին առնչւած, աշակերտական հաւաքների սահմանափակումներ պարտադրել էին բոլոր կրթօջախներին: Ուստի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան յատուկ պատգամով հանդէս եկաւ, շնորհաւորելով թեմի կրթական բոլոր կառոյցներում գործող նւիրեալ ուսուցչական կազմերին, մանկավարժներին, մամլոյ մշակներին, մտաւորականներին, հրատարակիչներին եւ Հայ Մշակոյթի սպասարկուներին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 10 հոկտեմբերին, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում սուրբ եւ անմահ պատարագով նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը: Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցած իր հանդիսաւոր պատարագի ընթացքին խօսած քարոզում, Սրբազան Հայրը վեր հանեց այն էական դերակատարութիւնը, որը Հայոց Այբուբենը ունեցել էր եւ դեռեւս շարունակում է ունենալ մեր ժողովրդի կեանքում:

«Պատմութեան փոշին գութ չունի: Այն պատրաստ է ծածկել այն ամէնը, ինչ որ մենք փայլուն ենք կարծում այս կեանքում՝ ջահելութիւն, կեանքի վայելք, նիւթական հարստութիւն՝ իր բոլոր արտայայտչաձեւերով: Աշխարհի երեսից չքացել են ազգեր, կայսրութիւններ, թագաւորութիւններ, եւ փոշիացել իրենց տէրերի հետ միասին, որոնք անմահներ էին համարւում հասարակ ժողովրդի կողմից: Սակայն, կան արժէքներ, որոնք ժամանակի ժանգին հանդէպ դիմացկուն են, դրանք նոյնիսկ եթէ փոշի վերցնեն իրենց ուսերին, կարող են ժամանակ առ ժամանակ թօթափել այն, վերստին փայլելով: Մեր լեզուն, մեր ինքնութիւնն է: Ճիշտ է, երբեմն փոշոտւում է այն մեր անտարբերութեան եւ անփութութեան հետեւանքով, սակայն Հայ Մշակոյթի ակունքներից ըմպելով դրա անմահական ջուրը, դարձեալ կարող ենք փայլեցնել այն, մաքրելով դրա վրայից ժիժն ու բիժը, կեղտն ու փոշին: Ինչքան փայլեցնենք մեր լեզուն, ինքն առաւել եւս կը փայլեցնի մեզ»,- ասաց Սրբազան Հայրը, անդրադառնալով այն մեծ գիւտին, որը աստւածային օրհնութեամբ եւ իր տքնաջան աշխատանքով ու իմաստութեամբ կատարել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց: 

Սրբազան Հայրը նաեւ անդրադարձաւ ցաւալի երեւոյթի, որ մեր լեզւի անխնամ դրութիւնն է այսօր, ամէն տեղ, սկսեալ մայր հայրենիքից, մինչեւ աշխարհի տարբեր անկիւնները. «Սփիւռքում ապրելով, չենք զարմանում այն խառնիճաղանճին, որը ներկայացնում է մեր գրական եւ խօսակցական լեզուն, տւեալ երկրում ապրող հայերի կողմից ներածւած օտար բառերով: Այս առումով մեր լեզուն արաբական երկրներում վերածւել է արաբերէնահայերէնի, ֆրասնախօս երկրներում՝ ֆրանսերէնահայերէնի, անգլիախօս երկրներում՝ անգլերէնահայերէնի, այստեղ՝ Իրանում՝ պարսկերէնահայերէնի, եւ այսպէս շարունակաբար…:

Մեզ զարմացնում է սակայն, հայրենիքում առօրեայ խօսակցական լեզուն, իր ամենից խոնարհ՝ ժարգոն մակարդակով, որտեղ օգտագործւած բառերի կարեւոր մէկ տոկոսը թրքերէն լեզւից փոխառութիւն է, որը անցեալում ներառւել է մեր գաւառաբարբառներին, իսկ այնտեղից՝ առօրեայ խօսակցութեան: Բարիշել (=հաշտւել), փոշմանել (=զղջալ), արխային (=անհոգ), համ գիտի, համ էլ (=ե՛ւ իմանում է, ե՛ւ), ինատու (=դիտմամբ, յամառօրէն), թէզ արի (=շուտ արի) …եւ դեռ անհաշիւ երկար է շարքը թրքերէնից անզգալաբար ներածւած արմատ բառերի կամ ըսելաձեւերի, որոնք բոլորն էլ ունեն իրենց հայերէն հոմանիշներն ու արտայայտութիւնները, սակայն չեն օգտագործւում:         

Հարիւր բառով հայերէն խօսող ժողովուրդ ենք դարձել դժբախտաբար, որ յաճախ հպարտանում է իր հայախօս լինելով…: Թշնամու դէմ ատելութիւնը, լեզւի մակարդակի վրայ նւազագոյն չափով եթէ կիրառենք, դա մեծ յաղթանակ է արձանագրելու Մեսրոպեան պայքարի մարտադաշտում: Դեռ չենք խօսում ռուսարէնահայերէնի մասին, որից ներածւած բառերի եւ քերականական որոշ կանոնների «հայկականութիւնը» հաստատելու համար արիւն թափելու պատրաստ են որոշ «լեզւագէտներ»: Այստեղ աւելի տարօրինակը, օտար բառերը բայական եղանակի մէջ դնելու անբնական նորարարութիւնն է: Օրինակ, հոսբիդալ=հիւանդանոց: Վթարի ենթարկւած անձերը հոսբիդալացւեցին…: Օտար բառի փոխառութիւնը բաւական չէր կարծէք, դրա վրայ աւելացաւ բայական եղանակը…: Իցի՜ւ, թէ տաս մատների վրայ կարողանայինք տեղադրել օրինակները:

Եթէ լեզու ունենք եւ այն չենք խօսում, ի՞նչ կարիք ունենք այդ լեզւին: Եթէ տառեր ունենք եւ այդ տառերով չենք դրում, ի՞նչ կարիք ունենք Այբուբենին: Եթէ մշակոյթ ունենք եւ օտարին մշակոյթն ենք որդեգրում՝ երգարւեստի ամենատարօրինակ ոճաբանութիւններով, ձայնային անհակակշիռ ելեւէջներով, թրքաբարոյ ծեքծեքումներով ու մարմնի ծամածռութիւններով, եւ նաեւ արւեստի այլ ոլորտներում Հայ Մշակոյթի անյարիր երեւոյթների կիրառումով, ինչո՞ւ ենք տօնում Հայ Մշակոյթի տօնը: Հակասութիւնների դարում ենք ապրում, ճիշտ է, սակայն մենք մեր ձեռքերով չքայքայեն այն վերջին լաստը, որի վրայ կանգնել ենք աշխարհի անտակ ովկիանոսում, դողդոջ ոտքերով ու տատանւող մարմնով, երբեմն անզօր՝ տոկալու ամեհի ալիքներին»,- ասաց Սրբազան Հայրը:

Վերջապէս, ինքնաքննադատական մօտեցմամբ, Սրբազան հայրը ասաց, որ «Հայ Մշակոյթի օր նշել կամ Թարգմանչաց Վարդապետաց յիշատակը յարգել նշանակում է, ինքնասրբագրութեան գիտակցութիւն արթնացնել բոլորի սրտում, անխտիր բոլորից պահանջելով առաւել բծախնդրութիւն մեր լեզւի նկատմամբ. հայ հոգեւորականից, հայ ուսուցչից, հայ մամուլի խմբագրութիւնից, հայ հրատարակչից, հայ արւեստագէտից, հայ մշակութային գործչից եւ ընդհանրապէս հայ մարդուց գերագոյն աստիճանի նախանձխնդրութիւն է պահանջւում, տէր կանգնելու համար այն աւանդին, որը արիւն-քրտինքով է երկնել ու մեզ ժառանգել Ս. Մեսրոպ Մաշտոցը»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ, Թաւրիզի եկեղեցիների կանանց Խնամակալ մարմնի վարչութիւնը, գլխաւորութեամբ ատենապետուհի Էմմա Յարթունեանի, ծաղկեփնջով շնորհաւորեց Սրբազան Հօրը, Թարգմանչաց տօնի առիթով, մաղթելով Թարգմանչաց սերնդի ժառանգաւոր իբրեւ շարունակելու իր մշակութային գործունէութիւնը Ատրպատականի հայոց թեմում:

 

Ս. Թարգմանչաց տօնի յատուկ հանդիսութիւն եւ գնահատանք՝ Ուրմիայում

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս սուրբ պատարագ մատուցւեց, ձեռամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, որը յաւուր պատշաճի քարոզեց, անդրադառնալով այն մեծ հարստութեան, որը Ս. Մեսրոպ Մաշտոց եւ Թարգմանչաց ամբողջ սերունդը կտակեցին հայ ազգին:

Առաւօտեան ժամը 10-ին, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի յարկի տակ յատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ, նւիրւած Մշակոյթի օրւայ, որի ընթացքում թեմիս առաջնորդ Սրբազան Հօր յատուկ գնահատագրերով մեծարւեցին մանկապարտէզի տնօրէնուհի Ռոնիկ Մեջլումեանն եւ ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանը:

Արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը ընթերցեց Սրբազան Հօր գնահատական գիրերը եւ ապա յանձնեց մեծարեալներին: Այս առիթով սրտի խօսք արտասանեց Հ.Օ.Մ.-ի ատենապետուհի Սեդա Մեջլումեանը, երախտագիտութիւն յայտնելով նւիրեալներին, եւ յատկապէս Սրբազան հօր, որ միշտ ուշադիր է ուրմիահայ համայնքի կեանքին:  

Նոյն առիթով Մանկապարտէզի սաները, իրենց ուսուցչուհիների գլխաւորութեամբ Թարգմանիչ վարդապետների նւիրւած յայտագիր ներկայացրին, Հայ մշակոյթի փառքին նւիրւած արտասանութիւններով եւ երգերով:

Հանդիսութեան եւ գնահատման սոյն ծրագրին ներկայ գտնւեցին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, Գործակալական խորհրդի անդամներ, ուսուցչուհիներ եւ ծնողներ, շնորհաւորելով յատկապէս երկու մեծարեալներին, յարատեւ աշխատանք մաղթելով նրանց, ի փառս մեսրոպեան կրթօջախների: Վարչութիւնը բոլոր ուսուցչուհիներին պատւեց ծաղկեփնջերով, նորանոր յաջողութիւններ մաղթելով նրանց, իրենց նւիրական ասպարէզում:

  

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/71382-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId0778543f4b

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։