Հա

Համայնք

30/10/2021 - 12:50

Հայ Մշակոյթի ամսւայ իւրայատուկ տօնակատարութիւն Թաւրիզում

Հինգշաբթի, 28 hոկտեմբեր 2021 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, իր տեսակի մէջ իւրայատուկ բանախօսութիւն-ցուցահանդէս-գեղարւեստական ծրագիր տեղի ունեցաւ առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթի ամսւան, կազմակերպութեամբ Թեմական խորհրդի:

«Թաւրիզը եւ հայ գրքի տպագրութիւնը» բանախօսութիւն-ցուցահանդէս

 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 28 hոկտեմբեր 2021 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, իր տեսակի մէջ իւրայատուկ բանախօսութիւն-ցուցահանդէս-գեղարւեստական ծրագիր տեղի ունեցաւ առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթի ամսւան, կազմակերպութեամբ Թեմական խորհրդի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«Թաւրիզը եւ հայ գրքի տպագրութիւնը» խորհրդանշական խորագիրը կրող սոյն ցուցահանդէսին ցուցադրւեցին անցեալ երկու դարերի ընթացքում Թաւրիզում տպագրւած հայերէն գրքեր, Թաւրիզի հայոց թեմական տպարանի հնամենի մամուլը, գրամեքենաները եւ այլ յիշատակներ, որոնք արտացոլացումն էին «մտաւորական Թաւրիզ»-ի փառքին, որի շնորհիւ սերունդներ կազմաւորւեցին անցեալին հայահոծ այս պատմական քաղաքում:

Ցուցահանդէսին ներկայ գտնւեցին հոգեւոր հայրեր, ազգային իշխանութեան անդամներ՝ նաեւ Ուրմիայից, թաւրիզահայ միութիւնների եւ կազմակերպութիւնների անդամներ, Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» ազգային գրադարանի վարչութիւնը, մտաւորականներ եւ հայ գրքասէր հասարակութիւնը:

Բացման խօսքով հանդէս եկաւ ազգային առաջնորդարանի քարտուղարութեան անդամ Արսինէ Բաբայեանը, անդրադառնալով օրւայ կարեւոր իրադարձութեան եւ անցեալի քաղցր մէկ յիշատակին, երբ հայ մամուլը բանում էր ոտքով, սակայն բազմաթիւ հատորներ լոյս ընծայելով, յագեցնելու համար մեր համայնքի զաւակների հոգեմտաւոր պապակը եւ կազմաւորելու համար նոր սերնդի զաւակներին:

Այնուհետեւ, նա ներկայացրեց օրւայ յայտագիրը, յայտնելով նաեւ, որ համաձայն նախապէս տրւած յայտարարութեան, օրւան բանախօսն է առաջնորդ Սրբազան հայրը, որը ցուցադրւած գրքերի մասին բացատրութեան ճամբով, ներկայացնելու է Թաւրիզում հայ գրքի տպագրութեան հոլովոյթը:

Սրբազան Հայրը իր բանախօսութեան ընթացքին նախ անդրադարձաւ մտաւորական այն խաւին, որին յաջողւել էր շուրջ 200 տարիներ առաջ Թաւրիզում ո՛չ միայն ամենօրեայ դպրոց հիմնել, որը ամբողջ Իրանի առաջին ամենօրեայ դպրոցն էր եղել, այլեւ Ատրպատականի տարբեր քաղաքներում, եւ գլխաւորաբար Թաւրիզում հիմնել գրադարաններ, դրանք միշտ ճոխացնելով նոր ատաղձով, բերւած տարբեր քաղաքներից, ինչպէս Թիֆլիսից, Բաքւից, Պոլսից, Բէյրութից եւ այլ մշակութային օջախներից: Ապա, Սրբազան Հայրը շեշտելով Թաւրիզի մտաւորական խաւի ներդրումը, ասաց. «Բաւարար չէր սակայն, հայ գրքի հոսքը արտասահմանից: Թաւրիզի հայ մտաւորականութիւնը, գլխաւորութեամբ դպրոցի ուսուցիչների, եւ հովանաւորութեամբ օրւայ առաջնորդների եւ Թեմական խորհրդի անդամների, հիմնեց Թեմական տպարանը, որը 1800-ականների երկրորդ կէսից բանեցրեց իր ոտքով պտտւող մամուլը, լոյս ընծայելով տասնեակներով գրքեր եւ գրքոյկներ: Հրատարակութեան յանձնւած գրքերի անունները, երիտասարդութեան հետաքրքրող վէպերով ու այլ նիւթերով փաստ են, որ հրատարակիչների հիմնական հեռանկարը նոր սերնդի դաստիարակութիւնն էր եղել»,- շեշտեց Սրբազան Հայրը:

Օրւայ բանախօսը Թաւրիզում տպւած գրքերի կազմերի եւ տիտղոսաթերթերի լուսանկարների ցուցադրութեան օժանդակութեամբ հերթականութեամբ ներկայացրեց գրքերը, ամփոփ բացատրութիւն տալով իւրաքանչիւրի մասին: Դրանցից ոմանց կրած կնիքները իրենք պատմում էին այն մի շարք գրադարանների մասին, որոնք եղել էին թեմի տարբեր քաղաքներում ու գիւղերում, կամ Թաւրիզի տարբեր թաղամասերում: Սոյն գրքերը ժամանակի ընթացքին վերոյիշեալ քաղաքների եւ գիւղերի հայաթափման հետեւանքով հանգրւանել էին Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարանում: Բանախօս Սրբազան Հայրը յատկապէս ներկայացրեց որոշ գրքերի տիտղոսաթերթերի վրայ արձանագրւած մակագրութիւնները, երբեմն հեղինակի կողմից, ինչպէս նաեւ այլ սղագրութիւններ, գրքերի էջերում ընթերցողներից յիշատակ մնացած: Վերջապէս, բանախօսը ներկայացրեց թերթօններով կազմւած գրքերից օրինակներ, որոնք թաւրիզահայ մշակութասէր ու մտաւորական խաւի բծախնդիր աշխատանքի արդիւնքն էին, աւելացնելու համար իրենց քաղաքի սեփական գրադարաններում գրքերի թիւը:

Սրբազան Հայրը այս առիթով իր բարձր գնահատանքը յայտնեց գրադարանի վարչութեան, գլխաւորութեամբ Նանի Շահմուրադեանի, եւ վարչական խմբակին ու գործակիցներին, որոնք բծախնդրութեամբ պահպանում են այն, ինչ որ դարերից ժառանգ է մնացել թեմին: Այս առիթով Սրբազանը ուրախութեամբ յայտնեց նաեւ, որ «Ռոստոմ-Գասպար» գրադարանը հիմնական վերանորոգման է ենթարկւելու շուտով, աւելի առինքնող դառնալու համար մեր նոր սերնդի ընթերցասէր զաւակներին: Դարձեալ, նա իր հայրական սիրով ողջունեց ծրագրին մասնակցութիւն բերած միութիւններին եւ կազմակերպութիւններին, որոնք Ատրապատականի մեծ ընտանիքն են կազմում:

Ցուցահանդէսի գեղարւեստական բաժնին հերթաբար իրենց մասնակցութիւնը բերեցին Հ.Օ.Մ.-ի «Տաթեւ» պարային համոյթը, (գեղարւեստական ղեկավար-բեմադրիչ Կարինէ Մանուչերեան, երկու պարերով՝ «Անի» եւ «Եաման եար»), «Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղից Նայիրի Դիլանեանը ասմունքեց, (Պարոյր Սեւակ «Մայրենի լեզու»), Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախմբի անդամ Սեւան Գասպարեանը գիթառի մենակատարութեամբ հանդէս եկաւ (Կոստանդին Պետրոսեանի «Հայաստան», ենթաերաժշտութիւնը անձնապէս յօրինած), Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի անդամ Միրօ Աբրահամեանը երգեց, երգեհոնի նւագակցութեամբ Կարէն Սարգիսեանի, («Տուն իմ հայրենի»), Թաւրիզի Հայ համալսարանական միութեան անդամ Թադէ Նազարբէգեանը դաշնամուրի վրայ նւագեց (Առնօ Բաբաջանեան, «Մելոտի»), թաւրիզահայ երաժիշտ-խմբավար Վարդան Վահրամեանը դաշնամուրի վրայ նւագեց եւ երգեց (Կոմիտաս վարդապետ, «Չինար ես, կեռանալ մի՛»), որոնք բոլորն էլ յագեցրին ներկաների աւելի քան երկու տարիների գեղարւեստական ծրագրերի կարօտը, երբ մշակութային ելոյթները դադարեցւել էին սոյն քաղաքում, համավարակի վտանգաւոր դրութեան պատճառով:

Հանդիսութեան վերջին բաժնում, իր ներկայացրած բանախօսութեան աւարտին, Սրբազան Հայրը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական Սրբատառ Կոնդակով Քահանայական լանջախաչ կրելու իրաւունք շնորհեց Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին, Թարգմանչաց տօնի ամենագեղեցիկ նւէրը ընծայելով Տէր հօրն, որը շուրջ հինգ տարիներ առաջ ձեռնադրւելով Թաւրիզում, նւիրեալ ծառայութիւն է մատուցում թեմի հաւատացեալ ժողովրդին:

Սրբազան Հայրը, ներկայ ժողովրդի յոտնկայս ունկնդրութեան կարդալով Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը, լանջախաչը կախեց Տէր հօր վզից, եւ ասաց. «Առաքեալի բառերով, Տիրոջ փառքը նախ խաչ է: Խաչը զոհողութեան խորհրդանիշն է, որ մեր հոգեւորականութեան վզից կախւելով, ո՛չ թէ մեր փառքն է շատացնում, այլ պատասխանաւութիւնների եւ յանձնառութիւնների բեռն է ծանրացնում մեր ուսերի վրայ: Վստահաբար Դուք եւս, սիրելի՛ Տէր Հայր, առաւել նւիրումով ու նախանձախնդրութեամբ էք կատարելու Ձեզ վստահւած բոլոր եկեղեցական պարտականութիւնները, Քրիստոսի լուծը անտրտունջ կրելով Ձեր կեանքի բոլոր օրերին»:

Հանդիսութեան յաջորդեց Թաւրիզի Եկեղեցիների Խնամակալ մարմնի կողմից հիւրասիրութիւն, որի ընթացքում ներկաները առիթ ունեցան մօտկից նայելու ցուցադրւած գրքերին ու տպագրական իրերին, հաղորդւելով պատմութեան եւ շնչելով մտաւորական Թաւրիզի բոյրը: Ցուցադրւած գրքերի եւ իրերի հսկողութիւնը յանձն էին առել Թաւրիզի Հայ համալսարանական միութեան անդամներ՝ Վրէժ Գրիգորեանը եւ Ժակլին Ալեքսանեանը, որոնք ճաշակով դասաւորել էին ցուցահանդէսի բաժինը:

Երկու տարիների ընդմիջումից յետոյ, մշակութային սոյն յիշարժան ձեռնարկով բացումը կատարւեց յետ կորոնա համավարակի ժամանակահատւածին, այն յոյսով, որ ամբողջովին կը վերանայ այն աշխարհից, եւ մարդկութիւնը կը վերադառնայ իր բնականոն հունին:

 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Ուրմիա այցելութեանը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Ուրմիա այցելութեանը

    Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ի յետ միջօրէի ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ թեմի ազգային բարերար եւ ուրմիահայ հանրայայտ գործարար Էդիկ Մեջլումեանի, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Ռէյիսիի Ուրմիա կատարած պաշտօնական այցելութեան: 

  • Պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հետ
    Պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հետ

    Շաբաթ, 21 մայիսի 2022 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը ազգային առաջնորդարանում ընդունեցին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Արա Շահվերդեանի հանդիպումը Ուրմիայի գիւղերի հոգաբարձութեանց հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Արա Շահվերդեանի հանդիպումը Ուրմիայի գիւղերի հոգաբարձութեանց հետ

    Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան մեկնեցին Ուրմիա, որտեղ ժամանել էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, միասնաբար հանդիպում ունենալու Ուրմիայի հայկական գիւղերի հոգաբարձական կազմերի հետ:

  • «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում
    «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում

    Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»: 

  • Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում
    Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում

    Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։