Հա

Համայնք

13/11/2021 - 12:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Թաւրիզի նորանշանակ քաղաքապետին հետ

Հինգշաբթի, 11 նոյեմբերի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդին, պաշտօնական առաջին հանդիպումը ունեցաւ Թաւրիզի նորանշանակ քաղաքապետ դոկտ. Աբբաս Ռանջբարի հետ, նրա գրասենեակում: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Ատրպատականի արեւելեան նահանգի փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 11 նոյեմբերի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդին, պաշտօնական առաջին հանդիպումը ունեցաւ Թաւրիզի նորանշանակ քաղաքապետ դոկտ. Աբբաս Ռանջբարի հետ, նրա գրասենեակում: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Ատրպատականի արեւելեան նահանգի փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը նախապէս ծանօթ լինելով քաղաքապետին, Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անունից, ինչպէս նաեւ անձնապէս շնորհաւորեց նրա նոր պաշտօնը, մաղթելով, որ անկեղծ ու արդիւնաբեր համագործակցութիւնը կը շարունակւի յառաջիկայում: Սրբազան Հայրը յատկապէս ասաց. «Թաւրիզ քաղաքը հայութեան համար հարազատ օրրան է, որտեղ պատմական հին ժամանակներից եղել են հայեր եւ մինչեւ այսօր շարունակում են իրենց ներդրումը ունենալ սոյն քաղաքի բարեզարդման գործում: Մեր ազգի կալւածների շահագործումը, յատկապէս չոր հողամասերի կառուցապատումը, պիտի լինի ի շահ ե՛ւ հայ համայնքի, ե՛ւ քաղաքի պայծառացման: Մենք քաջատեղեակ ենք մեր կալւածների ներկայացրած արժէքին, անցեալում ազգային առաջնորդարանին կտակւած եւ ապա հրիտակւած հողամասերի օրէնքով փոխանակման եղանակին, ինչպէս նաեւ ազգապատկան ազատ կալւածների այսօրւան արժէքին: Հետեւաբար, մեր համագործակցութիւնը պիտի լինի անկեղծ եւ համադրւած: Մենք վստահում ենք Ձեր բարի մօտեցումներին»:

Պաշտօնական այցելութիւնը շուտով փոխակերպւեց աշխատանքային հանդիպման, երբ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ինչպէս նաեւ խորհրդի միւս անդամները՝ Ալէն Սայեադեանը, Հերնիկ Աբրահամեանը, Քաթրին Դիլանեանը եւ Վարդան Կարապետեանը հերթաբար ներկայացրեցին Թաւրիզի տարբեր շրջանների քաղաքապետարանների հետ առկախ մնացած խնդիրներ, միաժամանակ նոր ծրագրեր ներկայացնելով քաղաքապետին:

Քաղաքապետ Ռանջբար, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազանին եւ Թեմական խորհրդին սոյն սրտբաց հանդիպման համար, իր կողմից բացայայտեց անցեալից առկախ մնացած մի քանի խնդիրների մանրամասներ, որոնք հեշտացրին յառաջիկայ համագործակցութեան ընթացքը: Զրոյցի ժամանակ ի յայտ եկան հայ համայնքի համար անցեալում նրա կատարած բազմաթիւ ծառայութիւնները, որոնք բարձր գնահատւեցին Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի կողմից:

Հանդիպման աւարտին, ազգային իշխանութեան անունից Սրբազան Հայրը քաղաքապետ Ռանջբարին յանձնեց արծաթեայ մի յուշանւէր, որը թաւրիզահայ վարպետ արծաթագործների ձեռարւեստներից մի նմուշ էր ներկայացնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։