Հա

Համայնք

29/11/2021 - 09:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի առաջին հանդիպումը Արեւելեան շրջանի նոր նահանգապետի հետ

Կիրակի, 28 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, պաշտօնական անդրանիկ հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Զէյն օլ-Աբեդին Ռազաւի Խոռամի հետ, նրա գրասենեակում: 

«alikonline.ir» - Կիրակի, 28 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, պաշտօնական անդրանիկ հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Զէյն օլ-Աբեդին Ռազաւի Խոռամի հետ, նրա գրասենեակում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն հանդիպմանը ներկայ էր նաեւ Փոքրամասնութեանց գրասենեակի պատասխանատուն:

Ողջունելով նոր նահանգապետին, թեմակալ առաջնորդը շնորհաւորութեան ու բարեմաղթանքի արտայայտութիւններով հեզասահ ճանապարհ մաղթեց նրան, շեշտելով, որ ժողովրդի պատասխանատւութիւնը կրելը եւ բոլորին բաւարարելը հեշտ գործեր չեն. «Մենք մեր պարտքն ենք կատարում մեզ յանձնւած ժողովրդի հանդէպ: Հայ ժողովուրդը, որը երկարաձիգ դարերի պատմութիւն ունի հիւսիսային Իրանում, համահաւասար իրաւունքով եւ պատասխանատւութեան գիտակցութիւն ունեցող քաղաքացի է այս երկրում: Ուստի, մեր խոր իղձն ու ցանկութիւնն է, որ Աստւած առաջնորդի ձեր քայլերը, առաւել իմաստութիւն տայ, որպէսզի կարողանաք հիւսիսային Իրանի արեւելեան այս շրջանի ծաղկման ու բարգաւաճման գործին ձեր անհերքելի նպաստը բերել եւ զօրավիգ կանգնէք մեր աշխատասէր հայ համայնքին»:

Նահանգապետ Խոռամը պատասխան խօսքով հանդէս եկաւ, հայ համայնքի մասին իր դրական արտայայտութիւններով, որոնք ազգային առողջ նկարագրի պատճառով սոյն համայնքը վաստակել է բոլորի գնահատանքը: Իր խօսքում նա շեշտեց, որ երկրի Կրօնապետ առաջնորդ՝ այաթ. Խամենէիից են սովորում իրենք, հայ ժողովրդին յարգել, որովհետեւ ե՛ւ յեղափոխութեան ժամանակ ե՛ւ ութամեայ պարտադրեալ պատերազմի օրերին, հայ ժողովուրդը զոհեր է տւել, որոնք այս երկրի պարծանք նահատակներն են:

Թեմականի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ինչպէս նաեւ խորհրդի անդամներ Հենրիկ Աբրահամեանը, Ալէն Սայեադեանը, Վարդան Կարապետեանը եւ Քաթրին Դիլանեանը իրենց հերթին անդրադարձան ազգային առաջնորդարանի դերակատարութեան, Ատրպատականի Արեւելեան եւ Արեւմտեան նահանգներում, միաժամանակ նոր առաջարկներ ներկայացնելով նահանգապետին, լսելով նաեւ նրա տեսակէտները, ներկայացւած իւրաքանչիւր առաջարկութեան մասին:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը նահանգապետին ցոյց տւեց հնադարեայ այն սիւնին պատկերը, որը նւիրաբերելու էր նահանգապետարանին, ասելով. «Այս հինաւուրց սիւնը երկար տարիներ հայ ժողովուրդը պահպանել է իր մօտ, Թաւրիզում, որը իր վրայ կրում է Ղուրանից մի հատւած արաբերէն լեզւով, իսլամի մարգարէ Մոհամմադի անւան յիշատակութեամբ: Այսօր այն նւիրաբերում ենք Ձեզ, որպէս քրիստոնեայ-իսլամ բարեկամութեան խորհրդանշան: Թող այս սիւնը Ձեր հրամանով կանգնեցւի նահանգապետարանի կանաչապատ շրջափակում, որպէս մնայուն յուշարար ժողովուրդների եւ կրօնների բարեկամութեան»: Սրբազան Հայրը ազգային իշխանութեան անունից նաեւ արծաթեայ մի յուշանւէր յանձնեց նահանգապետին, որը թաւրիզահայ արծաթագործների արւեստի գործերից մի նմուշ էր:

Նահանգապետը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրն եւ Թեմական խորհրդին այս թանկարժէք նւէրի համար, խոստանալով մօտիկ ապագային զետեղել այն, եւ բացման յատուկ հանդիսութիւն կազմակերպել:

 

Յարակից լուրեր

  • Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022-ին սուրբ պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի մարդկութեան դիմագրաւած ներկայ առողջական, հասարակական ու մանաւանդ հայ ազգի առջեւ ծառացած դժւարին պայմաններում Սուրբծննդեան տօնի խորհուրդը վերլուծելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր պատգամը ուղղեց թեմի ժողովրդին, աշխարհի խաղաղութեան եւ համայն մարդկութեան առողջութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած: 

  • Ծնւեց, ուրեմն փրկելու է…
    Ծնւեց, ուրեմն փրկելու է…

    Աստծու փրկագործական ծրագիրը մարդկային սովորական մտքի ծրագրի նման չէ, որը անկայուն է եւ միշտ փոփոխութիւնների ենթակայ, մարդու յեղյեղուկ նկարագրի պատճառով: Յատուկ նպատակով ծնւած եւ մարդացեալ Աստւածը անպայման փրկելու էր իր իսկ ստեղծած մարդկութիւնը: Փրկչի ծննդեան թւականից մինչ այսօր քիչ չեն եղել պատերազմներ, աւերածութիւններ, կոտորածներ, հիւանդութիւններ, նոյնիսկ համաճարակներ, որոնց ժայթքող լաւան իր հրաշունչ որովայնի մէջ էր կլանել եւ ածխացրել բիւրաւորներին:

  • Վիեննայում հանդիպել են Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւններին մասնակից Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները
    Վիեննայում հանդիպել են Միջուկային գործարքի վերաբերեալ բանակցութիւններին մասնակից Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները

    Վիեննայում հանդիպել են Միջուկային գործարքի բանակցութիւններին Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Միխայիլ Ուլեանովը եւ Ալի Բաղերի Քանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։