Հա

Համայնք

01/12/2021 - 11:30

«Թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան արտահանելու ծրագիրը լուրջ չէ»․ փորձագէտ

Չեմ կարծում՝ սա լուրջ թեմա է՝ ոչ թէ տնտեսական, այլ աւելի շատ քաղաքական խնդիրներ է դա լուծում, եւ խիստ կասկածում եմ, որ ինչ-որ գազ ինչ-որ տեղ հոսի։ Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագէտ Արմէն Մանուէլեանը՝ անդրադառնալով Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարների՝ Աշխաբադում կայացած 15-րդ գագաթաժողովի շրջանում Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ստորագրւած պայմանագրին, ըստ որի՝ Իրանի տարածքով տարեկան 1․5-2 միլիարդ խ․մ․ թուրքմենական գազ պէտք է արտահանւի Ադրբեջան։

«alikonline.ir» - Չեմ կարծում՝ սա լուրջ թեմա է՝ ոչ թէ տնտեսական, այլ աւելի շատ քաղաքական խնդիրներ է դա լուծում, եւ խիստ կասկածում եմ, որ ինչ-որ գազ ինչ-որ տեղ հոսի։ Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագէտ Արմէն Մանուէլեանը՝ անդրադառնալով Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարների՝ Աշխաբադում կայացած 15-րդ գագաթաժողովի շրջանում Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ստորագրւած պայմանագրին, ըստ որի՝ Իրանի տարածքով տարեկան 1․5-2 միլիարդ խ․մ․ թուրքմենական գազ պէտք է արտահանւի Ադրբեջան։

«Խնդիրն այն է, որ Իրանի տարածքով դէպի Ադրբեջան ոչ մեծ ծաւալի գազ կարող է հոսել, որն Ադրբեջան կարող է, օրինակ, ներքին սպառման համար օգտագործել։ Ադրբեջանը տարեկան 1 մլրդ խ․մ․ գազ ներքին սպառման համար նախկինում Ռուսաստանից էր գնում, շատ հնարաւոր է՝ ներքին սպառման համար ներմուծւող գազի այդ քանակն Ադրբեջանը հիմա փորձում է փոխարինել թուրքմենականով։ Բայց արդեօ՞ք այս տարբերակը կաշխատի՝ ես խիստ կասկածում եմ։ Առաջինը՝ թուրքմենական գազը խիստ կերպով վերահսկւում է չինական կապիտալի կողմից, որը Թուրքմենստանի տնտեսութիւնում հիմնական ներդնողն ու թուրքմենական գազի հիմնական սպառողն է։ Երկրորդը՝ Թուրքմենստան-Իրան յարաբերութիւնները գազային ոլորտում շատ բարդ են, անգամ գազի սակագնի շուրջ ունեցած խնդրով բանակցութիւնները ձախողւել են, եւ Թուրքմենստանն Իրանին դատի է տւել։ Երրորդը՝ նախկինում նմանատիպ պայմանագիր էր կնքւել Թուրքմենստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, որը թղթի վրայ մնաց ու չաշխատեց։ Հետեւաբար, չեմ կարծում՝ սա աշխարհաքաղաքական լուրջ նշանակութիւն ունեցող թեմա է»,- նկատեց փորձագէտը։

Իսկ եթէ թուրքմենական գազի նախանշւած ծաւալն Իրանի տարածքով, այնուամենայնիւ, արտահանւի Ադրբեջան, կարո՞ղ է այն Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ապա՝ Տրանս-Անատոլիական եւ Տրանս-Ադրիատիկ գազատարներով արտահանւել Եւրոպա՝ մեծացնելով Ադրբեջանից եւրոպական շուկայ արտահանւող գազի ծաւալները։ Մանուէեանի համոզմամբ՝ դրա մասին խօսք լինել չի կարող։

«Դա ընդհանրապէս բացառւում է։ Ադրբեջանը ինչո՞ւ պէտք է թուրքմենական գազը Եւրոպային վաճառի, եթէ իր գազն ունի, որի ծաւալները գնալով աճում են։ Խնդիրն այն է, որ «TANAP» գազամուղը (Տրանս-Անատոլիական գազատար, որով Ադրբեջանի Շահ-Դենիզ 2 հանքավայրից Վրաստանի տարածքով դէպի Թուրքիա գազ է արտահանւում՝ մինչեւ Յունաստանի հետ սահման, որտեղից սկիզբ առնող Տրանս-Ադրիատիկ գազատարով (TAP) ադրբեջանական գազը Յունաստանի հիւսիսով, Ալբանիայի տարածքով եւ Ադրիատիկ ծովի յատակով հասնում է Իտալիա- News.am), որը կառուցել է, շատ թանկ է արժեցել, եւ առաջիկայ 10 տարում իր գազը պէտք է վաճառի, որ կարողանայ այդ ծախսերը յետ բերել, գազի շուկան փոքր-ինչ այլ կերպ է աշխատում։ Այդ պատճառով էլ ես գազային այդ պայմանագրի ապագային չեմ հաւատում եւ չեմ կարծում, որ դրանից լուրջ բան դուրս կը գայ։ Ներքին սպառման համար՝ կարող է լինել, բայց Եւրոպա արտահանելը բացառւում է։

Գազի արտահանման հարցում թէ՛ Թուրքմենստանը, թէ՛ Իրանը միայն տնտեսական նպատակներ են հետապնդում, ոչ թէ աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան չեն, որ ահռելի գումարներ ներդնեն գազամուղների կառուցման համար, գազ արտահանեն ու յոյս էլ չունենան, որ առաջիկայ տասնամեակում հնարաւոր կը լինի ծախսերը հանել՝ ոչ աշխարհաքաղաքական այդ ամբիցիաներն ունեն, ոչ էլ դրա հնարաւորութիւնները։ Հետեւաբար, միայն կոմերցիոն նպատակներ կարող են հետապնդւել, իսկ Իրանը, գուցէ, նաեւ որոշակի քաղաքական լծակներ ունենայ, որոնցով կը վերահսկի դէպի Ադրբեջան թուրքմենական գազի արտահանումը»,- եզրափակեց փորձագէտը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։