Հա

Համայնք

27/12/2021 - 11:45

Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Արամ Ա Վեհափառի 2022 թւականը «Սփիւռքի տարի» հռչակող Սրբատառ Կոնդակը

Կիրակի, 26 դեկտեմբերի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմում կիրարկւած աւանդութեան համաձայն, տարւայ վերջին ա. պատարագը մատուցւեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, որտեղ նաեւ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարւեց այս տարւայ ընթացքին մեզանից առյաւէտ բաժանւած հանգուցեալների հոգու խաղաղութեան համար: 

«alikonline.ir» - Կիրակի, 26 դեկտեմբերի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմում կիրարկւած աւանդութեան համաձայն, տարւայ վերջին ա. պատարագը մատուցւեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, որտեղ նաեւ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարւեց այս տարւայ ընթացքին մեզանից առյաւէտ բաժանւած հանգուցեալների հոգու խաղաղութեան համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Դարձեալ վերջին տասնամեակին, մեր թեմի որդեգրած անգիր օրէնքի համաձայն, նոյն օր յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Սրբատառ հռչակագիր-կոնդակը, որով Նորին Սրբութիւնը յառաջիկայ տարին «Սփիւռքի տարի» է հռչակում:

Ս. Շողակաթ եկեղեցում իր մատուցած եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագի ընթացքին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընթերցեց Վեհափառ Հայրապետին պատգամը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

«Հայր մեր»-ից առաջ, Վեհափառ Հայրապետի Կոնդակը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի խմբապետների կողմից խնկարկութեան ընթացքին վերաբերւեց դէպի խորան եւ յանձնւեց Սրբազան Հօր: Խմբապետ Միրօ Աբրահամեանը եւ խմբապետուհի Շաղիկ Գէորգեանը բռնել էին Սրբատառ Կոնդակը Սրբազան Հօր դիմաց, ընթերցանութեան համար:

Նորին Սրբութիւնը հայկական սփիւռքի պատմաբանասիրական վերլուծում կատարելուց բացի, խորապէս քննարկում է դրա գոյառման պատճառները, նախա-Ցեղասպանութեան եւ յետ-Ցեղասպանութեան ժամանակահատւածներում: Վեհափառ Հայրապետը անդրադարձ է կատարել «պարտադիր» սփիւռքների եւ «կամաւոր» սփիւռքների կազմութեան, որոնց պատճառները եւ յատկապէս հետեւանքները վերլուծում է նա: Հայաստանի հայաթափման եւ Սփիւռքի մաշման պատճառների շրջագծում, Նորին Սրբութիւնը հայերէն լեզւի աղաւաղման եւ կորստեան ահազանգն է հնչեցնում, կոչ ուղղելով ազգային բոլոր կառոյցներին՝ անկարելին կարելի դարձնել, փրկելու համար հայոց լեզուն, որը մեր ինքնութեան կռւանն է: Վերջապէս, Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բոլոր թեմերին եւ ազգային իշխանութիւններին, ինչպէս նաեւ Սփիւռքում գործող բոլոր կազմակերպութիւններին յորդորում է վերատեսութեան ենթարկել իրենց ենթակայ կառոյցներին եւ միութիւններին, եւ նոր ծրագիրներով ներկայանալ Անթիլիասի մայրավանքում գումարւելիք յառաջիկայ Ազգային Ընդհանուր ժողովին, հզօրացնելու համար Սփիւռքը, որպէսզի կարելի լինի պահպանել հզօր Հայաստան:

Նշենք, որ նոյն օր, Վեհափառ Հայրապետին սոյն հռչակագիր-կոնդակը ընթերցւեց նաեւ Ուրմիայի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցում, արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով, որը այդ օր սուրբ պատարագը մատոյց վերոյիշեալ եկեղեցում: Եկեղեցական երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի միջոցով, ղեկավարութեան երգեհոնահար Արտեմիս Բայրամեանի:

Ուրմիայում մատուցւած ս. պատարագի աւարտին, Տէր հօր միջոցով կատարւեց Սուրբ խորանի զգեստների օրհնութեան կարգը, որը նւիրաբերել էին տէր եւ տիկին Յովիկ եւ Ռոնիկ Գօլոյեանները, իրենց դստրերով՝ Սէրլի եւ Նայիրի: Ապա, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, գլխաւորութեամբ ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, յիշատակի նւէր մատուցեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին, 28 հոկտեմբերի 2021 թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի ձեռամբ քահանայական լանջախաչ կրելու իրաւունք ստանալու առիթով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։