Հա

Համայնք

27/12/2021 - 10:00

Ամանորի տօնական օրեր Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի առցանց կատարմամբ

Դեկտեմբեր ամսի եւ 2021 թւականի աւարտից առաջ, Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի տեսչութիւնը, գլխաւորութեամբ Ռոնիկ Մեջլումեանի, ծրագրեց առցանց ծրագրեր ներկայացնել հանրութեան, նկատի ունենալով համավարակի ներկայ իրավիճակը: 

«alikonline.ir» - Դեկտեմբեր ամսի եւ 2021 թւականի աւարտից առաջ, Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի տեսչութիւնը, գլխաւորութեամբ Ռոնիկ Մեջլումեանի, ծրագրեց առցանց ծրագրեր ներկայացնել հանրութեան, նկատի ունենալով համավարակի ներկայ իրավիճակը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուսուցչուհիներ Օֆելիա Սայեադեանի, Արտեմիս Բայրամեանի եւ օգնականուհի Զեմֆիրա Մնացականեանի տքնաջան աշխատանքով, երբեմն մանկապարտէզի հաւաքավայրում եւ երբեմն նոյնիսկ տներում արձանագրելով երեխաների սովորած երգերն ու ասմունքները, դրանք համացանցային էջերով ցուցադրւեցին մեր ժողովրդի զաւակներին, Ուրմիայում, Թաւրիզում եւ այլուր:

Յատկապէս Ամանորի ուրախալի առիթը բաց չթողնելու նպատակով եւ երեխաներին Նոր տարւայ ու Սուրբ Ծննդեան տօների ցնծութիւնից չզրկելու համար, մանկապարտէզի տեսչութիւնը սոյն ծրագրի յաջողութեանը նւիրւեց եւ կարողացաւ իր լաւագոյնը մատուցել:

Նոր տարւայ առիթով, մանկապարտէզի երեխաներից Դաւիթը, Քրիստեանը եւ Քրիսը  իրենց սովորած «Նոր տարի» երգը ներկայացրին, որոնց երգեհոնով ընկերակցում էր ուսուցչուհի Արտեմիս Բայրամեանը: Նոյնպէս երեխաների կողմից կատարւեց «Նոր տարւայ հանդէս» եւ «Զանգակներ» երգը, որը ունէր նաեւ պարային բաժին:

Մանկապարտէզի երեխաները միասնաբար հանդէս եկան նաեւ «պէլզ» հարւածային նւագարաններով, որոնք Ս. Ծննդեան տօնի յատուկ զանգակների ղօղանջի նմանութիւնը ունէին, այնքան հաճելի՝ լսողներին:

Խմբական երգերի մաս էին կազմում «Ձեան փաթիլ»-ը, իսկ խմբական արտասանութիւնը՝ «Նոր տարի», դարձեալ երեխաները կատարեցին այնքան խանդավառութեամբ:

Սոյն ծրագրերում ընդգրկւած էր նաեւ Ձմեռ պապի հետ հանդիպում, որ յանկարծ ժամանեց մանկապարտէզի հաւաքավայրը, ուրախացնելով ե՛ւ երեխաներին ե՛ւ ուսուցչական կազմին: Ձմեռ պապիկը նւէրների պարկը ուսին ներս մտնելով խանդավառեց բոլորին, նւէրներ բաժանելով երեխաներին, որոնք յատկացւել էին Հ.Օ.Մ.-ի վարչութեան եւ բարերարների կողմից:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը Հ.Օ.Մ.-ի վարչութեան ատենապետուհի Սեդա Մեջլումեանից եւ մանկապարտէզի տեսչուհի Ռոնիկ Մեջլումեան-Գոլոյեանից զեկուցում ստանալով «Նայիրի» մանկապարտէզի աշխատանքների մասին, բարձր գնահատանք յայտնեց Վարչութեան, տեսչութեան, ուսուցչական կազմին, բարերարներին, եւ յատկապէս ծնողներին, որոնք ներկայ դժւարին պայմաններում համագործակցում են մանկապարտէզի հետ, ի սէր իրենց զաւակների հայեցի առողջ դաստիարակութեան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։