Հա

Համայնք

29/12/2021 - 10:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Թաւրիզի քաղաքային խորհրդի նախագահին եւ քաղաքապետին

Երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի քաղաքային խորհրդի նախագահ հոջ. Ռասուլ Բերգի եւ Թաւրիզի ընդհանուր քաղաքապետ դոկտ. Ռանջբար, միասնաբար պաշտօնական այցելութիւն տւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանին, Նոր տարւան եւ Սուրբ Ծննդեան տօնին առիթով, շնորհաւորելու քրիստոնէական մեծ տօնը:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի քաղաքային խորհրդի նախագահ հոջ. Ռասուլ Բերգի եւ Թաւրիզի ընդհանուր քաղաքապետ դոկտ. Ռանջբար, միասնաբար պաշտօնական այցելութիւն տւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանին, Նոր տարւան եւ Սուրբ Ծննդեան տօնին առիթով, շնորհաւորելու քրիստոնէական մեծ տօնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բարձրաստիճան հիւրերին ընկերակցում էին Թաւրիզի 3-րդ եւ 8-րդ շրջանների քաղաքապետներ՝ Վահիդ Քիանը եւ Ջանֆեշանը, եւ Փոքրամասնութեան գրասենեակի պատասխատանուն, իսկ Սրբազան Հօր կողքին էին Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայեադեանը, Հենրիկ Աբրահամեանը, Վարդան Կարապետեանը եւ Քաթրին Դիլանեանը:

Սրբազան Հայրը իր ողջոյնի խօսքում անդրադարձաւ այն անբնական պայմաններին, որոնց միջից անցնում է համայն մարդկութիւնը, համավարակի եւ քաղաքական վերիվայրումների պատճառով. «Եթէ ասենք, որ ուրախ եւ բնականոն կեանքով ենք ապրում, բացայայտօրէն ստած կը լինենք»,- ասաց նա, աւելացնելով, որ դեռեւս մթութեան մէջ են ծածկւած եւ անպատիժ են մնում ներկայ համաշխարհային ողբերգութեան հեղինակները. «Այսօր ցանկացած երկրի, որեւէ քաղաքի ամենափոքր փողոցում կատարւած մի ոճրի յանցագործը հետապնդւում է, նոյնիսկ եթէ երկրից երկիր փախչի, միջազգային գործակալութիւնների միջոցով նրա հետքը բացայայտւում է եւ ենթական դատի կանչւում: Ինչպէ՞ս կարելի է հաւատալ, որ նման մեծ մի յանցագործութիւն Աստծու ստեղծած աշխարհի եւ Աստծու ձեռագործը հանդիսացող մարդ էակի նկատմամբ ցարդ չի՛ հետապնդւում եւ միայն ինքնապաշտպանութեան հնարքներով դիմակայւում է համաշխարհային ընտանիքի կողմից»,- ասաց Սրբազան Հայրը, բոլորի ուշադրութիւնը հրաւիրելով համաշխարհայնօրէն մտածւած եւ ծրագրւած յանցագործութեան շուրջ:

Սրբազան Հայրը կրօնների անուրանալի դերը եւ մարդկութեան ուղղութիւն ցոյց տալու երկնային պարտաւորութիւնը շեշտելով, մաղթեց, որ Յիսուսի Սուրբ Ծննդեան տօնը եւ բոլոր կրօնների խաղաղութեան տօները առիթ հանդիսանան մարդկութեան բոլոր խաւերի միջեւ հաշտութեան. «Ա՛յս աւետեցին երկնային հրեշտակները Յիսուսի ծննդեան պահին. «եւ յերկիր խաղաղութիւն՝ ի մարդիկ հաճութիւն»: Իրանի Իսլամական Հանրապետութիւնում այս է իրականացւում, բոլոր համայնքների եւ կրօնների համակեցութեամբ, որի բացայայտ արտայայտութիւնն է այսօր ձեր ներկայութիւնը այստեղ, Ատրպատականի ազգային առաջնորդարանում»,- ասաց Սրբազան Հայրը:

Քաղաքային խորհրդի նախագահ հոջ. Բերգի խօսք առնելով ասաց, թէ Նոր տարին եւ Ս. Ծննդեան տօնը նաեւ յարգելի է իսլամութեան համար, որովհետեւ այն միակ կնոջ անունը, որը Ղուրանում արձանագրւել է, Յիսուսի մօր՝ Ս. Մարիամի անունն է: Նա մաղթեց, որ իսկական խաղաղութիւն լինի աշխարհում եւ յառաջիկայ Նոր տարին յատկապէս առողջութիւն բերի համայն մարդկութեան: Քաղաքային խորհրդի նախագահը նաեւ անդրադարձաւ հայ նահատակներին, որոնք իրենց արեամբ պաշտպանեցին այս երկիրը:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան իր բարի գալստեան խօսքում շեշտեց այն համագործակցութիւնը, որը գոյութիւն ունի մեր թեմի եւ Քաղաքային խորհրդի ու մանաւանդ Թաւրիզի քաղաքապետարանի միջեւ: Նա յիշեցրեց, որ հայ համայնքը Թաւրիզի հնագոյն ազգերից է, քաղաքի կենտրոնական մասում տեղակայւած, իսկ ազգային առաջնորդարանը ջանք չի խնայում, իր հնարաւորութեան սահմաններում օգտակար հանդիսանալու քաղաքի բարգաւաճման աշխատանքին: Նա ասաց, որ բոլոր շրջանների քաղաքապետարանները համագործակցել են ազգային առաջնորդարանի հետ, իսկ հայ համայնքը իր հողամասերից տրամադրել է կրթօջախներին, համալսարաններին եւ բնակարանային համալիներին. «Վստահաբար նոր քաղաքապետն ու շրջանների քաղաքապետարանները շարունակելու են համագործակցել մեզ հետ, շէնացնելու համար այս պատմական քաղաքը՝ Թաւրիզը», ասաց Ջորջեան: Թեմական խորհրդի ատենապետը իր կարգին յիշեցրեց հայ նահատակների արեան թանկագին հեղումը Իրանական հողի վրայ. «Հայկական թաղամասերի ռմբակոծման ժամերին, հանգց. ուրբաթօրեայ աղօթապետ Ալէ-Հաշեմ աւագը, ինք անձամբ ներկայ էր լինում եւ իր ձեռամբ վերցնում նահատակների մարմինները»,- ասաց Գագիկ Ջորջեան, աւելացնելով, որ այդ սուրբ նահատակների շնորհիւ մենք այսօր միասին ենք եւ միակամ:

Թեմական խորհրդի կազմից խօսք առին նաեւ Հենրիկ Աբրահամեանը եւ Ալէն Սայեադեանը, շնորհակալութիւն յայտնել սոյն մեծագումար այցելութեան եւ հայ համայնքին ընծայւած այս մեծ յարգանքին համար: Հենրիկ Աբրահամեանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց Փոքրամասնութեան գրասենեակի պատասխանատուին, որ երկար տարիներից ի վեր հայ համայնքի կողքին կանգնած է մնում, հեշտացնելով բոլորի աշխատանքը:

Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Ռանջբար, իր կարգին, խօսելով հայ համայնքի հետ իր համագործակցութեան անցեալի մասին, շեշտեց, որ ազգային առաջնորդարանի հետ նախապէս կապ ունեցել է կալւածային բնագաւառում: Ուստի խոստացաւ օրէնքի սահմաններում իր կարելին ի գործ դնել, օգտակար հանդիսանալու Թաւրիզի հնագոյն համայնքներից՝ հայ համայնքին: Քաղաքապետը տեղի վրայ յանձնարարեց քաղաքի 3-րդ եւ 8-րդ շրջանների քաղաքապետներին, մօտկից համագործակցել ազգային առաջնորդարանի հետ, որովհետեւ հայ համայնքի կալւածները գլխաւորաբար քաղաքի այս հատւածներում են գտնւում:

Քաղաքային խորհրդի կրօնաւոր անդամները տեղեկացրին Սրբազնա Հօրը, որ սկսւել են Ս. Հեղինէ մատռան վերանորոգման աշխատանքները, գետնափորի պեղումներով եւ արտաքին պատերի վերակառուցմամբ: Նրանք կանխաւ հրաւէր տւեցին առաջնորդ Սրբազան Հօր, սոյն մատռան վերաբացման արարողութեան անձամբ մասնակցութիւն բերել մօտ ապագային:

Աւարտին տեղի ունեցաւ նւէրների փոխանակում: Սրբազան Հայրը այս առիթով լայն բացատրութիւն տւեց իր հրատարակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» գրքի Բ. հատորի մասին, շեշտելով, որ սոյն մատենաշարով, ինք ի մի է բերում Ատրպատականի հայոց թեմում գտնւող բոլոր հայկական գիւղերի, եկեղեցիների եւ գերեզմանատների պատմութիւնը:

 

Յարակից լուրեր

  • Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022-ին սուրբ պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից:

  • Սպահանի նահանգային բարձրաստիճան պաշտօնեաների Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների շնորհաւորական այցը՝ Ս. Ամենափրիչ վանք
    Սպահանի նահանգային բարձրաստիճան պաշտօնեաների Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների շնորհաւորական այցը՝ Ս. Ամենափրիչ վանք

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի մարդկութեան դիմագրաւած ներկայ առողջական, հասարակական ու մանաւանդ հայ ազգի առջեւ ծառացած դժւարին պայմաններում Սուրբծննդեան տօնի խորհուրդը վերլուծելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր պատգամը ուղղեց թեմի ժողովրդին, աշխարհի խաղաղութեան եւ համայն մարդկութեան առողջութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած: 

  • Ծնւեց, ուրեմն փրկելու է…
    Ծնւեց, ուրեմն փրկելու է…

    Աստծու փրկագործական ծրագիրը մարդկային սովորական մտքի ծրագրի նման չէ, որը անկայուն է եւ միշտ փոփոխութիւնների ենթակայ, մարդու յեղյեղուկ նկարագրի պատճառով: Յատուկ նպատակով ծնւած եւ մարդացեալ Աստւածը անպայման փրկելու էր իր իսկ ստեղծած մարդկութիւնը: Փրկչի ծննդեան թւականից մինչ այսօր քիչ չեն եղել պատերազմներ, աւերածութիւններ, կոտորածներ, հիւանդութիւններ, նոյնիսկ համաճարակներ, որոնց ժայթքող լաւան իր հրաշունչ որովայնի մէջ էր կլանել եւ ածխացրել բիւրաւորներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։