Հա

Համայնք

31/12/2021 - 11:45

Տկա՛ր ենք, անյոյս չե՛նք

 

Տարին աւարտւում է եւ նոր տարեշրջան է բացւում: Անցեալը չենք կարող մոռանալ, սակայն տկարութեան մէջ իսկ նւիրւելու ենք աշխատանքի, մեր տկարութիւնը զօրութեան փոխակերպելու համար: Նահատակների սուրբ արիւնը ինքնին բալասան է տկարութեամբ վիրաւոր մարդու բաց վէրքերին, որովհետեւ նրանց մայրերի արցունքախառն վրէժխնդրութիւնը թրծում է նոյնիսկ ամենատկարի կամքը, եւ բոցկլտացող աչքեր պարգեւում նրան: 

«Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր»:

(Բ Կրնթ. 12:10)

 

Իրաւունք չունե՛նք անյոյս լինելու, նոյնիսկ եթէ յուսահատւել ենք մի պահ եւ ինքնաբեկումնային վիճակի ենք մատնւել անցեալ տարում: Բոլորս գիտակցում ենք, այն խոցերը, որոնք ստացել ենք ուղղակի մեր սրտի վրայ, ազգային, առողջապահական եւ հայրենական կորուստների պատճառով, որոնց խոր վէրքերը դեռեւս չեն սպիացել:

Ինքնախաբէութեան յատուկ ջանք առանց ի գործ դնելու, կարող ենք զգալ, որ տկարացել ենք. այո՛ տկարացել ենք: Սակայն տկարութիւնը իր մէջ է պարփակում վերստին հզօրանալու ներուժը, որը վրէժխնդրութիւնից շատ աւելի հեռուներն է տանում իրապաշտ մարդուն, հասցնելով նրան մինչեւ իսկական յաղթանակ:

Քրիստոնէական կրօնի անհուն ուժականութեամբ հպարտ եւ դրա վերջնական յաղթանակով լեցուն հոգով Պօղոս Առաքեալը, իր տկարութեան ամենադժւար պահերին, Աստծու խօսքի հնազանդ իր հաւատացեալներին գօտեպնդելով, ասում է. «Մարդիկ թող համարեն մեզ մեռած, բայց մենք ահա կենդանի ենք: Թող համարեն մեզ պատժապարտ, բայց մենք գիտենք, որ ազատւած ենք մահւան դատապարտութիւնից» (Բ Կրնթ. 6:9):

Նորկտակարանեան սոյն պատգամի թափանցկութիւնը, իմաստային սլաքումը եւ տկարութեան ճիրաններում յայտնւած մարդուն հասցէագրւած լինելը, յաւելեալ բացատրութեան կարօտ չեն: Սակայն, տկարութեան մէջ թաքնւած մեծ զօրութեան արտայայտութիւն է այս, որի արտաքին տեսքը միայն կարող է տկար թւալ հեռւից դիտողներին: Իւրաքանչիւր անձի ներքին համոզումը այն ուժն է հանդիսանում, որը կարող է վերստին դուրս բերել նրան, նոյնիսկ ամենախոր փոսից:

Առաքեալը միեւնոյն նամակում յիշելով իր սեփական տկարութեան պատճառներից մէկը, այն ինքնազօրացման սքանչելի առիթ է ընդունում, եւ խորը համոզումով իր փորձառութիւնը կիսում հաւատացեալների հետ. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր» (Բ Կրնթ. 12:10): Սին ինքնախաբէութիւն չէ՛ սոյն խօսքը, որովհետեւ իւրաքանչիւր անձ տկարութեան պահին ինքնակենտրոնացմամբ եւ ներհայեցողութեամբ, կարող է վերաթարմացնել իր ուժերը, նախ պահպանելու համար իր գոյութիւնը եւ ապա տեսնելու, թէ ինչպէ՞ս կարող է վերատիրանալ իր կորցրածներին, կամ վերականգնել ինքն իրեն:

Բարոյական յաղթանակների անվերջանալի տեսականի ունենք մեր ազգային երկարաձիգ պատմութեան էջերում, որը ակնկալւած լինելով, բոլորի սրտում փայփայւող յոյսին խորքային իմաստ է տալիս եւ գօտեպնդում մեր հաւաքական կամքը: Յիշողութիւններով ապրելը ո՛չ այնքան ապագայ անուրջներ հիւսելու առիթ է հանդիսանալու մեր ազգի համար, այլ իրողութիւնները տեսնելու պատճառ: Երազների կարիք չունենք, այլ իրողութիւնները իրենց անուններով կոչելու, դրանց համար ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու եւ ճիշտ վայրկեանին ճիշտ քայլ վերցնելու:

Աւարայրի արեան բաղանիքից մինչեւ Դեր Զորեան զոհասեղան երկարաձգւող բարոյական յաղթանակները, վերապրումի փաստացի տւեալներ ունեն: Չենք կասկածում: Սակայն բարոյական յաղթանակներով եւ իր գոյատեւմամբ հպարտանալը բաւարար չէ՛ մեր ժողովրդի համար, յատկապէս երբ «Դամոկլեան սուր»-ն է դրւել մեր պարանոցին:

Տարին աւարտւում է եւ նոր տարեշրջան է բացւում: Անցեալը չենք կարող մոռանալ, սակայն տկարութեան մէջ իսկ նւիրւելու ենք աշխատանքի, մեր տկարութիւնը զօրութեան փոխակերպելու համար: Նահատակների սուրբ արիւնը ինքնին բալասան է տկարութեամբ վիրաւոր մարդու բաց վէրքերին, որովհետեւ նրանց մայրերի արցունքախառն վրէժխնդրութիւնը թրծում է նոյնիսկ ամենատկարի կամքը, եւ բոցկլտացող աչքեր պարգեւում նրան: Նահատակները ջլապինդ են դարձնում տկարին, մինչ նրանց շիրիմներից մխացող խունկի բոյրը վառօդի ծուխի յանգոյն, կոփում է նրա թուլացած կամքը, լցւելով նրա յոգնած թոքերում:

Տկա՛ր ենք, այո՛, որովհետեւ ազգովին անհոգութեամբ ընկողմանել էինք, երբ մեր տարիների ձեռքբերումը յօդս ցնդեց: Բայց անյոյս չե՛նք: Մեր տկարութեան մէջ հաւաքական գիտակցութեան հարթակ ենք ստեղծել, որին պակասում է համախմբւածութիւնը եւ համագործակցութիւնը: Պատմութիւնը լաւ ուսուցիչ լինելու է կոչւած, սակայն նրա խրատներն ու ուսուցումները լսող ուշիմ աշակերտներ ընդհանրապէս շատ քիչ են գտնւում մարդկութեան կեանքի դասարաններում: Մեծամասնութիւնը կա՛մ թերաւարտ է արձակւում եւ կամ բարձր, բայց կեղծ վկայականներով է աւարտում իր ուսումը, ի՛նքը ուսուցչի դեր ստանձնելով…:

Բայց անյոյս չենք, որովհետեւ «երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր»: Յոյսը ո՛չ մէկ անգամ այնքան զօրեղ փայլքով չի՛ յայտնւի մեր սրտում, ինչքան՝ յուսալքումի ծանրագոյն պահին: Դժւարութեան ծանրութիւնը, նաեւ լուծում է բերում դժւարութեան: Յուսախաբութեան պատճառով ծագած յոյսը, նոր հաշւարկներ է կատարում, նոր անձերի հոգիներում վառում փրկութեան լոյսը եւ նրանց զինում քաջութեան առաքինութեամբ:

Տկարութիւնից ընդհանրապէս հակառակորդն է օգտւում, սակայն դրանից կարող է առաջին հերթին ինքը՝ տկար անձը օգտւել, ինքնազօրացման սքանչելի առիթի վերածելով այն, իր տկարութիւնը ծածկելով թշնամու խուզարկու ուշադրութիւնից: Տկարութեան ժամանակահատւածը, կարճ կամ երկար, յոյսի օրօրոցի չպիտի վերածել, այլ նպատակասլաց եւ կազմակերպ ջամբարի:

Իւրաքանչիւր հայ, որտեղ որ գտնւի, ինչ հանգամանքի տէր լինի կամ հասարակական կեանքում ինչ պաշտօն զբաղեցնի, պարտաւոր է մաս կազմել ազգային այս ինքնակազմակերպման ճամբարին, տկարութեան պահի ամբողջական օգտագործման նւիրելով իր անձը, դրանով վերստին զօրանալու մտօք:

Բացւող տարւայ բոլոր օրերը շահարկելու եւ նոյնիսկ մէկ վայրկեան իսկ չկորցնելու ստիպողութեան առջեւ ենք գտնւում, մեծով ու փոքրով, հարուստով ու աղքատով, առանց դասակարգային խտրութեան, որովհետեւ բոլորս հաւասարապէս տկարացել ենք, բայց անյոյս լինելու պատճառ բնա՛ւ չունենք:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ

Աղօթաձայն օրհնութեամբ՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Նոր՝ 2022 տարի,

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։