Հա

Համայնք

04/01/2022 - 11:45

2022 Նոր տարւայ առաջին պատարագը Ատրպատականի հայոց թեմում

Բացւող Նոր տարւայ սեմին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ին: 

«alikonline.ir» - Բացւող Նոր տարւայ սեմին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզում Նոր տարւայ առաջին սուրբ պատարագը մատոյց եւ իր պատգամը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Հանդիսաւոր սուրբ պատարագի ընթացքին, «Հայր մեր»-ից առաջ Սրբազան Հայրը քարոզեց, կեանքի ժամանակը օգտագործելու եւ այն Աստծու փառքին եւ մեր նմանների բարիքին ծառայեցնելու կոչ ուղղելով հաւատացեալ ժողովրդին:

Սրբազան Հօր պատգամի երկրորդ բաժնում անդրադարձ կատարւեց ներկայ ժամանակների ընդհանուր տկարութեան, որը ցուցաբերում է մարդկային հասարակութիւնը, ի դէմս աշխարհով մէկ տարածւած համավարակի: Մարդկային անյուսութեան դէմ պայքարելու զէնքը Աստծուն նկատմամբ հաւատքն է, ասաց Սրբազան Հայրը, որը նաեւ ինքնապաշտպանութեան որպէս վահան ներկայացրեց նա:

Վերջապէս, ազգային կեանքին եւ ներազգային դժւարութիւններին անդրադառնալով, թեմակալ առաջնորդը բացատրեց թէ ինչպէս կարող ենք երեւոյթներից չտարւել, այլ խնդիրների խորքում փնտռել լուծումները: Լաւագոյն կերպը ներկայացնելով, Սրբազան Հայրը ասաց, որ սխալները մեզնից հեռու չպիտի վանել, որովհետեւ կարող է որ յանցանքի մի մասը մեր պատճառով գոյութեան եկած լինի:

Իր պատգամի աւարտին նա գօտեպնդեց Ատրպատականում ապրող հայութեան, միշտ կառչած մնալու իրենց ազգային արմատներին, հզօրացնելու իրենց պատկան միութիւններին եւ կազմակերպութիւններին, դրանց ճամբով հզօրացնելու համար հայ սփիւռքը, ի նպաստ յաւերժական հայրենիքին:

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Յընթացս պատարագի, Տէր հայրը ընթերցեց թեմական առաջնորդի Նոր տարւայ պատգամը ի լուր հաւատացեալ ժողովրդի: Սուրբ պատարագի աւարտին, ներկայ ժողովուրդը շնորհաւորեց միմիանց, բարի ամանոր եւ ուրախ տօնական օրեր մաղթելով:

 

Յարակից լուրեր

  • Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022-ին սուրբ պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի մարդկութեան դիմագրաւած ներկայ առողջական, հասարակական ու մանաւանդ հայ ազգի առջեւ ծառացած դժւարին պայմաններում Սուրբծննդեան տօնի խորհուրդը վերլուծելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր պատգամը ուղղեց թեմի ժողովրդին, աշխարհի խաղաղութեան եւ համայն մարդկութեան առողջութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած: 

  • Ծնւեց, ուրեմն փրկելու է…
    Ծնւեց, ուրեմն փրկելու է…

    Աստծու փրկագործական ծրագիրը մարդկային սովորական մտքի ծրագրի նման չէ, որը անկայուն է եւ միշտ փոփոխութիւնների ենթակայ, մարդու յեղյեղուկ նկարագրի պատճառով: Յատուկ նպատակով ծնւած եւ մարդացեալ Աստւածը անպայման փրկելու էր իր իսկ ստեղծած մարդկութիւնը: Փրկչի ծննդեան թւականից մինչ այսօր քիչ չեն եղել պատերազմներ, աւերածութիւններ, կոտորածներ, հիւանդութիւններ, նոյնիսկ համաճարակներ, որոնց ժայթքող լաւան իր հրաշունչ որովայնի մէջ էր կլանել եւ ածխացրել բիւրաւորներին:

  • «Իրանը օրինակելի օրինակ է փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ սիրոյ». Գրիգոր արք. Չիֆթճեան
    «Իրանը օրինակելի օրինակ է փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ սիրոյ». Գրիգոր արք. Չիֆթճեան

    Կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Ուրմիայի քրիստոնեայ համայնքներին ի պատիւ կազմակերպւած Ս. Ծննդեան ընդունելութեան մասնակցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Հանդիսութիւնը տեղի ունեցաւ նեստորական ասորիների «Ս. Մարիամ» եկեղեցու հանդիսասրահում

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։