Բացւող Նոր տարւայ սեմին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ին:
«alikonline.ir» - Բացւող Նոր տարւայ սեմին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Թաւրիզում Նոր տարւայ առաջին սուրբ պատարագը մատոյց եւ իր պատգամը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Հանդիսաւոր սուրբ պատարագի ընթացքին, «Հայր մեր»-ից առաջ Սրբազան Հայրը քարոզեց, կեանքի ժամանակը օգտագործելու եւ այն Աստծու փառքին եւ մեր նմանների բարիքին ծառայեցնելու կոչ ուղղելով հաւատացեալ ժողովրդին:
Սրբազան Հօր պատգամի երկրորդ բաժնում անդրադարձ կատարւեց ներկայ ժամանակների ընդհանուր տկարութեան, որը ցուցաբերում է մարդկային հասարակութիւնը, ի դէմս աշխարհով մէկ տարածւած համավարակի: Մարդկային անյուսութեան դէմ պայքարելու զէնքը Աստծուն նկատմամբ հաւատքն է, ասաց Սրբազան Հայրը, որը նաեւ ինքնապաշտպանութեան որպէս վահան ներկայացրեց նա:
Վերջապէս, ազգային կեանքին եւ ներազգային դժւարութիւններին անդրադառնալով, թեմակալ առաջնորդը բացատրեց թէ ինչպէս կարող ենք երեւոյթներից չտարւել, այլ խնդիրների խորքում փնտռել լուծումները: Լաւագոյն կերպը ներկայացնելով, Սրբազան Հայրը ասաց, որ սխալները մեզնից հեռու չպիտի վանել, որովհետեւ կարող է որ յանցանքի մի մասը մեր պատճառով գոյութեան եկած լինի:
Իր պատգամի աւարտին նա գօտեպնդեց Ատրպատականում ապրող հայութեան, միշտ կառչած մնալու իրենց ազգային արմատներին, հզօրացնելու իրենց պատկան միութիւններին եւ կազմակերպութիւններին, դրանց ճամբով հզօրացնելու համար հայ սփիւռքը, ի նպաստ յաւերժական հայրենիքին:
Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Յընթացս պատարագի, Տէր հայրը ընթերցեց թեմական առաջնորդի Նոր տարւայ պատգամը ի լուր հաւատացեալ ժողովրդի: Սուրբ պատարագի աւարտին, ներկայ ժողովուրդը շնորհաւորեց միմիանց, բարի ամանոր եւ ուրախ տօնական օրեր մաղթելով: