Հա

Համայնք

04/01/2022 - 10:00

2022 Նոր տարին առողջութեան մաղթանքներով դիմաւորւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականի հայոց թեմի զաւակների տարիների աւանդութիւնն է, ամանորը դիմաւորել հաւաքապէս, ազգային առաջնորդարանի սրահում, համադամ կերակուրներով լեցուն սեղանների շուրջը համախմբւած: Նախորդ տարի, համավարակը չթողնեց, որ սոյն աւանդութիւնը շարունակւի, սակայն այս տարի, հիւանդութեան տարածումը համեմատաբար նախորդ տարւայ աւելի նւազած լինելով, համայնքը քաջութիւնը ունեցաւ վերստին համախմբւելու, Նոր տարւայ դիմաւորութիւն կատարելու համար:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի զաւակների տարիների աւանդութիւնն է, ամանորը դիմաւորել հաւաքապէս, ազգային առաջնորդարանի սրահում, համադամ կերակուրներով լեցուն սեղանների շուրջը համախմբւած: Նախորդ տարի, համավարակը չթողնեց, որ սոյն աւանդութիւնը շարունակւի, սակայն այս տարի, հիւանդութեան տարածումը համեմատաբար նախորդ տարւայ աւելի նւազած լինելով, համայնքը քաջութիւնը ունեցաւ վերստին համախմբւելու, Նոր տարւայ դիմաւորութիւն կատարելու համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տարիների սովորութեան համաձայն, Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչութիւնը, ծնողական խորհրդի հետ միասին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում կազմակերպեց Նոր տարւայ դիմաւորութեան խանդավառ խրախճանքը:

Հարազատներով եւ հիւրերով համախմբւած կլոր սեղանների շուրջ, հայկական աւանդական ուտեստներով եւ եղանակի մրգերով լեցուն, տարեվերջի հոգեվարքի եւ Նոր տարւայ ծննդեան ուրախալի պահը միասնաբար դիմաւորեցին ատրպատականցի հայորդիներ, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Երեկոյեան ժամերից սկսեալ, երիտասարդական պարերով արդէն խանդավառ սրահը ժամանեց Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, դպրոցի տեսչութեան եւ հոգաբարձական կազմի, իր հօտի հետ տօնելու տարեմուտը: Կատարւեց սեղանի օրհնութիւն, որից յետոյ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Տեսչուհին գնահատեց թաւրիզահայութեան կապւածութիւնը իր հարազատ կրթօջախի հետ, որովհետեւ սոյն խրախճանքի ծանուցման առաջին իսկ օրւանից մեծ ընդառաջում էր ցուցաբերել եւ այսօր մեծաթիւ բազմութեամբ լցրել էր սրահը: Տեսչուհին գնահատեց հոգաբարձութեանը, ծնողական խորհրդին, ձայնի հաղորդավար Սեւադա Սաֆարեանին եւ սրահի նոր տնօրէնութեան՝ տէր եւ տիկին Գրիգոր եւ Սօսէ Դաւթեանին, որոնց ուսերին էր դրւել օրւայ ծրագրի աշխատանքային ծանրութիւնը:

Արմինէ Վահրամեան ապա խօսափողը յանձնեց օրւայ հանդիսավար Կարէն Սարգիսեանին, որը իր հերթին շնորհաւորեց բոլորի Նոր տարին եւ յառաջիկայ Ս. Ծննդեան տօնը, մաղթելով, որ աշխարհից շուտով կը վերանայ համավարակի չարիքը եւ կը վերահաստատուի բնականոն կեանքը:

Յայտնենք, թէ փոքրամասնութիւնների պետական գրասենեակը յատուկ ծաղկեկողով էր ուղարկել, շնորհաւորելու համար Ատրպատականի հայոց թեմում ապրող հայութեան Նոր տարին: Այս առիթով Կարէն Սարգիսեան, փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի ներկայութեան ընթերցեց նրանց գրած պատգամը, ուղղւած թեմակալ առաջնորդին, ազգային իշխանութեան եւ հայ ժողովրդի զաւակներին: 

Կէս գիշերին, երբ տեղի էր ունենանում ժամի փոփոխութիւնը եւ թաւալւում էր 2021-ը ու վերածւում 2022-ի, ներկայ բազմութիւնը միաբերան թւահաշւարկով դիմաւորեց Նոր 2022 տարին, հարազատ ու բարեկամ եւ ապա՝ ծանօթ-անծանօթ, թաւրիզեցիներ եւ հիւրեր ողջագուրւեցին սրահում, շնորհաւորելով Նոր տարին:

Ամանորի դիմաւորման խանդավառութիւնը իր գագաթնակէտին հասաւ, երբ սրահ ժամանեց տարւայ ամենից շատ սպասւած մարդը՝ Կաղանդ պապը:

Նա շնորհաւորական խօսքերով եւ բարի խրատներով դիմեց ներկայ ժողովրդին եւ խաղաղութիւն մաղթեց աշխարհին ինչպէս նաեւ առողջութիւն բոլոր հիւանդներին: Ընթացքում կատարւեց վիճակախաղեր, որոնք ունեցան իրենց բախտաւորները, իսկ մէկ նւէր՝ յատկացւել էր «Սաքօ» վաճառատան կողմից:

Բացւող Նոր տարւայ առիթով իր պատգամը ուղղելու հրաւիրւեց Սրբազան Հայրը: Նա ողջունեց Ատրպատականի հայոց թեմի բոլոր զաւակներին՝ Թաւրիզում, Ուրմիայում, Սալմաստում, Գեարդաբադում, Ռահւայում եւ այլ շրջաններում բնակւող, մաղթելով, որ տխութիւնները փարատւեն իրենց կեանքից եւ Աստծու զօրեղ աջը միշտ հովանաւորի իրենց, յատկապէս ներկայ անորոշ ժամանակներում:

Առաւօտեան ժամը 3-ին, հետզհետէ մեկնեց ժողովուրդը իր տունը, բացառիկ խանդավառութեամբ Նոր տարին դիմաւորած լինելու բաւարարւածութեամբ:

 

Յարակից լուրեր

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի մարդկութեան դիմագրաւած ներկայ առողջական, հասարակական ու մանաւանդ հայ ազգի առջեւ ծառացած դժւարին պայմաններում Սուրբծննդեան տօնի խորհուրդը վերլուծելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր պատգամը ուղղեց թեմի ժողովրդին, աշխարհի խաղաղութեան եւ համայն մարդկութեան առողջութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած: 

  • «Իրանը օրինակելի օրինակ է փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ սիրոյ». Գրիգոր արք. Չիֆթճեան
    «Իրանը օրինակելի օրինակ է փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ սիրոյ». Գրիգոր արք. Չիֆթճեան

    Կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Ուրմիայի քրիստոնեայ համայնքներին ի պատիւ կազմակերպւած Ս. Ծննդեան ընդունելութեան մասնակցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Հանդիսութիւնը տեղի ունեցաւ նեստորական ասորիների «Ս. Մարիամ» եկեղեցու հանդիսասրահում

  • 2022 Նոր տարւայ առաջին պատարագը Ատրպատականի հայոց թեմում
    2022 Նոր տարւայ առաջին պատարագը Ատրպատականի հայոց թեմում

    Բացւող Նոր տարւայ սեմին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ին: 

  • Տկա՛ր ենք, անյոյս չե՛նք
    Տկա՛ր ենք, անյոյս չե՛նք

     

    Տարին աւարտւում է եւ նոր տարեշրջան է բացւում: Անցեալը չենք կարող մոռանալ, սակայն տկարութեան մէջ իսկ նւիրւելու ենք աշխատանքի, մեր տկարութիւնը զօրութեան փոխակերպելու համար: Նահատակների սուրբ արիւնը ինքնին բալասան է տկարութեամբ վիրաւոր մարդու բաց վէրքերին, որովհետեւ նրանց մայրերի արցունքախառն վրէժխնդրութիւնը թրծում է նոյնիսկ ամենատկարի կամքը, եւ բոցկլտացող աչքեր պարգեւում նրան: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Թաւրիզի քաղաքային խորհրդի նախագահին եւ քաղաքապետին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Թաւրիզի քաղաքային խորհրդի նախագահին եւ քաղաքապետին

    Երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի քաղաքային խորհրդի նախագահ հոջ. Ռասուլ Բերգի եւ Թաւրիզի ընդհանուր քաղաքապետ դոկտ. Ռանջբար, միասնաբար պաշտօնական այցելութիւն տւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանին, Նոր տարւան եւ Սուրբ Ծննդեան տօնին առիթով, շնորհաւորելու քրիստոնէական մեծ տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։