Հա

Համայնք

05/01/2022 - 11:00

Թաւրիզում պետական բացառիկ յարգանք՝ հայ նահատակաց ընտանիքներին

Երեքշաբթի, 4 յունւարի 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում յատուկ հանդիսութիւն կայացաւ, Ամանորի եւ Քրիստոսի Ս. Ծննդեան տօների առիթով մեծարելու իրանահայ նահատակների ընտանիքներին:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 4 յունւարի 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում յատուկ հանդիսութիւն կայացաւ, Ամանորի եւ Քրիստոսի Ս. Ծննդեան տօների առիթով մեծարելու իրանահայ նահատակների ընտանիքներին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, սոյն հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի «Փեթրոշիմի»-ի ընդհ. տնօրէն դոկտ. Դերաֆշին, Նահատակների պետական հիմնարկութեան փոխտնօրէն Ալիզադէն, մուսուլման կրօնաւորներ եւ վերոյիշեալ հիմնարկութիւնների պատասխանատու պաշտօնեաներ: Սոյն հաւաքին ներկայ էին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն, Թեմական խորհրդի անդամները, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ հայ նահատակների ընտանեկան պարագաները:

Սրբազան Հայրը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ, հայ նահատակներին ընծայւած սոյն յարգանքի պատիւը Իրանի Իսլամական Հանրապետութեան ընծայելով, որովհետեւ «այն ինչ այս պահին այս դահլիճում է կատարւում որպէս յարգանքի տուրք հայ նահատակաց, իր օրինակը ստանում է երկրի կրօնական առաջնորդից, այաթ. Խամենէից, որ ոչ մի խտրութիւն չի դնում հայ եւ իրանցի նահատակաց միջեւ, բոլորի թափած արիւնը թանկագին համարելով»,- ասաց Սրբազան Հայրը:

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը խօսք առնելով, իր խոր շնորհակալութիւնը յայտնեց հայ համայնքի նկատմամբ ցուցաբերւած յարգանքի համար, յիշելով նահատակ գեներալ Սոլէյմանին, որի նահատակութեան տարելիցն է նշւում երկրում: Արա Շահվերդեանը ասաց, որ նա մուսուլման լինելով հանդերձ, Իրանում ապրող համայն ժողովրդի համար պայքարեց, առանց խտրութեան, եւ նոյն առաքելութեան ընթացքին նահատակւեց: Պատգամաւորը նաեւ շեշտեց հայ ժողովրդի յարգւած ազգ լինելը Իրանում, աւելացնելով, որ հայ նահատակներից շատերը ռազմաճակատներում մեծապէս օգտակար են հանդիսացել որպէս հմուտ արհեստաւորներ: Իր խօսքի աւարտին, Արա Շահվերդեանը յուշագրեր յանձնեց նահատակների ընտանիքներին, բոլորին մաղթելով բարեյաջող Նոր տարի:

«Փեթրոշիմի»-ի տնօրէն դոկտ. Դերաֆշին իր խօսքում առաւել ուժ ու կորով մաղթեց նահատակների ընտանեկան պարագաներին, հիանալով նրանց համբերատարութեան, որով այսքան երկար ժամանակ կրում են իրենց հարազատները կորցնելու ցաւը: Իր խօսքի աւարտին, ընդհ. տնօրէնը յուշատախտակներ եւ նւէրներ յանձնեց նահատակների ընտանիքներին:

Խօսք առաւ նաեւ Նահատակների պետական հիմնարկութեան փոխտնօրէն Ալիզադէ, յիշելով բոլոր նահատակներ երկնային կեանքով օրհնւած լինելը, համաձայն մուսուլմանական եւ քրիստոնէական կրօնների ըմբռնումներին:

Շնորհակալական եւ երախտիքի խօսք ուղղեց Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, որը իր շնորհակալիքը եզրափակեց ասելով, որ Աստւած մի արասցէ, եթէ մի օր դարձեալ պատերազմ բռնկւի երկրում, հայ ժողովուրդը իր իրանցի եղբայրների եւ քոյրերի հետ ռազմաճակատ կը մեկնի, պաշտպանելու համար հայրենիքը:

Սրբազան Հայրը, Թեմական խորհրդի հետ անակնկալ մատուցեց Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի Մուսաւիին, որը նահատակի եղբայր լինելով, քաջածանօթ էր բոլոր նահատակ ընտանիքների կրած ցաւին: Այս առիթով յատուկ յուշանւէրով պատւելով նրան, ազգային իշխանութիւնը իր երախտագիտութիւնը նաեւ յայտնեց, նրա կատարած բազմամեայ ծառայութիւնների համար:

Հանդիսութեան պաշտօնական բաժնից յետոյ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց, որի ընթացքում ներկաները հիւրասիրւեցին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։