Հա

Համայնք

08/01/2022 - 09:20

Ուրմիայի Հ.Օ.Մ.-ի «Նայիրի» մանկապարտէզի Ս. Ծննդեան «Աւետիս»-ը

Չորեքշաբթի, 5 յունւարի 2022 թ.-ին, նախաձեռնութեամբ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի տեսչութեան, կազմւեց Ս. Ծննդեան «Աւետիս»-ը տարածող երգչախումբ, Փրկչի Ծննդեան Աւետիսը առցանց փոխանցելու համար ուրմիահայութեան: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 5 յունւարի 2022 թ.-ին, նախաձեռնութեամբ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի տեսչութեան, կազմւեց Ս. Ծննդեան «Աւետիս»-ը տարածող երգչախումբ, Փրկչի Ծննդեան Աւետիսը առցանց փոխանցելու համար ուրմիահայութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երէց ուրմիահայերի յիշողութեան մէջ դեռեւս վառ է այն պատկերը, երբ Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու երգչախումբը յունւարի 5-ի երեկոյից սկսեալ մինչեւ  լուսաբաց տնից տուն կայցելէր «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, Աւետիս» տաղը, եւ «Խորհուրդ Մեծ» շարականը երգելով:

«Նայիրի» մանկապարտէզի տեսչութիւնը, գլխաւորութեամբ Ռոնիկ Մեջլումեանի,  մանկապարտէզի  երեխաներից  եւ  Ս. Ստեփանոս եկեղեցու դպրաց դասի պարմանուհիներից կազմեց մի փոքրաթիւ երգչախումբ, ղեկավարութեամբ Արտեմիս Բայրամեանի, ուրմիահայութեան աւետելու համար Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

Արտեմիս Բայրամեան երգեհոնի ընկերակցութեամբ ղեկավարեց սոյն խումբը, որտեղ մանկապարտէզի երեխաների եւ պարմանուհիների անմեղ կատարմամբ հնչեցին Սուրբ Ծննդեան շարականներ: Մանկապարտէզի երեխաները հրեշտակների նման էին զգեստաւորւել, իսկ երգչախումբի աղջիկները եկեղեցական շապիկներ էին հագել:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր գնահատանքը յայտնելով «Նայիրի» մանկապարտէզի տեսչութեան, յատկապէս անդրադարձաւ հայկական դարաւոր աւանդութիւններին, ասելով. «Աւանդութիւնների վերականգնմամբ հզօրանում են նոյնիսկ փոքր հաւաքականութիւններ, երբ վերադառնում են անցեալին, ոչ միայն դասեր քաղելու պատմութիւնից, այլեւ վերատեսութեան ենթարկելու իրենց կեանքի նոր դրութիւնը, համեմատելով այն իրենց նախնիների աւանդութեանց հետ»:

Երգեցողութիւնը կատարւեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու խորանի առջեւից, որը հեռասփռւեց համացանցով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։