Հա

Համայնք

16/01/2022 - 13:25

Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

«alikonline.ir» - Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Եկեղեցական արարողութեան իրենց մասնակցութիւնը բերեցին արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ եկեղեցու դպրաց դասի անդամ՝ բարշ. Թադէ կիսասարկաւագ Էլիասզադէն: Արարողութեան ներկայ գտնւեցին նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար Էդիկ Մեջլումեանը, կազմակերպութիւնների եւ միութիւնների պատասխանատուներ եւ ուրմիահայ հաւատացեալներ, որոնք համախմբւել էին եկեղեցում, վկայ հանդիսանալու մի նոր սրբապատկերի օծանը, որը շուտով զարդարելու էր սոյն հոգեւոր տան պատերից մէկը:

Սրբազան Հայրը օծման պահին, Միւռոնաթափ աղաւնիից Սրբալոյս Միւռոնը հեղլով սրւակի մէջ, բութով օծեց Քրիստոսի խորհրդանշական պատկերը ներկայացնող սրբանկարի ճակատը, եւ աջ ու ահեակ կողմերը: Ապա, Սրբազան Հայրը տւեց իր պատգամը: Նա բարձր գնահատեց սրբապատկերի նւիրատու Սեւադա Աբրահամեանի մտածմունքը, իր ծննդավայրի եկեղեցու նման նւէր կատարելու, որը բարեպաշտական ազնւագոյն զգացմունքներից մէկն է: Սրբազան Հայրը բացատրեց նաեւ մեր եկեղեցու սրբապատկերիների տեղն ու յարգանքը, եւ մաղթեց, որ նորօծ պատկերի առջեւ կանգնած եւ աղօթող իւրաքանչիւր անձ, երկնային անտեսանելի զօրութեամբ ստանայ իր բարի խնդրանքի անմիջական պատասխանը:

Նշենք, որ եկեղեցում Սրբազան Հայրը աղուհացի օրհնութիւն կատարեց, որը իրեն մատուցւեց Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաների կողմից, առաջնորդութեամբ նոյն կրթօջախի ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանի: Նրանք սրբապատկերի օծման պահին եւս տօնական զգեստներ հագնւած մոմեր պահեցին իրենց ձեռքին, նւիրական պահը առաւել եւս խորհրդաւոր դարձնելով:

Եկեղեցական արարողութեան երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ Արտեմիս Բայրամեանի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։