Հա

Համայնք

01/02/2022 - 12:10

«Կոմիտաս» երգչախմբի պարբերական հանդիպումը Թաւրիզի առաջնորդարանում

Շաբաթ, 29 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանում իր պարբերական հանդիպումը ունեցաւ Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: 

«alikonline.ir» - Շաբաթ, 29 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանում իր պարբերական հանդիպումը ունեցաւ Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպմանը ներկայ էին երգչախմբի շուրջ երեսուն անդամ-ուհիները իրենց խմբավարի՝ երաժիշտ Վարդան Վահրամեանի հետ միասին: Դարձեալ, սոյն հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը եւ Թեմական խորհրդի անդամները:

Սրբազան Հայրը յիշեցրեց ներկաներին, որ 2022 տարեթիւը յուշում է «Կոմիտաս» երգչախմբի 40-ամեակը: Ուստի նա ասաց, որ «արժանավայել շուքով, մեր թեմում նշւելու է սոյն պատւաբեր ամեակը, որովհետեւ անցեալ քառասուն տարիների ընթացքում այս երգչախումբը իր ղեկավարով ու լրիւ կազմով փայլեցրեց ոչ միայն մեր եկեղեցիները, այլեւ համայնքի բեմերը»:

Երգչախմբի հիմնադիր անդամներից Արմինէ Վահրամեանը իր խօսքում անդրադարձաւ խմբի հիմնադրման ջանքերին, որով քառասուն տարիներ առաջ յատուկ կանոնագրութեամբ ստեղծւել էր երգչախումբը, մշակութային նոր թափ տալով համայնքի կեանքին:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը ազգային իշխանութեան անունից պատրաստակամութիւն յայտնեց, կարելի բոլոր միջոցներով հովանաւորել երգչախմբին, շարունակելու իր մշակութանւէր անսակարկ առաքելութիւնը թեմում:

Երգախմբի հիմնադրման օրից խմբավարութիւնը ստանձնած վաստակաւոր երաժիշտ-խմբավար Վարդան Վահրամեան երախտագիտական խօսքով հանդէս եկաւ, նաեւ խմբի բոլոր անդամ-ուհիներին, որոնք անձնւիրաբար մասնակցում են հաւաքական սոյն աշխատանքին: Նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սրբազան հօրից եւ Թեմական խորհրդից, իրենց մնայուն հովանաւորութեան համար: Ապա, խմբավարը տեղեկացրեց խմբի անդամներին յառաջիկայ աշխատանքների եւ փորձերի գծով, յայտնելով, որ նոր երգեր է յօրինել, որոնք քառաձայն բաժիններով պատրաստ են, ներկայացւելու հանրութեան:

Հանդիպման հետեւեց հիւրասիրութիւն, որի ընթացքին ներկաները առիթ ունեցան մտերմիկ մթնոլորտում հարցեր ուղղելու ազգային իշխանութեան եւ խմբավարին, առաւել զարգացնելու համար երգչախմբի գործունէութիւնը համայնքի կեանքում, յատկապէս իր հիմնադրման 40-ամեակի շեմին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։