Հա

Համայնք

30/05/2022 - 12:30

Հայաստանի անկախութեան 104-ամեակի առիթով Գոհաբանական մաղթանք Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի, 29 մայիսի 2022 թ.-ի առաւօտեան մատուցւած սուրբ պատարագով եւ Հայաստանի Հանրապետութեան նւիրւած Գոհաբանական մաղթանքով Ատրպատկանի հայոց թեմում նշւեց Հայաստանի անկախութեան 104-ամեակը: Գոհաբանական մաղթանքի արարողութիւնները կատարւեցին թեմի երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզի Ս. Սարգիս եւ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում:

«alikonline.ir» - Կիրակի, 29 մայիսի 2022 թ.-ի առաւօտեան մատուցւած սուրբ պատարագով եւ Հայաստանի Հանրապետութեան նւիրւած Գոհաբանական մաղթանքով Ատրպատկանի հայոց թեմում նշւեց Հայաստանի անկախութեան 104-ամեակը: Գոհաբանական մաղթանքի արարողութիւնները կատարւեցին թեմի երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզի Ս. Սարգիս եւ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, մասնակցութեամբ սարկաւագաց եւ կրտսերաց դպրաց դասերի:

Ս. պատարագին, հաւատացեալներին աղօթակից էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

«Հայր Մեր»-ից առաջ տեղի ունեցաւ Գոհաբանական մաղթանք, որը Հայաստանի Խորհրդայնացումից յետոյ խմբագրւել էր հոգելոյս Տ. Թորգոմ արք. Գուշակեանի կողմից եւ ապա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բոլոր թեմերում ամէն տարւայ Մայիսի 28-ի մերձաւոր կիրակիին գործադրւել, նոյնիսկ երբ ոմանք ժամանակավրէպ էին համարում նման արարողութիւն կատարելը: Խնդրական աղօթքներով ու սաղմոսներով աղերս մատուցւեց առ Աստւած, մեր ազգին վերստին պարգեււած Հայաստանի անկախութեան համար:

Իր քարոզում, Սրբազան Հայրը վեր հանեց մեր ազգային հաւաքական տեսլիքներն ու երազները միշտ արթուն պահելու գաղափարը. «Ընդամէնը երկու տարի տեւած անկախութեան կորուստը մեզ չյուսահատեցրեց: Հայութիւն եւ յուսահատութիւն երարամերժ գաղափարներ են: Մեր հաւաքական կամքը տկարութիւն չի ճանաչում: Ուստի, նոյն կամքը դարձեալ արտայայտութիւն գտաւ 1991 թւի սեպտեմբերի 21-ին, երբ մեր ժողովուրդը ինքնորոշման համարձակ քայլով անկախութեան պահանջ ներկայացրեց եւ հազար փառք Աստուծոյ, առանց արեան հեղման տիրացաւ դրան: Սակայն եկան արիւնահեղութեան դժւար ժամանակներ, երբ հայրենիքի մի անբաժան մասի համար հերոսներ զոհւեցին, եւ շարունակեցին զոհւել նոյնիսկ դրանից երեսուն տարիներ յետոյ»,- ասաց Սրբազան Հայրը, աղօթք բարձրացնելով մեր հին ու նոր բոլոր հերոսների հոգիների խաղաղութեան համար:

Իր քարոզում, Սրբազան Հայրը ողջունեց նաեւ պատգամաւոր Արա Շահվերդեանի ներկայութիւնը եւ աղօթակցութիւնը հաւատացեալ ժողովրդի հետ եւ լաւագոյն բարեմաղթութիւններ ներկայացրեց նրան, ստանձնած առաքելութիւնում:

Գոհաբանական մաղթանքի ընթացքում, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի խմբապետները Հայոց եռագոյնը կարգապահ շարքերով եւ յատուկ արարողութեամբ բերեցին սուրբ բեմի առջեւ, իսկ Սրբազան Հայրը օրհնեց այն, կատարելով դրօշի օրհնութեան կարգը:

Օրհնութեան կարգի աւարտին, ըստ կանոնի երգւեց Հայաստանի Հանրապետութեան քայլերգ՝ «Մեր Հայրենիք»-ը: Թաւրիզում այն կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում՝ «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի, երբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը կատարեց Գոհաբանական մաղթանքը:

Թաւրիզում եւ Ուրմիայում, ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, հոգիների համար բիւրաւոր այն նահատակների, որոնք 1918 թւականին, Սարդարապատի, Ղարա Քիլիսայի եւ Բաշ Ապարանի ու այլ ճակատամարտների ընթաքում զոհւեցին, ի սէր հայրենիքի անկախութեան: Նոյն առիթով յիշւեցին նաեւ նորօրեայ բոլոր հերոսները:

Անկախութեան վեհ գաղափարի հանդէպ խոր հաւատքով շարունակւելու է մեր երթը, հայ ժողովրդի հաւաքական կեանքում առկայ բոլոր խնդիրների բարւոք լուծմամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։