Հա

Համայնք

11/06/2022 - 14:50

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Ուրբաթ, 10 յունիսի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Ուրբաթ, 10 յունիսի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պատգամաւորների, ինչպէս նաեւ կրօնական եւ թեմական խորհուրդների եւ հաշւեքննիչ մարմնի հետ, սոյն ժողովին մասնակցելու յատուկ հրաւէրով Թեհրանից Թաւրիզ էր ժամանել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրնաի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա. Շահվերդեանը:

«Տէրունական աղօթք»-ը ներկայ ժողովականները միասնաբար կատարեցին, Պատգամաւորական ժողովի ա. ատենապետ Արմինէ Վահրամեանը ողջունեց ներկաներին, հակիրճ անդրադառնալով օրւայ օրակարգերին եւ դրանք արդիւնաշատ քննարկման ենթարկելու մեթոդներին: Ատենապետուհին գնահատեց ժողովականների ներկայութիւնը, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի աշխատանքային ամիսները, որոնք բեղմնաւոր էին եղել:

Նախորդ ատենագրութեան ընթերցումից եւ վաւերացումից յետոյ, իր հայրական խօսքը ներկայ ժողովականներին ուղղեց Սրբազան Հայրը: Թեմակալ առաջնորդը առաջին հերթին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ողջոյնը հաղորդեց ներկաներին, Նորին Սրբութեան կողմից յաջողութիւն մաղթելով բոլոր ժողովականներին: Սրբազան Հայրը իր մեծ ուրախութիւնը յայտնեց, որ նորընտիր Թեմական խորհուրդը կարճ ժամանակամիջոցում կարողացել էր ոչ միայն կանգնուն պահել թեմական կեանքը, այլեւ ծաղկեցնել այն, աշխարհացունց Կորոնա համաճարակի ամենադժւարին օրերին. «Ծանօթ են այն պայմանները, երբ ներկայ Թեմական խորհուրդը ստանձնեց իր պատասխանատւութիւնը: Մեր ժողովրդի զաւակներից եւ նոյնիսկ մեզանից ոմանք մտածում էին, թէ ինչպէ՞ս կարողանալու է այս Թեմականը իր նոր կազմով յառաջ տանել թեմի գործունէութիւնը, յատկապէս տնտեսական այս դժւարին պայմաններում: Սակայն պատիւ այս հինգ նւիրեալներին, որոնք 780 ամեայ թեմի ջահը վառ պահեցին, երբեմն իրենց մտահոգութեան արցունքը իբրեւ ձէթ լցնելով դրա մէջ»,- ասաց Սրբազան Հայրը, անդրադառնալով ո՛չ միայն պաշտօնէութեան նիւթական յատկացումների օրինաւոր վճարումներին, այլեւ այն բարեզարդման աշխատանքներին, որոնք ընդգրկել էին Գրադարանի, Առաջնորդարանի եւ դրա շրջափակի, ինչպէս նաեւ դպրոցների ու եկեղեցիների վերանորոգութիւնները:

Այնուհետեւ Դիւանը իր որոշած օրակարգի հիմամբ վարեց ժողովը: Աչքի ընկաւ Թեմական խորհրդի նիւթա-բարոյական զեկոյցը, որի բովանդակալից աշխատանքի վկան էին այն բազմաթիւ ծրագրերը, հանդիպումները, հրատարակութիւնները եւ կալւածների շահագործման գործնական հեռանկարները, որոնք արժանացան ներկայ ժողովականների բարձր գնահատանքին: Հաշւական եկամուտների եւ ծախսերի թափանցիկութիւնը բացայայտ պատկերն էր արտացոլացնում Թեմական խորհրդի անցնող ամիսների անձնդիր գործունէութեան: Այս գծով եղած բոլոր հարցերին պատասխանեցին առաջնորդ Սրբազանը եւ Թեմական խորհրդի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ՝ Գագիկ Ջորջեանի: Եղան որոշ ուղղումներ, որոնք իբրեւ լրացումներ արձանագրւեցին, եւ ամբողջացւեց զեկոյցը:

Ժողովի ընթացքին խօսքը տրւեց պատգամաւոր Արա Շահվերդեանին, որ իր տպաւորութիւնների լոյսի տակ գնահատեց Ատրպատականի հայոց թեմում կատարւող աշխատանքները: Պատգամաւորը բացատրական տւեց պետական նպաստի ստացման հոլովոյթի մասին, ինչպէս նաեւ այն ըստ կարիքի առաջնահերթութեան օգտագործելու շուրջ:

Կալւածային շահագործման օրակարգը, ինչպէս նաեւ թեմի տարբեր շրջաններում գտնւող կալւածների իրավիճակը ժողովական աշխատանքների գլխաւոր նիւթը հանդիսացաւ: Թեմական խորհուրդը բացատրականներ տալուց բացի, դրանցից ոմանք փրկւելու եւ դրանց վրայ հասութաբեր կառոյցներ բարձրացնելու իր հեռանկարը ներկայացրեց, որը յաջորդ ժողովին գծագրեալ քարտէզով բերելու է, առ ի քննարկում եւ վաւերացում:

Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը երեկոյեան ժամը 4-ին, որից յետոյ, առաջնորդարանի սեղանատանը սիրոյ սեղան տրւեց ներկայ ժողովականներին: Ապա, Պատգամաւորական ժողովը իր լրիւ կազմով եւ Թեմական խորհուրդը միասնաբար ներկայ գտնւեցին ազգային առաջնորդարանի վերանորոգեալ «Ռոստոմ-Գասպար» գրադարանի բացման հանդիսութեան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։