Հա

Համայնք

18/06/2022 - 13:30

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու Կանանց Խնամակալ մարմնի անդամական ժողովը

Ուրբաթ, 17 յունիսի 2022 թ.-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը նախագահեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու Կանանց Խնամակալ մարմնի անդամական ընդհանուր ժողովին: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 17 յունիսի 2022 թ.-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը նախագահեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու Կանանց Խնամակալ մարմնի անդամական ընդհանուր ժողովին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Սրբազան Հօր աղօթքով բացումը կատարւեց ժողովի, որին ներկայ գտնւեցին Պատգամաւորական ժողովի դիւանի Ուրմիայի անդամները՝ Սաքօ եւ Սարինէ Մեջլումեաններ, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Հենրիկ Աբրահամեան եւ Քաթրին Դիլանեան, արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Գործակալական խորհուրդը եւ Խնամակալ մարմնի բոլոր անդամուհիները:

Բացման խօսքը կատարելով, Պատգամաւորական ժողովի դիւանի Բ ատենադպրուհի Սարինէ Մեջլումեանը սրտանց ողջունեց Սրբազան Հօր ներկայութիւնը եւ նախագահութիւնը սոյն ժողովին, միշտ հաւատալով, որ «Աստծու Տան նկատմամբ նախանձախնդրութիւնը իւրաքանչիւր հաւատացեալ մարդու առաջին պարտականութիւնը պիտի լինի»,- ասաց նա:

Եկեղեցու կազմակերպական կեանքում Կանանց Խնամակալ մարմնի կենսական դերակատարութեան մասին բացատրական խօսքերով իր պատգամը սկսեց Սրբազան Հայրը, շեշտելով համայնքային կեանքում իւրաքանչիւր անհատի դերակատարութիւնը, ի նպաստ եկեղեցու պայծառութեան. «Վասն շինութեան եւ բարեկարգութեան սրբոյ եկեղեցւոյս, զտէր աղաչեսցուք մաղթանքը միշտ երգւում է եկեղեցում, սակայն այն տպաւորութիւնն է ստանում ժողովուրդը, որ հոգեւորականն է եկեղեցու բարեկարգիչը: Բոլորս միասին կրում ենք պատասխանատւութիւնը այս տան պայծառութեան»,- շեշտեց Սրբազան Հայրը, մէկ առ մէկ բացատրելով համայնական աշխատանքային փուլերը եւ յաջողութեան գաղտնիքը: Սրբազան Հայրը ուսուցողական ոճով բացատրեց հայ եկեղեցու կանոնները, խորանի յարդարանքի, զգեստաւորման, մոմավաճառութեան եւ այլ մանրամասնութիւններ: Վաղուց մոռացութեան տրւած բազմաթիւ օրէնքներ վերստին յիշւեցին, թարմացնելով բոլորի յիշողութիւնը եւ ամրապնդելով նախանձախնդրութիւնը մեր եկեղեցու նկատմամբ:

Թեմական խորհրդի անունից խօսք առաւ Հենրիկ Աբրահամեանը, եկեղեցու կեանքում միասնական ու համերշխ աշխատանքի տւած երջանկութեան զգացումը շեշտելով:

Խնամակալի ցարդ գործող վարչութեան անդամուհիները իրենց անցած շրջանի աշխատանքային զեկոյցը ներկայացրեցին, որին յաջորդեց քննարկում: Բացատրականներ տրւեցին վարչութեան անդամուհիների միջոցով, որ յաւելումներից յետոյ վաւերացրեց ներկայ ժողովականների կողմից:

Յառաջիկայ Խնամակալ մարմնի գործունէութեան ուղեգիծ ճշտւեց, աշխատանքային բաժանումը կատարելով մի քանի խմբերի միջեւ: Նկատի ունենալով բոլոր ընտանիքների բազմազբաղ դրութիւնը, երեք շաբաթեայ դրութեամբ աշխատանքային խմբերի ընտրութիւն կատարւեց, որոնք վաւերացւեցին Սրբազան Հօր միջոցով:

Եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի առաւել վերակազմակերպման համար եղան առաջարկութիւններ, ինչպէս նաեւ հաւատացեալների առաւել մասնակցութեան համար ծրագիրներ ներկայացւեցին Խնամակալ մարմնի անդամուհիներից:

Յայտնենք, որ երգչախմբի խմբավարութեան համար Գործակալութեան հրաւէրով պաշտօնի է կոչւել ուրմիահայ յայտնի երաժիշտ Սերժիկ Արմիրանեանը, որը շուտով ստանձնելու է իր կարեւոր առաքելութիւնը Ուրմիայի եկեղեցում, առաւել եւս պայծառացնելու համար եկեղեցական երգեցողութիւնը եւ կիրակնօրեայ պատարագները: Ժողովին ներկայ գտնւելով, խմբավարը իր պատկերացումը յայտնեց երգչախմբի վերակազմակերպման գծով, ազգային իշխանութեան օժանդակութիւնը հայցելով անդամագրութեան աշխատանքում:

Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով վերջ գտաւ Խնամակալ մարմնի անդամական ընդհանուր ժողովը, հայ եկեղեցուն ծառայելու անդառնալի ուխտով:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։