Հա

Համայնք

18/06/2022 - 14:25

Բեդլբօ գիւղի Ս. Աստւածածին եկեղեցու հիմնադրութեան 200-ամեակի տօնակատարութիւն

Ուրբաթ, 17 յունիսի 2022-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ուրմիայի Բեդլբօ գիւղը ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, նախագահելու համար եկեղեցու հիմնադրութեան 200-ամեակի տօնակատարութեան: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 17 յունիսի 2022-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ուրմիայի Բեդլբօ գիւղը ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, նախագահելու համար եկեղեցու հիմնադրութեան 200-ամեակի տօնակատարութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սակաւաթիւ հայ բնակիչ ունեցող Բեդլբօ գիւղը, նախապէս գրեթէ հայաբնակ է եղել, իսկ այսօր շատ հայեր իրենց պապենական տունը վերանորոգել են եւ յաճախ են լինում գիւղում, թէպէտ աշխատանքի բերմամբ Ուրմիայում հաստատւած լինելով:

Գիւղ ժամանելով, Սրբազան Հայրը ընդունւեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Գործակալական խորհրդի եւ գիւղի եկեղեցու Հոգաբարձական կազմի կողմից: Աղուհացի օրհնութիւնից յետոյ, Պատգամաւորական եւ Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ ներկայ ժողովրդի ուղեցկութեամբ, Սրբազան Հայրը մուտք գործեց եկեղեցի, եւ Կանոնական աղօթքից յետոյ սկսւեց Առաւօտեան ժամերգութիւնը:

Սրբազան Հայրը քարոզ խօսելով, նախ փառք ու գոհութիւն վերառաքեց առ Աստւած, որ դարձեալ առիթ ընծայեց իրեն լինելու Բեդլբօյի եկեղեցում, հաւատացեալ ուխտաւորների հետ: Նա վերցնելով Սուրբ Լուսաւորչի նւիրւած շարականից «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» բնաբանը, անդրադարձաւ գիւղի եկեղեցու կառուցման համար հաւատքով աշխատած հոգեւորական եւ աշխարհական անձերի աշխատանքին, որոնք իբրեւ իրենց հաւատքի խոր արտայայտութիւն, կանգնել էին այս եկեղեցին: Սրբազան Հայրը օրհնեց բոլորի յիշատակը, ասելով. «Ճիշտ 200 տարիներ առաջ, ձեր նախնիները իրենց քրիստոնէական հաւատքից մղւած հիմնադրել էին հողաշէն այս եկեղեցին,: Այսօր դուք վերանորոգել էք այն, հողաշէն պատերը երկու կողմից աղիւսներով ամրապնդելով: Սակայն դեռեւս մնում է նրանց կողմից քանդակւած քարը, որը ամրացւել էր դռան ճակատին, որտեղ հայերէն թւանշաններով կարդում ենք ՌՄՀԱ տառերը, որը մեր թւարկութեամբ լինում է 1822 թ.: Այս պահին հրճւում են բոլոր նախնիները հոգիները երկնքում, երբ տեսնում են, որ իրենց սկսած հաւատքի գործը շարունակւում է իրենց յետնորդ սերունդների կողմից: Ինչքա՜ն անձեր իրենց քրիստոնէական մկրտութիւնն են ունեցել այս եկեղեցու աւազանում: Ինչքա՜ն անձեր իրենց կեանքը կապել են այս խորանի առջեւ սուրբ պսակադրութեամբ եւ ինչքա՜ն ծերունիներ իրենց ուսերին առած կեանքի բեռը, յուղարկաւորւել են այս եկեղեցուց եւ քիչ անդին, բլրան լանջին իրենց վերջին հանգիստն են գտել հայոց գերեզմանատնում: Մի խօսքով, այս եղել է Բեդլբօ գիւղի հաւատքի տունը: Սրբազան Հայրը այս առիթով բարձր գնահատեց բեդլբօցիների նախանձախնդրութիւնը, իրենց պապենական տների վերանորոգութեան հետ, գիւղի հայոց եկեղեցին եւս վերանորոգելու:

Ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն, Բեդլբոցի բոլոր հանգուցեալների հոգւոց խաղաղութեան համար:

Իր բարձր գնահատանքը յայտնելով Ուրմիայի Գործակալական խորհրդին եւ յատկապէս ատենապետ Վանիկ Յակոբեանսին, Սրբազան Հայրը նրան նւիրեց «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» իր հեղինակած մատենաշարի հրատարակւած առաջին երկու հատորներից մակագրեալ օրինակներ: Նոյնպէս գնահատելով գիւղի Հոգաբարձութեան ատենապետ Գագարին Դաւիթեանի նւիրեալ ծառայութիւնը, նրան եւս նւիրեց նոյն հատորներից: Ի վերջոյ, գիւղում մնայուն բնակութիւն ունեցող Արարատ Վարդանեանին նւիրեց նոյն հատորներից, գնահատելով գիւղի նկատմամբ նրա կապւածութիւնը:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ի պատիւ Սրբազան Հօրը, գիւղի Հոգաբարձութեան եւ Կանանց Խնամակալ մարմնի միջոցով սիրոյ սեղան տրւեց եկեղեցու շրջափակում: Բարեմաղթանքներ կատարւեցին, եւ երկուհարիւրամեայ եկեղեցին միշտ կանգնուն տեսնելու աղօթքներ եղան բոլոր կողմից: Գիւղի ժողովրդի կողքին, սոյն ճաշկերոյթին ներկայ գտնւեցին Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ եւ Գործակալական խորհրդի անդամներ:

Եկեղեցու շրջափակում Սրբազան Հայրը օրհնեց «Մուրթուխա»-ի պատրաստութիւնը, ինք եւս խառնելով եփի պահին, ուխտի համար պատաստւող աւանդական ուտեստը: Գիւղի տարեցներից հարցնելով դրա պատմութիւնը, Սրբազան Հայրը իմացաւ, որ շուրջ 70 արիներ առաջ գիւղացիների կովերի մէջ հիւանդութիւն է ընկել: Երբ իրենց աղօթքներով առողջացել են դրանք, գիւղացիները որոշել են իրենց կարագից բաժին հանել չքաւորներին: Ուստի, կարագին աւելացնելով ալիւր եւ մի քիչ աղ, եփ են տալիս անընդհատ խառնելով կաթսայի մէջ եւ այն բաժանում են աղքատներին: Այս ուտեստը կոչւում է «Մուրթուխա», որի աւանդութիւնը ամէն տարի կիրառւում է գիւղում, 70 տարիներից ի վեր:

Սրբազան Հայրը գիւղում այցելեց նաեւ հայկական հնագոյն տներից մէկը, որը դեռեւս իր նախնական հողաշէն եւ փայտածածկ վիճակում կանգուն էր մնացել, շուրջ 150 տարւայ հնութեամբ: Սոյն այցի ընթացքին, տան միակ ժառանգորդ Ալբերտը բացատրեց կենցաղային դրութիւնը, թոնրի գործածութիւնը, քնելու տեղերը եւ այլ գիւղական հետաքրքիր կեանքի ձեւերը: Սրբազան Հայրը տեղեկացաւ նաեւ գիւղի որոշ վայրերում սրբերի յայտնւելու հրաշքների մասին, որոնց ի պատիւ գիւղի բնակիչներ փոքր մատուռներ էին կառուցել եւ ամէն Շաբաթ երեկոներ մոմավառութիւն են կատարում յիշեալ վայրերում: Գիւղում շրջագայելու միջոցին, Սրբազան Հայրը ծանօթացաւ նաեւ գիւղի պաշտպանական պարիսպի հնագոյն մնացորդին, որի վրայ երեւում են դեռ հրացաններով կրակ բացելու փոքր պատուհաններ: Նոյն առիթով նա ծանօթացաւ գիւղի բաղանիքի աւերակներին, որը անցեալ քաղաքակրթութիւնից մնացած ցայտուն մի յիշատակ է:

Պատմական մի օր եւս տեսած լինելու գոհունակութեամբ, հաւատացեալ ժողովուրդը մեկնեցաւ իր տուները, փառք տալով Ամենակալին, որ արժանի դարձրեց բոլորին, վկան հանդիսանալու այս մեծ օրւայ՝ Բեդլբոյի Ս. Աստւածածին եկեղեցու հիմնադրութեան 200-ամեակը նշելու իրադարձութեան:

 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։