Հա

Համայնք

22/06/2022 - 13:50

Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհուրդը նշանակեց թեմի վանքերի ուխտագնացութեանց նոր յանձնախումբ

Երեքշաբթի, 21 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով հանդիպում տեղի ունեցաւ, թեմի պատմական վանքերի ուխտագնացութեան նորանշանակ յանձնախմբի հետ: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 21 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով հանդիպում տեղի ունեցաւ, թեմի պատմական վանքերի ուխտագնացութեան նորանշանակ յանձնախմբի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Աղօթքով եւ Աստծու օրհնութեամբ բացւած սոյն հանդիպման սկիզբը, ներկաներին իր հայրական խօսքը ուղղեց Սրբազան Հայրը, ընդգծելով նւիրական այն առաքելութիւնը, որը վստահւում է սոյն յանձնախմբի իւրաքանչիւր անդամին. «Յանուն Ամենակալ Աստծու, մեր հայրերի կառուցած սուրբ տաճարներում, Նրա անունը փառաւորելու համար այնտեղ այցելող ուխտաւորներին սիրող սրտով դիմաւորելու եւ նրանց աղօթքի պատասխանը ստանալու կոչւած երանելիներ էք դուք: Իւրաքանչիւր հաւատացեալ ուխտաւոր ինչպիսի՜ ուխտով ու երազանքով գալու է մեր վանքերը, միշտ ակնկալելով Ատրպատականի հայոց թեմի ջերմ հիւրընկալութիւնը: Ուստի մեր նւիրական պարտաւորութիւնն է գոհ պահել մեր թեմը այցելող ուխտաւորներին»,- ասաց Սրբազան Հայրը, անդրադարձ կատարելով 1930-ական թւերին Ս. Թադէի վանք այցելած ուխտաւորների փոքրաթիւ խմբին, օրւայ առաջնորդ՝ Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի հրամանով, եւ մասնաւորապէս 1954-ից յետոյ, թեմի կողմից կանոնաւորաբար սկսւած ուխտագնացութիւնների շարանին, մինչեւ չարաբաստիկ Կորոնա ժահրի երեւումը աշխարհի երեսին:

Այնուհետեւ գործի բաժանման աշխատանք կատարւեց, երբ Թեմական խորհըրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը յանձնախմբին հաղորդեց նշանակեալ դիւանի կազմի անունները: Ազատ Մատթէոսեան (ատենապետ), Արմէն Հաղիեան (ատենադպիր), Գագիկ Յարութիւնեան (գանձապահ), Սարմէն Դաբաղեան (գոյքապահ), Վիգէն Մկրտիչեան, Ալէն Գրիգորեան եւ Վարդան Ենովքեան (խորհրդատու), իսկ Թեմական խորհրդի կապը յանձնախմբի հետ՝ Վարդան Կարապետեան:

Թեմական խորհրդի բոլոր անդամները իրենց անցեալի փորձառութեան լոյսի ներքոյ հարկ եղած փոխանցումները կատարեցին, միշտ  թեւ  ու թիկունք կանգնելով յանձնախմբին, նրա ապագայ նւիրական առաքելութեան համար: Ապա, յանձնախմբի հին եւ նոր անդամները իրենց հեռանկարները պարզեցին, գործնական առաջարկներ ներկայացնելով Թեմական խորհրդին, յառաջիկայ եռօրեայ ուխտագնացութիւնը դէպի Ս. Թադէի վանք, որը տեղի է ունենալու 28, 29 եւ 30 Յուլիս 2022-ին, առաւել յաջողութեամբ իրականացւի, ամբողջական սրտով ու հոգով «Ուխտդ ընդունելի՛» ասելու համար հայ ուխտաւորին:

Յայտնենք, որ Թեմական խորհրդի յատուկ յայտարարութեամբ կոչ էր արւել Ատրպատականի թեմում բնակւող մեր ժողովրդի զաւակներին, որպէսզի ուխտագնացութեան վերոյիշեալ յանձնախմբի աշխատանքներին օժանդակելու փափագ ունեցողներ իրենց անունը ներկայացնեն Թեմական խորհրդին, եւ արդէն իսկ եղել են կամաւորներ, որոնք անդամագրւել են սոյն աստւածահաճոյ գործի ծառայութեան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։