Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, երէկ՝ 25 յունիսի 2022-թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդոլլահնեժադի հետ, նրա գրասենեակում:
«alikonline.ir» - Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, երէկ՝ 25 յունիսի 2022-թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդոլլահնեժադի հետ, նրա գրասենեակում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էին կազմում Թեմական խորհուրդը գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանը եւ Վանքերի ուխտագնացութեան նորանշանակ յանձնախմբի անդամներից Սարմէն Դաբաղեանը եւ Ալէն Գրիգորեանը:
Սրբազան Հայրը պաշտօնապէս կուսակալին յայտնեց այս տարւայ եռօրեայ ուխտագնացութեան թւականը՝ 28-30 յուլիս 2022թ., փառք տալով Ամենակալին, որ Կորոնա ժահրի ալիքը անցել է արդէն Իրանի տարածքից, թեթեւացնելով ժողովրդի առօրեայ տառապանքը: Ապա, Սրբազան Հայրը անդրադարձաւ անցած երկու տարիների ընթացքին լուռ կերպով սոյն ուխտագնացութիւնը կատարելու Թեմական խորհրդի վճռակամութեան, երբ հոգեւորականաց դասի եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչների ընկերակցութեամբ տեղի էր ունեցել սուրբ պատարագը, մի օրում սահմանափակելով ուխտագնացութիւնը: Սրբազան Հայրը խօսեց Ատրպատականի հայոց թեմի զաւակների եւ համայն հայութեան սերտ կապւածութեան մասին այս թեմի տարածքում գտնւող սրբավայրերին, եւ յատկապէս հայ հաւատքի ծննդավայր՝ Ս. Թադէոս առաքեալի վանքին անդրադարձաւ:
Խօսակցութեան առանցքը հանդիսացան յառաջիկայ եռօրեայ ուխտագնացութեան գործնական աշխատանքները, որի համար իր ամբողջական պատրաստակամութիւնը յայտնեց կուսակալը: Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ինչպէս նաեւ Ալէն Սայեադեանը եւ Վարդան Կարապետեանը իրենց խոր շնորհակալութիւնը յայտնեց կուսակալին, իւրաքանչիւր տարի իր մարդուժով մեծապէս օժանդակելու պատրաստակամութեան համար Վանքի ուխտագնացութեան: Ատենապետ Գագիկ Ջորջեանը յատկապէս ասաց. «Ատրպատականի այս վանքերը նաեւ պարծանք են Իրանի Իսլամական Հանրապետութեան, երբ աշխարհի բոլոր անկիւններում իմանում են պետական այն հովանաւորութեան մասին, որը Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ցուցաբերում է հայկական սրբավայրերի նկատմամբ»:
Սրբազան Հայրը բոլորի ներկայութեան յատուկ գնահատանք արտայայտեց Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն՝ դոկտ. Շերլի Աւետեանին, «որի ջանքերով այսքան վերանորոգութիւններ են կատարւում մեր վանքերում, եւ այսքան կանոնաւոր վիճակում են դրանք, ի տես հազարաւոր զբօսաշրջիկների»,- շեշտեց նա: Ապա աւելացրեց Սրբազան Հայրը, որ «անուրանալի է Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան դերակատարութիւնը, որը յատուկ բիւջէի տրամադրմամբ մեծապէս նպաստում է սոյն պատմական կառոյցների պահպանութեան գործին»:
Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը կուսակալին նւիրեց Ս. Թադէի ուխտագնացութիւնից մի մեծադիր լուսանկար, հարիւրաւոր վրանների գեղատեսիլ պատկերով եւ արծաթեայ մի յուշանւէր: Կուսակալը Սրբազան Հօր նւիրաբերման ի պատասխան, նրան նւիրեց հոգեւոր ասոյթի նախշւած ու շրջանակւած մի գեղահիւս գորգ:
Յայտնենք, որ Ս. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը մօտալուտ լինելով, Թեմական խորհուրդը նշանակել է եօթ հոգանոց նոր յանձնախումբ, Թաւրիզից եւ Ուրմիայից, որոնք արդէն գումարել են իրենց անդրանիկ նիստը Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի հետ, կազմակերպելու համար յառաջիկայ ուխտագնացութիւնը: Յատուկ յայտարարութեամբ Թեմական խորհուրդը կոչ է արել նաեւ կամաւորների, որոնք կարող են անդամագրւել սոյն յանձնախմբին, գործնական աշխատանքներին ծառայութիւն բերելու նպատակով:
Աւարտին Սրբազան Հայրը պատասխանեց թղթակիցների հարցերին, որոնք վերաբերւում էին Ս. Թադէի վանքի եւ ընդհանրապէս Իրանում քրիստոնէական ուխտագնացութիւնների կատարման: Սրբազան Հայրը շեշտեց, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի սիրալիր հոգածութիւնը հանդէպ Աստւածային կրօնների հետեւորդների, որոնց շարքում նաեւ քրիստոնեաների, հայ համայնքի զաւակներին քաջալերում է հպարտանալ այս երկրի լայնախոհ մօտեցմամբ, եւ շարունակել իր եռօրեայ ուխտագնացութիւնը ի Ս. Թադէ, «որը այսօր համայն քրիստոնեայ աշխարհում միակն է, եռօրեայ դրութեամբ»,- ասաց Սրբազան Հայրը, կրկնելով իր շնորհակալութիւնը, կուսակալի միջոցով ընծայւելիք բոլոր դիւրութեանց համար: