Հա

Համայնք

28/06/2022 - 11:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։

«alikonline.ir» - Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։ Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում այս առիթով հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցեց եւ իր պատգամը յղեց Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի։

­Տէրունական աղօթքից՝ «Հայր Մեր»-ից առաջ, նախագահութեամբ պատարագիչ Սրբազան Հօր, խորանի բեմում կատարւեց «Մաղթանք Հայրապետական»-ի արարողութիւնը: «Ուրախ լեր» շարականից յետոյ խորանին սպասարկում էր Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանը:

Սրբազան Հայրը աղօթքների եւ աւետարանական հատւածի ընթերցումը կատարեց եւ ապա տւեց իր պատգամը: Օրւայ աւետարանական հատւածը մեկնաբանելուց յետոյ վեր հանեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական Ս. Աթոռի կարեւոր դերակատարութիւնը մեր ազգի կեանքում, յատկապէս սփիւռքեան պայմաններում:

Սրբազան Հայրը վերլուծական անդրադարձ կատարեց մեր ազգի եւ հայրենիքի կեանքի ճգնաժամին, որտեղ եկեղեցին իր կարեւոր խօսքը եւ դերակատարութիւնը ունի. «Բոլորիս ծանօթ են մեր ազգային իրավիճակի տարբեր կացութիւնները, որոնք մտահոգութիւն են իւրաքանչիւր հայի համար, լինի այն Հայաստանում թէ Սփիւռքում: Մեր անձնական մտահոգութիւններից բացի, մենք ունենք մեր հաւաքական մտահոգութիւնները, եւ չենք կարող անտարբեր մնալ դրանց նկատմամբ: Դրանք մեր հայրենիքի սահմանների, մեր ազգային արժանապատւութեան, մեր նահատակների ընտանիքների, ինչպէս նաեւ մեր վիրաւոր կամ հաշմանդամ զաւակների իրավիճակն է: Եթէ իբրեւ սովորական հայեր նման մտահոգութիւններ ունենք, հապա ինչքա՛ն աւելի մտահոգւում են մեր եկեղեցու եւ ազգի ղեկավարները նման դժւարութիւնների դիմաց կանգնած, երբ մեր ազգային բեռը իրենց ուսերին առած, լուծումներ են որոնում դժւարութիւններին: Վեհափառ Հայրապետը այդ անձնաւորութիւններից է, որ ցերեկ ու գիշեր տագնապում է մեր հաւաքական կեանքի խնդիրներով: Առաւել եւս, Միջին Արեւելքում եւ յատկապէս Լիբանանում ստեղծւած տնտեսական տագնապը նոր մարտահրաւէրների առջեւ կանգնեցրեց Նորին Սրբութեան, որը իր տոկուն նկարագրով եւ անյաղթահարելի կամքով պայքարում է, անդրանցնելու համար փորձութեան այս ալիքը»,- ասաց Սրբազան Հայրը, երկար ու քաջառողջ կեանք մաղթելով Նորին Սրբութեան:

Արարողութեան աւարտին երգւեց «Կիլիկիա»-ն, որին միացաւ նաեւ ներկայ ժողովուրդը:

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս, սուրբ պատարագի ընթացքում տեղի ունեցաւ նոյն «Մաղթանք»-ը: Օրւայ պատարագիչ՝ հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը կատարեց այն, նոյն առիթով խօսելով յաւուր պատշաճի քարոզ:

Ատրպատականի հայաշատ զոյգ քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած սոյն արարողութիւնների ընթացքում հաւատացեալները աղօթեցին Նորին Սրբութեան կենաց առողջութեան եւ ընդերկար բազմաբեղուն գահակալութեան համար:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։