Հա

Համայնք

25/07/2022 - 10:40

Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի աւանդութիւնը Ատրպատականի հայոց թեմում

Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, 24 յուլիսի 2022 թ.-ին եւ կատարւեց իրարու վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:

«alikonline.ir» - Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, 24 յուլիսի 2022 թ.-ին եւ կատարւեց իրարու վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Մարալան թաղամասի Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ քարոզեց գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, խմբավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի: Իր քարոզում, Սրբազան Հայրը յատկապէս անդրադառնելով Յիսուսի Պայծառակերպութեան դրւագին՝ Թափօր լեռան վրայ, դրա մէջ տեսաւ այն փոփոխութիւնը, որը կարող է իւրաքանչիւր հաւատացեալ մարդ ունենալ ներքնապէս, աղօթքի ճամբով հասնելով Աստծու տեսութեան փառքին: Սրբազան հայրը նաեւ ներկայացրեց Վարդավառի ազգային աւանդութիւնը, ինչպէս նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից քրիստոնէացւած միւս ազգային աւանդութիւնները:

Պայծառակերպութեան տօնի առիթով, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Տէր հայրը իր քարոզում Տիրոջ Այլակերպութիւնը բացատրեց աւետարանական դրւագի միջոցով, հոգեպէս պայծառակերպւելու կոչ ուղղելով ներկայ հաւատացեալներին:

Մարալանի այգում, Թաւրիզում, Կանանց Խնամակալ մարմինը կէսօրւան ճաշով պատւեց հոգեւոր դասին եւ հիւրերին, որոնք եկեղեցու կողքի տաղաւարում հիւրընկալւեցին եւ մինչեւ երեկոյեան ժամերը հաճելի ժամանց ունեցան: Այս առիթով Սրբազան Հայրն իր բարձր գնահատանքը յայտնեց Թաւրիզի եւ Ուրմիայի Խնամակալ մարմիններին, որոնք եկեղեցու հանդէպ իրենց բծախնդիր ու հոգատար աշխատանքով նպաստում են դրա պայծառութեան: Սրբազան Հայրը մաղթեց, որ Պայծառակերպութեան տօնը լինի բոլորի համար եկեղեցու առաւել պայծառութիւնը փափագելու առիթ:

Տիրոջ Պայծառակերպութեան խորհրդով լցւած, եւ Վարդավառի աւանդութեամբ խանդավառւած, հաւատացեալներ վերադարձան իրենց տները, ջուրի լւացումով հոգեպէս նաեւ մաքրւած ու սրբւած:

Այսօր՝ երկուշաբթի, Մեռելոց Յիշատակի համար հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն կատարւեց Թաւրիզի գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում: Ապա, Տ. Մարտիրոս քահանայի միջոցով կատարւեց գերեզմանօրհնէք, հին թէ նոր հանգուցեալների շիրիմների վրայ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։