Հա

Համայնք

26/07/2022 - 14:10

Դէպի Սուրբ Թադէի վանք ուխտագնացութիւններիս ոսկեշղթան (1954 թ.-ից մինչեւ օրս)

Շնորհակալութեամբ, Ատրպատականի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանից ստացել ենք նախկին թաւրիզեցի, Սամսոն Տէր-Պետրոսեանի յուշագրական վերաքաղերը, Ս. Թադէի վանքի ուխտագնացութիւններից՝ սկզբից մինչ այսօր:

Շնորհակալութեամբ, Ատրպատականի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանից ստացել ենք նախկին թաւրիզեցի, Սամսոն Տէր-Պետրոսեանի յուշագրական վերաքաղերը, Ս. Թադէի վանքի ուխտագնացութիւններից՝ սկզբից մինչ այսօր:

 

Մանկութիւնից լաւ յիշում եմ, որ Նոր տարւայ առաջին ժամին մեր ընտանիքում պատից կը կախւէր պատի նոր «Րաֆֆի» օրացոյցը, դրանից մի քանի օր առաջ արդէն «Րաֆֆի» օրայցոյցը գտնւում էր մեր տանը. անշուշտ այդ ժամանակ օրացոյցը կը թերթէինք, որ տպւած պատկերները դիտէինք. եթէ չեմ սխալւում 1946-47 թ. աչքս կպաւ մէկ նկարի, պատկերում էր հոգելոյս Սրբազան Ներսէս Մելիք-Թանգեան արքեպիսկոպոսը ձիու վրայ նստած, Սուրբ Թադէի վանքի առջեւ:

Ես նոր էի հայերէն այբուբենարանը սովորել, կարդացի ու վազ անցայ: Անցան տարիներ, երբ 1954 թ.-ին պապս՝ Մեսրոպ Տէր-Պետրոսեանը (Դաշչի) ու Վիգէն Գոլոյեանը երկու բեռնատար մեքենաներով, իրար օգնելով ու հարց ու փորձ անելով հասել էին Սուրբ Թադէի վանքը. այս առաջին ուխտագնացութեանը թաւրիզեցի հինգ հայ ընտանիքներ մասնակից են եղել, որը բացի ուտելիքից իրենց հետ մոմ ու խունկ էին տարել:

1955 թ.-ին նոյն երկու մեքենավարները ու մի քանի ընտանիք աւելի, սոյն տարւայ ուխտագնացութեանը մասնակցեցին ու առաջին անգամ վանքի տարածքում վրան լարեցին:

Այս տարւայ մասնակիցներն էին՝ պապէս՝ Վիգէն Գոլոյեանը ու Բուբուշ (Համազասպ) Ոսկանեանը իրենց ընտանիքներով, եւ երկու ընտանիք՝ Սալմաստից: Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթը զեկուցեց Սուրբ Թադէի ուխտագնացութիւնից:

1956 թ.-ին Սուրբ Թադէի ուխտագնացութիւնը լայն տարածք ստացաւ: Նոյն տարին հայրս՝ Մեսրոպը, մի քանի բանւորների հետ Թաւրիզի առաջնորդարանի կողմից նշանակւեցին, որ Սուրբ Թադէի վանքի ուխտագնացութիւնից մէկ շաբաթ առաջ գնան եւ վանքի ճամբէն որոշ չափով նորոգեն ու նշաններ դնեն, հեշտացնելու համար ուխտաւորների ճանապարհորդութիւնը: Քանի որ դպրոցները ամառային արձակուրդի մէջ էին, ես էլ առիթից օգտւելով հայրիկիս հետ ճամբայ ելայ…: Առաջին անգամ էր, որ տեսնում էի Սուրբ Թադէն: Վանքը շատ վատ վիճակի մէջ էր: Բարձրացայ մօտիկ բլուրը ու իմ լուսանկարչական գործիքով մի սիրուն պատկեր նկարեցի:

Թաւրիզի առաջնորդարանը ուխտագնացութեան օրը որոշել ու Իրանի բոլոր հայ համայնքներին լուր էր տւել: Սուրբ պատարագը մատուցեց իմ հարազատ Տէր Սահակ Պետրոսեանը: Նա ծառայում էր Ուրմիայի հայաբնակ Նախջեւան Թափա գիւղում Տ. Սահակը Սուրբ Ծնունդին ու Զատկին յաճախ գալիս էր Թաւրիզ, եւ Տ. Կարապետ աւ. քհնյ. Մանուկեանին օգնում էր, տնօրհնէք կատարելով:

1956 թ.-ին նորից բախտ ունեցայ Թաւրիզի «Արարատ»-ի Սկաուտական խումբի հետ Սուրբ Թադէի վանքում երկրորդ անգամ լինել, վայելելով այդ սուրբ վայրի պարգեւած օրհնութիւնն ու խաղաղութիւնը: Այդ թւականին Խոյում հիմնադրւում էր ծխախոտի գործարանը, գլխաւոր ճարտարապետը Սոկրատ Նաւասարդեանն էր: Նա մէկ բեռնատար մեքենայ տրամադրեց Թաւրիզի սկաուտներին վանք տեղափոխելու համար: Վանքում կանգնեցրեցինք մեր սկաուտական վրանը: Մեր վարիչն էր Վարուժան Առաքելեանը, իսկ տեղակալը՝ Արտուշ Աղամալեանը: 

Շատ լաւ եմ յիշում, որ ընկեր Վարուժ Մուրադեանը ու ես առաւօտ շուտ, ժամը 3-ից 4, մեր վրանի պահակ որոշւեցինք: Ի հարկ է, յանձնւած սկաուտական պարտականութիւնը կատարեցինք: Այս թւականից մինչեւ 1959 թ. ես Թաւրիզի «Արարատ»-ի Սկաուտական խմբի հետ եղել եմ ամէն տարի Սուրբ Թադէի վանքում ու ամէն անգամ երեկոյեան խարոյկի շուրջ բեմադրութիւն կատարել, ներկաների ուշադրութիւնը գրաւելով:

1956 թ.-ին անյայտացաւ վանքի պատմական հսկայ զանգը: Մի առ ժամանակ յետոյ յայտնւեց Լոնդոնի թանգարանում: Ժամանակւայ Իրանի կայսերական կառավարութիւնը Անգլիայից անմիջապէս յետ պահանջեց:

1960 թ.-ին ընկերներով էի գնացել Սուրբ Թադէի վանքը: Ազատ էի, սկաուտական պարտականութիւն չկար:

Արդէն տարիից տարի Սուրբ Թադէի ուխտագնացութիւնը համահայկական տարողութիւն էր ստանում: Ուխտաւորների վրանների թիւը շատանում էր եւ հասնում լեռան լանջին: Այդ տարիներին ջրի ու զուգարանների հարցը դեռ չէր լուծւել:

1964 թ.-ին, նախքան Գերմանիա ուսանելու մեկնելս, վերջին անգամ եղայ Սուրբ Թադէի վանքում իմ լրիւ ընտանիքիս հետ: Ոչխար մատաղ արեցինք:

Ցաւօք սրտի ընտանիքիս անդամներից մեծ մասը կենդանի չեն այսօր...:

1967 թ.-ին հանգուցեալ եղբայրս՝ Սերոբ Տէր-Պետրոսեանը հիանալի ու շատ գեղեցիկ պատկեր նկարեց Սուրբ Թադէի վանքից:

1969 թ.-ին, նախքան Նիլ Արմսթրոնգը ոտք դնի լուսնի վրայ, տիկինս ու ես Համբուրգի համալսարանի ամառային արձակուրդներից օգտւելով գտնւում էինք մեր ծննդավայրում՝ մեր ծնողների մօտ՝ Թաւրիզում: Առիթից օգտւելով, մասնակցեցինք Սուրբ Թադէի ուխտագնացութեանը:

Վանքի համալիրում շատ բան չէր փոխւել: Ուխտաւորները պիտի իրենց մատաղը ձորում մորթէին: Երիտասարդութիւնը դեռ փոշոտ հողի վրայ էին պարում: Այն ընտանիքը, որ շուտ էր հասնում, հէնց վանքի մօտ խփում էր իր վրանը: Ուխտաւորների թիւը բաւական աւելացել էր: Շրջեցի վանքի լրիւ համալիրը:

Վանքը բաւականի վերանորոգման կարիք ունէր: Թաւրիզի առաջնորդարանը բաւականի ուշադրութիւն էր դարձնում այս աշխատանքին:

1972 թ.-ին նորից բախտ ունեցայ մասնակից լինել Սուրբ Թադէի ուխտագնացութեանը: Բաւականի փոփոխութիւն կար. վրանները կարգաւորւել էին ուխտաւորների համար, մանաւանդ դրանց համար, ովքեր հանրակառքով էին վանք գալիս. որոշ ուտելիքներ, խմիչքներ ու սառոյց վաճառւում էր: Ինչպէս միշտ դհոլ-զուռնան անպակաս էր:

Նոյն՝ 1972 թ.-ին վանքում զուգադիպաբար հանդիպեցի իմ ճարտարապետ ընկերոջս՝ Արմէն Հախնազարեանին, որ իր մագիստրոսական թէզը գրում էր, ներկայացնելով Սուրբ Թադէի վանքի մանրամասն պատմութիւնը եւ ճարտարապետութիւնը: Գերմանիայի ճարտարապետական համալսարանից դոկտորական կոչում ստանալուց յետոյ, նա հաստատւեց Երեւանում: Դժբախտաբար կեանքից շատ շուտ հեռացաւ:

Անցան տարիներ, բայց միշտ Սուրբ Թադէի վանքի իրադարձութիւններով հետաքրքրւած եմ եղել:

Տասնեակ տարիներ յետոյ 2005 թ.-ին նորից բախտ ունեցայ գտնւել իմ ծննդավայրում, եւ նոյն առիթով անշուշտ մասնակցեցի Սուրբ Թադէի ուխտագնացութեանը:

Թաւրիզից շարժւեցինք դէպի Ջուլֆա, որտեղ գտնւում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը ու ես ֆիլմ էի վերցնում, որ իմ Գերմանիայի ճարտարապետական համալսարանում մեր վանքերը ներկայացնէի:

Շատ հետաքրքիր միաժամանակ ցաւալի, եւ միջազգային տարողութեամբ դէպք պատահեց Ջուլֆայում. մենք որոշեցինք Արաքս գետի կողքով գնալ դէպի Մաքու, որտեղ գտնւում է Ծոր-Ծորի վանքը, ու ճանապարհից շեղւենք դէպի Սուրբ Թադէի վանք:

Սուրբ Ստեփանոս վանքից մի քանի կիլոմետր չէինք հեռացել երբ վկայ եղանք Արաքսի այն կողմի ափին, որը Նախջեւանն է, ադրբեջանցիները հայկական գերեզմանների խաչքարերը ջարդ ու փշուր էին անում: Ես անմիջապէս ֆիլմ վերցրի ու այդ ֆիլմը սահմանի զինւորների օգնութեամբ ու ես իմ Գերմանական անցագիրս որպէս Գերմանական թղթակից ցոյց տւեցի եւ այդ ֆիլմը յանձնեցինք Իրանի սահմանապահներին: Յաջորդ օրը տարածւեց բոլոր լուրերի ցանցերում: Այս ցաւալի դէպքը Արաքսի իրանական ափից տեսանք մեր աչքերով: Այդ ֆիլմի մէջ էլ կորաւ իմ վերցրաց պատկերները՝ Սբ. Նախավկայի վանք եւ Ծոր-Ծոր կատարած այցերից:

Վերջապէս հասանք Սուրբ Թադէի վանքը եւ տեղաւորւեցինք մեզ համար նախատեսւած վրանում:

Մեծ փոփոխութիւններ էին արւել եւ զգալի էր առաջադիմութիւնը: Ջրի մատակարարումը, զուգարանները, էլեկտրական հոսանքը կարգաւորւել էին, վրանների քանակը շատացել էր եւ աւելի կանոնաւոր էին դարձել, յուշանւէրների վաճառման կրպակները շատ ճոխ դասաւորւել էին: Յիշեցի անցեալ տարիների վիճակը ու ներկայ բարեկարգ դրութիւնը, յատկապէս ներկայի կանաչապատ տարածքը վանքի համալիրում, որը շատ աչքի էր ընկնում եւ ուրախալի էր: Սուրբ պատարագը մատուցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ, այժմ հանգուցեալ՝ Տ. Կորիւն արք. Պապեանը, որը հիւրաբար գտնւում էր Ատրպատականի հայոց թեմում:

Վանքում հանդիպեցի երեք յարգելի անձնաւորութիւնների, որոնց վաղուց ճանաչում էի. ազգային բարերար՝ պարոն Բուբուշ (Համազասպ) Ոսկանեանը, դասընկերս՝ Կարօ Խմչիեանը (մահացած Երեւանում) բարերար՝ Հրայրը, ուրմեցի ոսկերիչ (մահացած Թեհրանում):

Ծանօթ ու ընկեր շատ չտեսայ, բայց այդ 3 օրերը վանքում սոված չմնացինք: Սարերի գլխին մեր ապահովութեան համար հսկում էին Ատրպատականի ապահովական ուժերը:

Նորից անցան մի քանի տարիներ. 2015 թ.-ին Երեւանում հայկական ողիմպիական խաղերի ընթացքում ծանօթացայ մի շարք թաւրիզեցիների: Կարէն Սարգսեանի հետ դաշտային թենիս խաղացինք. ինձ հրաւիրեց Թաւրիզ: 2017 թ.-ին գտնւում էի Հայաստանում: Նախքան Թաւրիզ մեկնելս, 9-րդ անգամ լինելով՝ այցելեցի Արցախ ու այնտեղից ցամաքով Իրան՝ Ջուլֆա ու ապա Թաւրիզ անցայ: Բախտ ունեցայ Նունէ Սարգսեանի ու Կարէն Սարգսեանի հետ շարժւել դէպի Սուրբ Թադէի վանքը:

Վանքում մեզ դիմաւորեց այժմ հանգուցեալ Վիգէնը՝ Նունէի հայրը: Նա մեզ հրաւիրեց իրենց վրանը: Ռեբեկան՝ Նունէի մայրը արդէն սուրճը մեզ համար պատրաստել էր: Կողքի վրանում Հենրիկ ու Նժդիկ Աբրահամեանները խորոված էին պատրաստում ու մեզ հրաւիրեցին միասին ճաշելու:

Ճաշից յետոյ տեղաւորւեցի ինձ համար նախատեսւած վրանում. վանքի կառոյցն էր միայն յայտնի անցած տարիներից...: Համալիրը լրիւ փոխւել էր ու գեղեցկացել. ծառ ու ծաղիկ, կանաչութիւն ամենուր: Պարիսպները վերանորոգւել էին, զանգատունը ամրացւած էր, վանքի նստարանները նորոգւել ու բազմացել, ամէն տեղ մաքրութիւն էր աչքի ընկնում, որը անձամբ ինձ ուրախութիւն ու հպարտութիւն պատճառեց: Սուրբ պատարագը մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարում էր երաժիշտ Վարդան Վահրամեանը:

Երեկոյեան վանքի բակում տեղի ունեցաւ հաճելի ծրագիր՝ հայերի ու օտար հիւրերի համար, որը իմ ուշադրութիւնս շատ գրաւեց: Ծրագիրը սկսւեց Կարէն Սարգսեանի երաժշտութեամբ: Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքը ուղղեց ներկայ հիւրերին եւ բոլոր ուխտաւորներին, խօսելով վանքի ուխտագնացութեան կարեւորութեան մասին: Անահիտ Յակոբեանը համառօտ կերպով բացատրեց ներկայ հայութեան մասին: Ծրագիրը փակւեց Կարէնի երաժշտութեամբ:

Շատ մեծ տպաւորութեամբ ու հիանալի յուշերով վերադարձանք Թաւրիզ ու այս անգամ էլ վանքում, ինչպէս միշտ, սոված չմնացի, քանի որ ես ուտելիք հետս չէի վերցրել: Շատ շնորհակալ եմ իմ սիրելի թաւրիզեցիներից, որոնք ինձ վանքում սիրով հիւրընկալեցին:

Թաւրիզում մէկ երեկոյ ընթրիքի պահին բախտ ունեցայ առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ մօտկից ծանօթանալու, զրուցելով անցեալից ու ներկայից: Սրբազան Հայրը ինձ յանձնեց Ատրպատականի պատմութեան եւ հայկական եկեղեցիների մասին իր գրած ծաւալուն հատորներից:

Այդ օրւանից մինչեւ այսօր, ամէն ամիս կանոնաւորաբար ստանում եմ Գրիգոր Սրբազանի հրատարակած «Արտազ» բովանադակալից ամսագիրը: Գրիգոր արքեպիսկոպոսը Ատրպատականի ամբողջ տարածքում գտնւող հայկական յուշարձանները անձամբ այցելում է եւ մանրամասն ուսումնասիրում, որոնցից շատերը պատմութեան փոշու տակ մնացած լինելով մոռացւել էին արդէն: Իր ուսումնասիրութիւնները մամուլի եւ ապա հատորների միջոցով հրատարակութեան է յանձնում, փաստելով սոյն յուշարձանների հայկականութիւնը եւ փառաւոր անցեալը. աշխատանք, որը ընթերցողի մօտ մեծ յարգանքի ու գնահատանքի զգացում է առաջացնում հեղինակի նկատմամբ:

Արդէն անցել են մի քանի տարիներ, չգիտեմ բախտ կունենա՞մ այս բարձր հասակումս նորից այցելել իմ ծննդավայրը՝ Թաւրիզ, ինչպէս նաեւ Սուրբ Թադէի վանքը, Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը ու Ծոր-Ծորի Սուրբ Աստւածածին վանքը: Ի հարկէ ցանկութիւն կայ, որ Իրանում լինեմ 60 տարուց յետոյ, եւ Սպահանի հայոց թեմի Ս. Ամենափրկչեան վանքում եւս մոմ վառեմ…:

 

ՃՐՏՊ. ՍԱՄՍՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ

Յունիս 2022, Համբուրգ, Գերմանիա

 

Յարակից լուրեր

  • Գնահատանքի երեկոյ Ս. Թադէի ուխտագնացութեան նպաստած բոլոր անհատներին եւ կառոյցներին
    Գնահատանքի երեկոյ Ս. Թադէի ուխտագնացութեան նպաստած բոլոր անհատներին եւ կառոյցներին

    Ուրբաթ, 7 հոկտեմբերի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, նախաձեռնութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմինի, տեղի ունեցաւ գնահատման թէյասեղան, Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան իրենց նպաստը բերած անհատներին եւ կառոյցներին ի պատիւ:

  • Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք
    Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ

    Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, երէկ՝ 25 յունիսի 2022-թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդոլլահնեժադի հետ, նրա գրասենեակում: 

  • Ուխտի սուրբ պատարագ Ս. Թադէի վանքում դռնփակ պայմաններում
    Ուխտի սուրբ պատարագ Ս. Թադէի վանքում դռնփակ պայմաններում

    Շաբաթ, 17 յուլիսի 2021 թ.-ին, Ս. Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի օրը, առաւօտեան ժամը 11-ին, Արտազ գաւառի Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, ներկայութեամբ ազգային իշխանութիւնից մի խումբ անդամների:

  • Ս. Թադէոս Առաքեալի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը այս տարի եւս չի կատարւելու
    Ս. Թադէոս Առաքեալի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը այս տարի եւս չի կատարւելու

    Այսու յայտնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ ինչպէս անցեալ տարի, այս տարի եւս երկրում տիրող կորոնաժահրի պատճառով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տնօրինումով, Ս. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը ՉԻ՛ ԿԱՏԱՐՒԵԼՈՒ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։