Ուրբաթ, 21 հոկտեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 6-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ յատուկ ծրագիր, քաջալերելու համար թաւրիզահայ այն ուսանողներին, որոնք նոր մուտք էին գործել համալսարան:
«alikonline.ir» - Ուրբաթ, 21 հոկտեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 6-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ յատուկ ծրագիր, քաջալերելու համար թաւրիզահայ այն ուսանողներին, որոնք նոր մուտք էին գործել համալսարան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան վարչութեան միջոցով ծրագրւած եւ գործադրւած սոյն հանդիսութիւնը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, ներկայութեամբ համայնքի մտաւորականների, ուսուցիչների, համալսարանաւարտների, համալսարանական ուսանողների եւ ծնողների:
Իրանի քայլերգի երգեցողութիւնից յետոյ, բացման եւ բարի գալստեան խօսքով, վարչութեան անունից սոյն հանդիսութիւնը բացւած համարեց Մեղեդի Մկրտիչեանը, նշելով, որ անցնող երկու տարիներին, բոլորին ծանօթ համաճարակի պատճառով երբ դադարեցւել էին գաղութային ծրագրերը, ստիպողական դադար տրւեց նաեւ սոյն հանդիսութեան: Ուստի, նա ասաց, որ անցած երեք տարիների բացն է լրացւում այսօր, սոյն ձեռնարկով:
Բեմ հրաւիրւեց Թ.Հ.Հ. միութեան վարչութեան ատենապետուհի Անահիտ Յակոբեանը: Նա անդրադառնալով միութեան կողմից անցեալ տարիներին արդէն աւանդութեան վերածւած տարեկան սոյն հանդիսութեան, նշեց, որ 17 թիւը համալսարան մուտք գործողների համար կարող է քիչ թւայ, սակայն դա ամբողջական պատկերն է մեր դպրոցաւարտների, որոնք բոլորն էլ համալսարան մուտք են գործել, տարբեր ճիւղերի հետեւելու նկատակով. «Ուրախ են այն առումով, որ մեր երիտասարդութիւնը ցանկանում է բարձր դիրքերի հասնել: Դա պատւաբեր է բոլորիս համար»:
Անահիտ Յակոբեանը պատմական անդրադարձ կատարեց միութեան հիմնադրութեան, 2000 թւին, յիշելով անունները այն երախտաւորներին, որոնք հիմը դրեցին դրայ, աւելացնելով, որ երկու տարիներ առաջ, եթէ կորոնա ժահրը չյայտնւէր, նպատակադրւել էին միութեան 20-ամեակը նշել մեծ շուքով, սակայն այն վերապահում են 25-ամեակին: Անահիտ Յակոբեանը յոյս յայտնեց, որ նոր համալսարան մուտք գործող ուսանողներով աւելի է աշխուժանալու միութիւնը, նոր խանդավառութիւն բերելով համայնքի կեանքում:
Միութեան անցեալից սկսեալ մինչեւ ներկայի գործունէութեան մասին ժամանակագրական կարգով պատմական անցքերը ներկայացրեց Արաքս Առաքելեանը, յիշելով գաղութի տարբեր տարիքի անձերի համար գործադրւած ծրագրերը, մանուկներից մինչեւ երիտասարդներ եւ տարեցներ: Նրա ներկայացման տպաւորութեան ներքոյ ցուցադրւեցին իրերայաջորդ սահիկներ, քաղցր յուշեր վերաթարմացնելով ներկաների յիշողութեան մէջ: Լուսանկարների սահքի հետ նշմարելի էր տարիների այնքան արագ թաւալքը, որովհետեւ այնտեղ երեւացող անցեալի երեխաները, այսօր համալսարանականներ են արդէն…:
Գնահատանքները յանձնելու համար բեմ հրաւիրւեցին առաջնորդ Սրբազան Հայրը, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը եւ Թ.Հ.Հ. միութեան ատենապետուհի՝ Անահիտ Յակոբեանը: 17 ուսանողներն էին՝ Փոլետ Բենոյեան, Ռագնէթ Սաֆարեան, Փաթրիշիա Դանղեան, Շաղիկ Գէորգեան, Սեւան Թարվերդեան, Նարէ Սայեադեան, Լիլիթ Դանղեան, Անայիս Ալեքսանեան, Թադէ Նազարբէգեան, Ժիրօ Աբրրահամեան, Էջմին Մնացականեան, Թոմիկ Բարոյեան, Շարա Բաղդասարեան, Անդրու Մկրտիչեան, Մեղմիկ Մկրտիչեան, Թադէ Բարոյեան եւ Մոնթէ Դիլանեան:
Միութեան ատենապետուհին խօսք առնելով, յատուկ գնահատանք յայտնեց միութեան հիմնադիր անդամներից Ռիտա Նազարբէգեանին, որ անցած տարիների ընթացքին ամէն ձեւով օգտակար էր հանդիսացել, ազգ. առաջնորդարանի ժրաջան քարտուղարուհի լինելու հետ միատեղ, միութեան աշխատանքներին նպաստելով: Ուստի, նա բեմ հրաւիրեց նրան, միութեան անունից եւ Սրբազան Հօր ձեռամբ յատուկ նւէրի մատուցում կատարելով:
Աւարտին Սրբազան Հայրը իր պատգամը յղեց ներկաներին: Նա առաջին հերթին գնահատեց Թաւրիզի Հայ Համալսարանականների միութիւնը, որ իր ճիշտ առաքելութիւնը իրագործում է, ի մի խմբելով համայնքի ուսեալ տարրին. «Մենք պարծենում ենք մեր համալսարանական ուսանողներով, որոնցից իւրաքանչիւրը իր նախընտրած ճիւղին է հետեւում: Բնականաբար, ինչ որ տեսնում ենք, մեր նոր սերնդից շատերը արդիական ճիւղեր են վերցնում, վստահաբար ապագայում աշխատանքային դաշտ նետւելու համար», ասաց Սրբազան Հայրը, անդրադառնալով նոր սերնդի ուսումնական հետաքրքրութիւններին: Նա բացատրեց տարեկան դրութեամբ տեղի ունեցող սոյն ծրագրին քաջալերական իմաստը, յատկապէս նոր սերնդի համար, որոնք բարձրագոյն ուսման իրենց առաջին քայլերը առած պահին, իրենց կողքին են տեսնում համայնքին, որպէս զօրավիգ եւ քաջալերող: Նա ասաց, որ համալսարանական միութեան նպատակը, մեր ազգի համար ղեկավար տարր պատրաստելն է, որը գիտակից իր կոչման, ծառայութեան լծւի մեր համայնքային կեանքում. «Այլապէս Դիոգինէսի նման, ցերեկ աչքով ման ենք գալու, ղեկավար մարդ գտնելու համար»,- շեշտեց Սրբազան Հայրը:
Սրբազան Հայրը յատկապէս ասաց. «Մենք բոլորս կոչւած ենք իրար օգնելու: Սակայն կեանքը միշտ այսպէս չէ: Դժւար օրեր ենք ունենում, տարբեր պատճառներով տագնապի ենք մատնւում, դժբախտութիւններ են պատահում մեր շրջապատում, կորցնում ենք մեր գործը, մեր պաշտօնը: Սակայն միշտ սովորելու ենք փառք տալ Աստծուն, մեր եղածի համար, այս պահւան համար, երբ ողջ ենք, առողջ ենք եւ մանաւանդ երբ յառաջատեսիլ հայեացք ունենք: Երիտասարդ ենք եւ կեանքը մեր առջեւում է դեռ: Սակայն, երեք տեսակի մարդկանց երբեք չենք մոռանալու մեր կեանքում. ա) Նրանց ովքեր օգնեցին մեզ մեր դժւար պահերին, բ) Նրանց ովքեր լքեցին մեզ, երբ դժւարութեան մէջ էինք, եւ գ) Նրանց՝ ովքեր մեզ գցեցին այդ դրութեան մէջ»,- ասաց Սրբազան Հայրը, միշտ յորդորելով երախտապարտ լինել, իրենց կազմաւորման ընթացքին նպաստած բոլոր հաստատութիւններին, կրթական ֆոնդերին, դասախօսներին եւ խորհրդատու անձնաւորութիւններին:
Հանդիսութեան ընթացքին, միութեան անդամներ թէյով եւ խմորեղէնով հիւրասիրեցին ներկաներին, իսկ աւարտին հաճելի զրոյց տեղի ունեցաւ հանդիսականների միջեւ, կլոր սեղանների շուրջ համախմբւած: