Հա

Համայնք

15/01/2023 - 12:30

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը ս. պատարագով եւ համագիւղական տօնախմբութեամբ նշւեց Ռահւա գիւղում

Ուրբաթ, 13 յունւարի 2023 թ.-ին սուրբ պատարագով, աւանդական ջրօրհնէքով եւ ժողովրդական ճաշկերոյթով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով դիմաւորւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների, ինչպէս նաեւ գիւղի ժողովրդի կողմից: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 13 յունւարի 2023 թ.-ին սուրբ պատարագով, աւանդական ջրօրհնէքով եւ ժողովրդական ճաշկերոյթով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով դիմաւորւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների, ինչպէս նաեւ գիւղի ժողովրդի կողմից: Առաջնորդ Սրբազան Հայրը եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց, իսկ խորանին սպասարկեցին արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ սարկաւագաց դասը: Պատարագի երգեցողութիւնը կատարեց Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ-խմբավար Վարդան Վահրամեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. պատարագին, հաւատացեալների շարքում ներկայ գտնւեցին Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Գործակալական խորհրդի անդամներ, ինչպէս նաեւ հաւատացեալներ հարեւան Գեարդաբադ գիւղից, Ուրմիայից եւ մինչեւ իսկ Թաւրիզ քաղաքից, հակառակ մառախլապատ եւ ձիւնաբեր եղանակին:

«Հայր Մեր»-ից անմիջապէս առաջ, Սրբազան Հայրը իր պատգամը տւեց ներկայ հաւատացեալ ժողովրդին, մեծ յոյս ներշնչելով գիւղում բնակւող հայութեան, յատկապէս աշխարհացունց դէպքերի եւ մեր ազգի ու հայրենիքի կեանքը յուզող այժմեան իրադարձութիւնների լոյսի տակ:

Աստծու յայտնութեան խորհուրդը մեկնաբանելով, Սրբազան Հայրը շեշտեց աշխարհում խաղաղութեան մեծ բացի երեւոյթը, որի վերահաստատումը մարդկային ուժերից վերեւ է. «Միայն խաղաղութեան Իշխանը կարող է փափկացնել մարդկանց խիղճը, տարածել սէր ու հաշտութիւն նրանց միջեւ, այլապէս երեւակայական ու անիմաստ ջանքեր են համարւելու կատարւած աշխատանքները: Մարդկանց սիրտը չարի տիրապետութեան տակ է գտնւում: Սովորական ընտանիքներից սկսեալ մինչեւ պետութիւններ, միշտ հողային անկուշտ պայքարների մէջ են, մի քանի կիլոմետր աւելի տարածք նւաճելու, այլոց պապենական հողերին տիրանալու անվերջ մոլուցքով: Սակայն խաղաղութեան Իշխանը երբ թագաւորի, Նա միայն կարող է բոլորին հասկացնել նիւթի ժամանակաւոր լինելը, եւ հոգու եւ երկնային թագաւորութեան անմահ ու յաւերժական բնոյթը»,- ասաց Սրբազան Հայրը:

Իր պատգամի վերջին բաժնում, Սրբազան Հայրը յորդորեց գիւղի բնակչութեան, սրտագին աղօթք բարձրացնել առ Աստւած, յատկապէս Յիսուսի Մկրտութեան սուրբ խորհրդի պահին, որ Աստւած իրօք յայտնւի մեր ազգի ու հայրենիքի կեանքում, դուրս բերելով մեզ բոլորիս ներկայի անել դրութիւնից:

Ջրօրհնէքից առաջ, գիւղի հոգաբարձութեան անունից, Կարէն Մկրտիչեանը յայտարարեց օրւայ խաչքաւորի անունը, որ վիճակահանութեան շնորհիւ վիճակւեց Սարգիս Շամսաբադեանին:

Ս. պատարագից անմիջապէս յետոյ, Սրբազան Հայրն իր ընկերակիցներով այցելութիւն տւեց հայոց եկեղեցու հարեւանութեան մէջ գտնւող ասորական Ս. Գէորգ եկեղեցին, որտեղ կատարւեց կանոնական աղօթք, մէկ բակում գտնւող զոյգ համայնքների սերտ ու համերաշխ համագործակցութիւնը առաւել եւս ամրապնդելով:

Ս. Աստւածածին եկեղեցու Հոգաբարձութիւնը եւ Խնամակալ մարմինը եկեղեցու կողքի սրահում (որը նախապէս գիւղի հայոց դպրոցն էր եղել), ճաշկերոյթով պատւեցին ներկայ հաւատացեալ ժողովրդին: Գեղարւեստական սրտաբուխ ծրագրին մասնակցեցին ձայնաւոր անհատներ Ռահւա գիւղից, Ուրմիայից եւ Թաւրիզից, ինչպէս գիւղի աշուղ Հայկազ Խոշբախտեանը, երաժիշտ Սերժիկ Ամիրանեանը, դոկտ. Յովիկ Գալստեանը, Ռեբեկա Սարգիսեանը, Միրօ Աբրահամեանը, «Կոմիտաս» երգչախմբի անդամ-անդամուհիներ եւ հիւրեր: Բոլոր երգողներին երգեհոնով ընկերակցում էր վարպետ երգեհոնահար Կարէն Սարգիսեանը:

Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց բոլորին՝ Հոգաբարձութեան, Խնամակալ մարմնին, Ուրմիայի Գործակալական խորհրդին, ազգային իշխանութեան անդամներին եւ բոլոր բարերարներին, որոնք կանգուն են պահում գիւղի հայկական կեանքը: Այս առիթով Սրբազան Հայրը նւէրներ բաշխելով պարգեւատրեց եկեղեցու հոգաբարձութեան ատենապետ Համօ Մկրտիչեանին, աշուղ Հայկազ Խոշբախտեանին եւ Խնամակալ մարմնի ատենապետուհի Նազիկին: Սրբազան Հայրը յատկապէս գնահատեց գիւղի աւագանիի անդամ Նաթօ Չարլույեանին:

Այս առթիւ իր տւած պատգամում, Սրբազան Հայրը անդրադարձաւ մեր ազգի դժւար ներկային, եւ օրւայ ծրագրի միասնական ու սիրոյ մթնոլորտից օրինակ քաղելու կոչ ուղղեց բոլորին. «Մեր ժողովրդի ներկայ դրութիւնը պատճառ հանդիսացաւ որ մեզանից իւրաքանչիւրը, ընկերային ցանցերի վրայ իր գոյնը ցուցադրի: Ոմանք հայհոյանքներով ու անվայել խօսքերով անարգական արտայայտութիւններ արձանագրում են, ուրիշներ յանցաւորներ են փնտռում, ոմանք իրենք իրենց ուրիշներից աւելի իմաստուն ու խոհեմ են համարում, ոմանք զինւորական մեծ փորձառութիւն ունեցողներ իբրեւ ներկայանում են հանրութեան: Մի խօսքով ամէն ոք իր ուզածն է արտայայտում, առանց անդրադառնալու, որ բաժան-բաժան ենք լինում, փոխանակ թշնամու դէմ միասնական ճակատով ներկայանալու: Մենք մեզ աւելիով ենք տկարացնում, ու զւարթացնում թշնամուն…: Այսօրւայ մեր այս համեստ սրահում իրագործած համեստ ծրագիրը, սիրոյ եւ միասնականութեան հարթակի վրայ կանգնած, թող օրինակ հանդիսանայ մեզ, եւ բոլորին»,- ասաց Սրբազան Հայրն, ուշքի գալու կոչ ուղղելով բոլորին:

Իր բարեգալստեան խօսքով եւ օրւայ սեղանապետութեամբ, ծրագիրը ճոխացրեց գիւղի աւագանիի անդամ Սամուէլ Բադալեանը: Նշենք, որ Սրբազան Հայրը 12-րդ անգամ լինելով Ս. Ծննդեան պատարագ է մատուցում Ռահւա գիւղում, իր օրհնանքը բաշխելով հաւատացեալներին:

Եկեղեցու Հոգաբարձութեան կազմակերպութեամբ ամէն տարի սուրբծննդեան յաջորդող շաբաթւայ ուրբաթ օրը Ռահւա գիւղում տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնը հոգեպէս վերանորոգում է գիւղի հայութեանը, առաւել եւս ամրացնելով նրանց մէջ մեր ազգին եւ եկեղեցուն պատկանելու սրբազան զգացմունքը:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/80636-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIddb4def03d1

Յարակից լուրեր

  • Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում
    Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում

    Ազգային տօներերն ու աւանդոյթները դարերից ի վեր Ատրպատականի հայոց թեմում հաւատարմութեամբ պահպանւել են, իսկ թեմի տարբեր գաւառներից եւ գիւղերից դէպի քաղաքներ տեղափոխւած ժողովրդի միջոցով առաւել եւս ճոխացել են դրանք: Իւրաքանչիւր գաւառում նոյն տօնի կամ առիթի համար կազմաւորւած աւանդոյթները իւրայատուկ գունաւորում են տւել առիթին, որը ցարդ շարունակում է կոփել նոր սերնդի կապւածութիւնը ազգային-եկեղեցական կեանքին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Խնամակալ մարմնի դիւանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Խնամակալ մարմնի դիւանին

    Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի դիւանը, գլխաւորութեամբ ատենապետուհի Էմմա Յարութիւնեանի, երկուշաբթի 6 մարտի 2023թ.-ին հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ: 

  • Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները
    Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները

    Խոյ քաղաքի վերջին երկրաշարժը տեղի ունեցաւ 28 յունւարի 2023-ին, 5.9 մագ. ուժգնութեամբ: Դրանից մի քանի օրեր անց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հեռախօսային կապ հաստատեց Խոյի Մշակութային ժառանգութեանց հիմնարկի տնօրէնի հետ եւ տեղեկացաւ քաղաքում եւ շրջակայ գիւղերում թեմապատկան եկեղեցիների եւ մշակութային այլ ժառանգութեանց իրավիճակի մասին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Արեւմտեան Ատրպատական նահանգ կատարած պաշտօնական այցելութեանը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Արեւմտեան Ատրպատական նահանգ կատարած պաշտօնական այցելութեանը

    Ուրբաթ, 24 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի Արեւմտեան նահանգի Նաղադէ գիւղաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ձեռամբ բացումը կատարւեց այն ջրափապուղու, որը Ուրմիայի լճի փրկութեանն է նպաստելու, նոր ջուր հոսեցնելով դրա չորացման վտանգի ենթակայ սահմանագծում: 

  • Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում
    Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում

    Բուն Բարեկենդանի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը, 22 փետրւարի 2023թ.-ին, մեր եկեղեցական օրացոյցի տւած հրահանգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում սկսւեցին Մեծի պահոց քառասնօրեակի ժամերգութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։