Ուրբաթ, 24 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի Արեւմտեան նահանգի Նաղադէ գիւղաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ձեռամբ բացումը կատարւեց այն ջրափապուղու, որը Ուրմիայի լճի փրկութեանն է նպաստելու, նոր ջուր հոսեցնելով դրա չորացման վտանգի ենթակայ սահմանագծում:
«alikonline.ir» - Ուրբաթ, 24 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի Արեւմտեան նահանգի Նաղադէ գիւղաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ձեռամբ բացումը կատարւեց այն ջրափապուղու, որը Ուրմիայի լճի փրկութեանն է նպաստելու, նոր ջուր հոսեցնելով դրա չորացման վտանգի ենթակայ սահմանագծում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Երկրի ուժանիւթի նախարարի, Ատրպատականի Արեւմտեան շրջանի նահանգապետի, Ուրմիայի լճի Փրկութեան կոմիտէի Ընդհ. քարտուղարի, ուրբաթօրեայ աղօթապետի եւ այլ բարձրաստիճան մուսուլման եւ քրիստոնեայ կրօնաւորների եւ պետական պաշտօնեաների շարքին, նախագահի դիմաւորման եւ հանդիպման ներկայ գտնւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Սրբազան Հօրն ընկերակցում էր Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանսը: Ասորական համայնքից ներկայ էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Իլիուշ քահանայ Ազիզեանը:
«Քանի սիբ» ամբարտակից, մէկ կիլոմետր երկարութեամբ կառուցւած ջրափապուղու կառուցումը արժել էր 35 հազար բիլիոն ռիալ, (շուրջ եօթանասուն միլիոն ԱՄՆ դոլար), նպատակ ունենալով փրկել աշխարհի քարտէզում դարերով գոյութիւն ունեցած Ուրմիայի լիճը, որը մեծաւ մասամբ չորացած պատկեր է ներկայացնում այժմ:
Նախագահ Ռէյիսին ուղղաթիռով ժամանեց ամբատակի վրայ նորաշէն ջրափապուղու վայրը, եւ բացման հանդիսութեան համար կառուցւած յատուկ սրահում դիմաւորւեց պաշտօնական հրաւիրեալների կողմից: Հին Հայաստանի բոլոր քարտէզներում երեւացող Ուրմիայի լճի նկատմամբ զգացական իւրայատուկ յուզմունքով, Սրբազան Հայրը մասնակցեց հանդիսութեան, որի ընթացքին խօսք առնողները վեր հանեցին աստւածային բնութեան հանդէպ մարդ արարածի իրագործելիք բծախնդիր մօտեցումը:
Երկրի նախագահը նախորդ կառավարութեան օրով սկսւած աշխատանքը գնահատելով, մանրամասն անդրադարձաւ գործի ընթացքին եւ յաջողութեան, որի հետեւանքով 300 միլիոն խորանարդ ջուր ընդմիշտ հոսելու է լճի մէջ, վերակենդանացնելով այն:
Իր խօսքի երկրորդ մասում, նախագահ Ռէյիսին Ատրպատականի Արեւելեան եւ Արեւմտեան նահանգների բոլոր քաղաքների զարգացման հիմք համարեց հիւսիսային շրջանի մէջ, համաերկրացիների սէրն ու միասնութիւնը, առանց նկատի ունենալու ազգութիւնների, ցեղերի եւ կրօնների տարբերութիւնը, որը ապահովութեան խաղաղ միջավայրում բարգաւաճման առիթ է հանդիսանում: