Հա

Համայնք

28/07/2013 - 10:45

Երիտասարդութիւնը, որպէս հասարակութեան զգայուն խաւ եւ ապագայի ջահակիր, միշտ ուշադրութեան կենտրոն է եղել, եւ նրա առջեւ ծառացած դժւարութիւնների փարատման համար՝ ոչ միայն ընտանիքները, այլեւ պատասխանատու անհատներն ու պետական պաշտօնատարները փորձել են գտնել ամենաիրատեսական ելքերը, այն համոզումով, որ առողջ սերունդը կենսական նշանակութիւն է ունենալու հասարակութեան գոյատեւման եւ բարգաւաճման գործում:

alt

Սպահանի հայոց Թեմական խորհուրդը ազգային մարմինների եւ երիտասարդների միջեւ կապերը աշխուժացնելու, ազգային կեանքին նրանց հաղորդակից դարձնելու, երիտասարդների բարոյա-հոգեբանական, կրթական, աշխատանքային եւ կենցաղային այլ խնդիրներին առաւել ծանօթանալու ու դրանց վերացման համար թեմի երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ ծրագրերում գործնական միջոցներ խորհելու նպատակով՝ 2012 թւականի յուլիսին, կեանքի է կոչել Երիտասարդական խորհուրդ, որին անդամակցում են թեմի եիրտասարդական կառոյցներ՝ «Ռուբէն» Երիտասարդական միութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի ներկայացուցիչները, Շահինշահրի հայ համայնքի ներկայացուցիչը եւ Թեմական խորհրդի կողմից նշանակւած անհատներ:
Սոյն խորհրդի անդամներէն են՝ Աբրահամ Յովսէփեանը, Մանէ Թահմազեանը, Նարբէյ Ջարդն Դաւուդը, Սելին Ղարիբեանը, Ռուբէն Մինասեանը, Դուրան Տէր-Յովհաննիսեանը, Նարեկ Խաչիկեանը, Սարիկ Ղազարեանը եւ Սանասար Թահմազեանը:
Երիտասարդական խորհուրդը կեանքի կոչւելու առաջին պահերից ստանալով Թեմական խորհրդի նախատեսութիւնները՝ անմիջապէս անցաւ աշխատանքի, իր տրամադրութեան տակ ունենալով նաեւ նախկինում երիտասարդների հարցերով զբաղւող յանձնախմբի կողմից առաջարկւած փաթեթը: Յատկանշական է, որ երիտասարդների հարցերով զբաղւող յանձնախումբը նոյնպէս ժամանակին կեանքի էր կոչւել՝ երիտասարդութեան խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Իսկ որպէս առաջնահերթ աշխատանք՝ խորհուրդը կատարելով Թեմական խորհրդի յանձնարարութիւնը՝ զբաղւեց զբօսաշրջիկութեան գործակալութեան ընդհանուր ծրագրի ուսումնասիրութեամբ՝ Նոր Ջուղայի տեսարժան վայրերում մեծաթիւ այցելուներ ապահովելու նպատակով: Մասնագիտական ու լուրջ ուսումնասիրութիւններից յետոյ, օգտւելով «Մշակութային ժառանգութիւն» կազմակերպութեան մասնագէտների խորհուրդներից, կազմւեց համապատասխան ծրագիր, որը յանձնւել է Թեմական խորհրդին՝ առ ի հաստատում: Խորհրդի ներկայացուցիչները զբօսաշրջիկութեան ոլորտին առաւել ծանօթանալու նպատակով՝ 2012 թւականի սեպտեմբերին Թեհրանում մասնակցելով Պետական ռադիօ-հեռուստաընկերութեան միջազգային համագումարների կենտրոնում կայացած «Զարգացող երկրների զբօսաշրջիկութիւնը» թեմայով համագումարին՝ օգտաշատ տեղեկութիւններ ձեռք բերեցին այս առնչութեամբ:
Անցնող ժամանակաշրջանում Երիտասարդական խորհուրդն մօտկից ուսումնասիրելով հայոց ազգային դպրոցներում առկայ մի շարք դժւարութիւններ՝ դրանց լուծման ուղղութեամբ իր առաջարկած փաթեթը նոյնպէս փոխանցել է Թեմական խորհրդին՝ համապատասխան մարմնին տրամադրելու համար:
Ծրագրւել է նաեւ պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ թեմի երիտասարդների հետ՝ նրանց մտահոգող խնդիրները քննարկելու նպատակով: Եւ այս ուղղութեամբ խորհրդի առաջին հանդիպումը կայացաւ 2013 թւականի փետրւարի 19-ին, որին հրաւիրւել եւ ներկայ էին՝ Շահինշահրի եւ Նոր Ջուղայի միութիւնների ու երգչախմբերի երիտասարդ վարչականները եւ անդամները: Սոյն հանդիպման ընթացքում նախ տեղեկութեան կարգով ներկաներին զեկուցւեց խորհրդի կատարած աշխատանքները, այնուհետեւ երեկոն ընթացաւ մտքերի փոխանակմամբ եւ ներկաներն իրենց տեսակէտներն ու առաջարկները փոխանցեցին կրթական ու աշխատանքի ոլորտների եւ ազգային իշխանութեան կապակցութեամբ: Այս խորհրդակցական հանդիպման առաջարկները խորհրդի ապագայ ծրագրերի մշակման հիմքն են հանդիսացել:
Ուժ ու կորով ենք մաղթում Երիտասարդական խորհրդի անդամներին եւ լիայոյս ենք, որ ուսումնասիրւած ու կառուցողական ծրագրի միջոցով՝ բարձրագոյն ուսում ստանալու եւ բազմակողմանի զարգանալու լայն ենթահող ստեղծւի թեմի երիտասարդների համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։