Հա

Համայնք

21/05/2012 - 11:09

altՆախաձեռնութեամբ «Թադէոս Թադէոսեան» Պատանե-կան միութեան, ուրբաթ, մայիսի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը, Տ. Անանիա վրդ. Գուճանեանի միջոցով հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ ազգային- կուսակցական գործիչ Թադէոս Թադէոսեանի եւ նրա զինակիցների յիշատակին:

Գաղափարական նւիրեալ Թադէոս Թադէոսեանը ծնւել էր 1881 թւականին՝ Հայաստանում: Նա եղել է Հ. Յ. Դաշնակցութեան անդամ եւ մասնակցել է Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսական ճակատամարտերին: Հետագայում անցնելով Իրան՝ Թաւրիզում լծւում է կուսակցական եւ ազգային գործունէութեան, որից յետոյ հրաւիրւում է Նոր Ջուղա եւ որպէս հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչ՝ ծառայում է տեղի հայոց դպրոցներում: Եղել է նաեւ Սպահանի Պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի դասախօս: Թադէոսեանը 1933 թւականին կուսակցութեան որոշմամբ՝ մեծ ջանք գործադրեց շրջանի Պատանեկան միութեան հիմնադրման եւ կազմակերպման ուղղութեամբ, որն իր ակտիւ գործունէութիւնն է ծաւալում մինչ այսօր: Ազգային-կուսակցական անխոնջ գործիչ Թադէոս Թադէոսեանը իր մահկանացուն կնքել է 1975 թւականի ապրիլի 7-ին, Նոր Ջուղայում, 94 տարեկան հասակում:
Մայիսի 4-ին Պատանեկան միութեան անդամները եւ նրանց պատասխանատուները բոլորւելով միութեան հիմնադիր Թադէոս Թադէոսեանի շիրիմի շուրջ՝ ծաղիկներ մատուցեցին նրա շիրիմին եւ աղօթեցին անխոնջ գործչի եւ նրա գաղափարակից ընկերների հոգու խաղաղութեան համար:

alt

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը յաւուր պատշաճի այսպէս արտայայտւեց. «Սիրելի պատանիներ, այսօր մենք մեր յարգանքի նւազագոյն տուրքն ենք մատուցում այնպիսի գործիչների, որոնք մեր կեանքի, առաքելութեան եւ ծառայութեան սկիզբն են հանդիսացել: Նրանք ոչ միայն ազգային, այլեւ՝ հաւատքի գործիչներ են: Հաւատք՝ յեղափոխութեան, պայքարի եւ մտքի նկատմամբ: Այս օրը թող սովորական օր չլինի ձեզ համար, քանի որ նրանք ձեզ փոխանցել են նոր ուժեր: Դուք նրանց փոխանցած շղթայի նոր կապանքներն էք, որը պէտք է շարունակեք նրանց նւիրական գործը եւ յիշէք ազգին նւիրեալների պատգամը մեզանից իւրաքանչիւրին այն է, որ շարունակենք իրենց առաքելութիւնը, ծառայութիւնը եւ պայքարը»:
Այնուհետեւ հնչեց Տէրունական աղօթքը, որից յետոյ ներկաները խնկարկեցին շիրմաքարը:
Արարողութեան աւարտին միութեան պատանիների միջոցով հնչեցւեց «Թիկունքդ լայն» յեղափոխական երգը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։