Հա

Համայնք

04/05/2014 - 10:30

Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարանում բանախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Նոր Ջուղայի «Կատարինեան» դպրոցի պատասխանատուների եւ աշակերտութեան նախաձեռնութեամբ

Երեկոն սկիզբ առաւ ուսուցչուհի Սօսէ Պօղոսեանի ողջոյնի խօսքով, ով ստանձնել էր միջոցառման հաղորդավարութիւնը։ Այնուհետեւ յանուն դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի՝ արտայայտւեց փոխտեսուչ Ռուբէն Գրիգորեանը։ Նա նոյնպէս ողջունելով ներկաներին կարեւորութեամբ նշեց, թէ հայ աշակերտը պէտք է լաւագոյնս գիտակցի իր սեփական ժողովրդի ողբերգութիւնը, պէտք է տեղեակ լինի թշնամիների կողմից ստեղծւած սպառնալիքներին ու դրանց դէմ պայքարելու միջոցներին:

Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի շարանում նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգային «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ աշակերտութեան, երեքշաբթի, ապրիլի 22-ի երեկոյեան ժամը 7-ին, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական երեկոյ, որին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, հիւրաբար Նոր Ջուղայում գտնւող Անթիլիասի դպրեվանքի փոխտեսուչ Տ. Թորգոմ վրդ. Տօնոյեանը, Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, ազգային մարմինների, Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, ծնողներ ու աշակերտներ։
140504d01bԵրեկոն սկիզբ առաւ ուսուցչուհի Սօսէ Պօղոսեանի ողջոյնի խօսքով, ով ստանձնել էր միջոցառման հաղորդավարութիւնը։ Այնուհետեւ յանուն դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի՝ արտայայտւեց փոխտեսուչ Ռուբէն Գրիգորեանը։ Նա նոյնպէս ողջունելով ներկաներին կարեւորութեամբ նշեց, թէ հայ աշակերտը պէտք է լաւագոյնս գիտակցի իր սեփական ժողովրդի ողբերգութիւնը, պէտք է տեղեակ լինի թշնամիների կողմից ստեղծւած սպառնալիքներին ու դրանց դէմ պայքարելու միջոցներին: Դպրոցի փոխտեսուչն իր խօսքի աւարտին յատուկ շնորհակալական խօսք ուղղեց 99-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբին՝ ձեռնարկի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցութեան համար։
Այնուհետեւ բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը։ Հայր Սուրբն անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ուրացող եւ խեղաթիւրող քաղաքականութեանը՝ ասաց. «Պէտք է դադար տալ պատմութեան ծաղրանկարային մեկնաբանութեան, զաւեշտին։ Արեւմտահայաստանը քերծւած է, մնացել են աւերակ յուշարձաններ, խաչքարեր՝ հողի կամ բուսնած խոտի եւ տատասկի տակ, մնացել են նաեւ կրօնափոխ եղած հայի բեկորներ՝ ստոյգ մահից փրկւելու համար։ Այս վերջինները տեսանելի եւ ապրող ԻՍԿԱԿԱՆ վկաներ են՝ ուղեղ չարչարելով փաստերի փնտրտուքից առաջ եւ վերջ»։

140504d01a

Բանախօսութեան մի այլ բաժնում Հայր Սուրբը կարեւորութեամբ նշեց. «Կարո՞ղ ենք արդեօք հայոց հայրենահանման եւ ցեղասպանութեան 100-րդ տարելիցը դարձնել համամարդկային կարգախօս՝ պաշտպանելու համար ոչ միայն հային, հայութիւնը, այլեւ մարդկութիւնը եւ կեանքը։ Շատ ենք սիրում եւ յաճախ գործ ենք ածում ճառ զարդարող «մարտահրաւէր» բառը։ Հայկական պզտիկ համարւող հարցը կարո՞ղ ենք միջազգայնացնել եւ դարձնել համամարդկային տեսիլքի մեկնակէտ։ Սա լինելու է իսկական մարտահրաւէր՝ մարդկութեան եւ մեզ համար։ Այս անելու համար հարկ է դուրս գալ թաղամասային-գաւառական ինքնագոհութեան խցիկից եւ ասել, որ անպատիժ մնացած ոճիր կամ ցեղասպանութիւն՝ հրաւէր է նոր ոճիրների համար»։

140504d01c

Ձեռնարկի երկրորդ բաժնում տեղ էր գտել գեղարւեստական յայտագրով յագեցած մի ծրագիր, որն իրականացւեց դպրոցի աշակերտների, համայնքի մի խումբ երիտասարդ-երիտասարդուհիների եւ «Ասուպ» նւագախմբի համագործակցութեամբ։ Սոյն բաժնում ասմունքով հանդէս եկան աշակերտներ՝ Գէորգ Մովսիսեանը, Միրօ Ղազարեանն ու Մենուա Յովսէփեանը, իսկ հայրենասիրական երգերի կատարմամբ՝ Կարէն Խանլարեանը, Վեհանուշ Խուդաբախշեանը, Փարելի Թահմազեանը եւ Անասիկ Յովսէփեանը։ Կենդանի երաժշտութեամբ երգիչներին ընկերակցում էին դուդուկահար Կարէն Խանլարեանը եւ «Ասուպ» նւագախմբի անդամներ՝ Վահէ Կարապետեանը, Կարէն Դիլանչեանը, Ադրիան Դաւթեանը, Դրօ Տէր-Մարտիրոսեանը եւ Սերօ Տէր-Մարտիրոսեանը։ Սոյն բաժնի ընթացքում հնչեց նաեւ վերոնշեալ նւագախմբի հեղինակային երաժշտութիւններից մէկը։

140504d01d

Ծրագրի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին։ Նա բարձր գնահատելով ամբողջութեամբ երիտասարդների միջոցով իրականացւած ձեռնարկը, յայտնեց. «Այսօր պէտք ունենք նման գիտակից եւ յանձնառու երիտասարդների, որպէսզի կարողանան միջազգային բեմերի վրայ մեր ժողովրդի իրաւունքները պաշտպանել եւ հայեացքը դարձրած դէպի Արեւմտեան Հայաստան՝ պայքարեն, մինչեւ վերստին Արարատը դարձնեն մեր ժողովրդի սեփականութիւնը»:

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։